Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի չզեկուցվող նախագծերի թվում ընդգկված էր նաեւ ««Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Նախագիծը կառավարության նիստում ընդգրկված էր ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի առաջարկով:

 

Նախագծով մասնավորապես կանոնակարգվում է ՀՀ քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու եւ Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները: ArmLur.am-ը նախագծի հիմնավորումից տեղեկանում է, որ  անչափահասների մասով հստակ եւ ամբողջական օրենսդրական կարգավորում այժմ առկա չէ, բացի այդ, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ելքի թույլտվություն տալու գործընթացը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաեւ այլընտրանքային ծառայության ընթացքում ծառայողների՝ Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարցերը:

Ե՞րբ կարող է սահմանափակվել ՀՀ քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետությունից ելքը: Մասնավորապես, եթե՝

1) քաղաքացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության մեջ է գտնվում,

2) հայտարարվել է զորահավաք, եւ քաղաքացին զորակոչվել է զորահավաքային զինվորական ծառայության, կամ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացին չունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմնի զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության՝ իր զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման կողմից տրված, ՀՀ-ից մեկնելու թույլտվություն,

3) քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել է խափանման միջոց մինչեւ ընտրված խափանման միջոցի վերացումը: Խափանման միջոցի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինն անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից թույլատրում է սահմանափակում նախաձեռնող (կիրառող) մարմնի կողմից ընտրված խափանման միջոցի վերացման մասին սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում համապատասխան գրառման առկայության դեպքում,

4) քաղաքացին դատապարտվել է հանցագործություն կատարելու համար՝ մինչեւ հիմնական պատժի կրման ավարտը կամ օրենքով սահմանված կարգով պատժից ազատվելը (բացառությամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակումը որպես հիմնական պատիժ նշանակված լինելու դեպքերի),

5) քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից ելք կատարելիս չի ներկայացրել սույն օրենքի 10.2-րդ եւ 11.1-ին հոդվածներով պահանջվող փաստաթղթերը կամ ներկայացրել է անվավեր փաստաթղթեր, կամ փաստաթղթերի ստուգման արդյունքում հիմքեր կան ենթադրելու, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ չեն պատկանում այն ներկայացնողին,

6) 16 տարին չլրացած երեխայի ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից մեկի հայցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել է երեխայի ելքը Հայաստանի Հանրապետությունից,

7) նրա նկատմամբ՝ որպես հետախուզվող պարտապան, հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից կայացվել է ելքի իրավունքը սահմանափակելու վերաբերյալ որոշում,

8) նա հանցանք կատարելու կասկածանքով հետապնդվում (որոնվում) է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող կամ քրեական հետապնդման մարմնի կողմից փախուստը կանխելու ու տաք հետքերով հանցանքը բացահայտելու նպատակով,

9) քաղաքացին՝ որպես մեղադրյալ (ամբաստանյալ), հետախուզվում է:

Միաժամանակ, նախագծով սահմանվել են այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից պարտադիր զինվորական ծառայության ընթացքում թույլատրվում է զինծառայողի ելքը Հայաստանի Հանրապետությունից:

Օրենքն ընդունվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում կառավարության որոշմամբ կնախատեսվեն նաեւ զինծառայողների եւ այլընտրանքային ծառայության իրականացումը կազմակերպող եւ վերահսկող պետական մարմնի կողմից ելքի թույլտվություն տալու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերը:

Ն.Հ.

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2021թ. հունվարի 3-ին Արմավիրի մարզի 62-ամյա բնակիչը  Նալբանդյան գյուղում գտնվող տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նշված տան տիրոջ եւ վերջինիս որդու հետ: Վիճաբանության ընթացքում տղամարդը դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է տանտիրոջ որովայնի հատվածին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

1580 ՔՐԳՈՐԾ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի առնչությամբ ՀՀ եւ ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ավելի քան 1580 քրեական գործերով  628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում նաեւ բաձրաստիճան սպաներ։ Այս մասին տեղեկացրել են  Գլխավոր դատախազությունից: Ինչպես քանակական, այնպես էլ բովանդակային առումով ահռելի ծավալներ ունեցող այս քրեական գործերի քննություններն իրականացվում են մի քանի հիմնական ուղղություններով՝ զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հանցավոր  խախտումներ,  պատերազմից առաջ եւ դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների ձեռբերման ընթացքում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրում, ռազմավարական ու մարտավարական մակարդակներում Զինված ուժերի, դրա առանձին ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, իրականացման ընթացքում հանցավոր թերացումներ, կոնկրետ իրավիճակներում հրամանատարության կողմից տրված հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերի, դրանց պատճառների եւ հետեւանքների պարզում:

 

 

 

ՄԻՊ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նաեւ միջազգային կառույցների լռությունն է բերել մարդու իրավունքների խախտումների այդ ծավալին: ՄԻՊ-ը նման տեսակետ է հայտնել ԱԺ-ում՝ անդրադառնալով  ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանի հարցին: «Ցավոք, պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռությունը նաեւ բերեց մարդու իրավունքների խախտումների այդ ծավալի: Ադրբեջանը միշտ տարել է Արցախը մեկուսացնելու քաղաքականություն: Ես միջազգային կառույցներին բաց ասում եմ, որ իրենց լռությունն էր, որ բերեց սրան, քանի որ իրենք իրենց լռությամբ խաթարեցին մարդու իրավունքների հեղինակությունը՝ այդ թվում խնդիրներ առաջացնելով իմ աշխատանքում:

Հիմա ինչ, ստացվում է՝ քաղաքացին պարզ հասկացավ, որ  պատերազմը, զինված հարձակումը դադարեց ոչ թե նրա համար, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը դա դադարեցրեց, այլ որ քաղաքական կոնկրետ ճանապարհներով էր լուծվում խնդիրը»,- ասել է Թաթոյանը՝ նկատելով, որ մարդու իրավունքների կառույցները հետ էին քաշվել, եւ ամբողջ հարցը քաղաքական տիրույթում էր: «Օրինակ՝ հարց՝ հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի կազմակերպություն Արցախ չի այցելում»,- նշել է նա:

Թաթոյանն ընդգծում է՝ միջազգային կառույցներն իրենց պահվածքով վնասել են մարդու իրավունքների համակարգը: «Լինելով միջազգային կառույց՝ պարտավոր եք մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ լիարժեք աջակցություն ցուցաբերել, որ չստացվի, թե մեր երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը հակասում են անվտանգությունը: Իրականում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը լրացնում են իրար: Որքան բարձր է անվտանգությունը, այնքան բարձր են մարդու իրավունքները եւ հակառակը»,- ասել է Թաթոյանը:

 

ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Ոստիկանության Շենգավիթի բաժին մայիսի 5-ին հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Արտաշատի խճուղու հարակից դաշտում հայտնաբերել է 1942թ. ծնված Մարիետա Մանուկյանի դիակը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Մարիետա Մանուկյանը ապրիլի 30-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է նախաքննություն:

 

 




Լրահոս