ՁԵՌՔԻ ԲԱԶՈՒԿԻՆ ԿԱՐՄԻՐ ԳՐԻՉՈՎ ԳՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանական բանակի Մարտակերտի N զորամասերից մեկում հոկտեմբերի 9-ի` առավոտյան, 19-ամյա Վլադիմիր Ասատրյանի դին գտնելուց հետո տարբեր վարկածներ շրջանառվեցին նրա մահվան առնչությամբ: Պաշտոնապես ասվեց, թե վերջինս ինքնասպան է եղել, սակայն նրա մայրը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ինքը դրան չի հավատում:«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ժամկետային զինծառայողն Արարատի մարզի Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի բնակիչ է: Երեկ հուղարկավորեցին 19-ամյա զինվորին: Մենք եղանք նրանց բնակարանում, զրուցեցինք մոր եւ հարազատների հետ: Նկատենք, որ Վլադիմիրի ընտանիքը սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում է ապրում: Հայրն ու մայրն էլ` Անդրանիկն  ու Անժելան, ամուսնալուծված են:Մենք տեղեկացանք, որ Վլադիմիրի եղբայրը` Արմեն Ասատրյանը, արդեն 4-րդ ամիսն է` ծառայում է նույն  զորամասում: Նախ փորձեցինք զրուցել Արմենի հետ, վերջինս համաձայնեց զրուցել, սակայն Վլադիմիրի մորաքրոջ ամուսինը` Կարոն, ով Գեղարքունիքի մարզի Ճամբարակի պայմանագրային զինծառայող է, թույլ չտվեց նրա հետ զրուցել` պատճառաբանելով, որ վերջինս տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվել: Եւ ընդհանրապես Վլադիմիրի հարազատները շշուկով էին խոսում, քանի որ Կարոն Վլադիմիրի հրամանատարի հետ թաղման ժամանակ երկար զրուցել է եւ կարծես թե հրահանգավորվել, որ ուշադիր լինի՝ «բացթողումներ» չլինեն: Դրա համար էլ բռի կերպով վրա էր տալիս, թե ինչու եք եկել, գնացե՛ք:Այնուամենայնիվ, պարզեցինք, որ Վլադիմիրի եղբայրը` Արմենը, դեպքի օրը զորամասում է եղել, իսկ Վլադիմիրը` դիրքերում, մոտ 27 օր, դրա համար էլ տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվել: «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Կարոյի հետ, ով դժկամորեն, բայց մի քանի խոսք փոխանակեց մեզ հետ: Ասաց, թե լրատվամիջոցների հետ չի ցանկանում զրուցել, քանի որ գոյություն ունեն դատախազություն, պաշտպանության նախարարություն, եւ իրենք պարտավոր են բացահայտել դեպքը: Նա միայն ասաց, որ Վլադիմիրի ձեռքի բազուկի վրա կարմիր գրիչով ինչ-որ բան է գրված եղել. «Գրված եղել ա, բայց չենք իմացել` ինչ ա գրված եղել: Իրենք մասնագետ են բերել, բայց մեզ չեն ասել` ինչ ա գրված եղել»:19-ամյա զինվորի մայրը` Անժելա Ասատրյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Վլադիմիրը ծառայությունից երբեք չի դժգոհել. «Ինքը շատ գոհ էր, իրան տեղափոխել էին իրա տեղից ինչ-որ Շիլոյան էր, թե Շիրոյան, իրանից շատ գոհ էր, իրա դասակի հրամանատարն էր, ասում էր` մա՛մ ջան, ամեն ինչ շատ լավ ա»: Տիկին Անժելան նշեց, որ մեկուկես տարի է արդեն` Վլադիմիրը ծառայում էր. «Դրանից մի շաբաթ առաջ զանգեց, ասաց` մա՛մ ջան, շատ լավ եմ, թազա ֆորմեքը տվել են, ամեն ինչ նորմալ ա, ոչ մեկի հեռախոսի մեջ զարյադկա չկա, չեմ կարող զանգեմ, ես էլ պոստերում եմ, չեմ կարա զանգեմ, էդ օրն առավոտն էլ ընդեղի տղերքին ասել էր, որ ուզում եմ մայրիկիս ձենը լսեմ, ու մի ժամ հետո դեպքը եղավ»:«Եֆրեյտոր էին տվել, էս 15-ին ինքը պիտի պոստերից իջներ, ամսի 25-ին, ասում էր, օտպուսկ կգամ, մա՛մ ջան, ու հետո սերժանտական կուրսերի պիտի գնամ»,-պատմեց 19-ամյա զինվորի մայրը:«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Վլադիմիրը վաշտի հրամանատարի հետ խնդիրներ է ունեցել այն պատճառով, որ նկատողություն է ստացել: Ավելին, հրամանատարը զանգահարել է Վլադիմիրի մորը եւ ասել, թե ուզում է նրա հետ հանդիպել: Մեր այս տեղեկությունը ճշտեցինք տիկին Անժելայից. «Դա եղել ա հուլիսի վերջին: Ասեց` ուզում եմ գամ, քո հետ հանդիպեմ, բայց չէր ասում` ինչի համար: Ու տենց էլ չեկավ»:«Արմենս հիմա ոչ մի բան չի ասում, մենակ գիտեմ, որ նորմալ չեն սնվել, ուղղակի չեմ ուզում շատ մանրանամ, ես էդքան սիրտ չունեմ, ես պիտի նենց անեմ, որ իմ էս էրեխուն էլ բանակ չուղարկեմ,-ասաց մայրը` պնդելով,-իմ էրեխեն էնքան վախկոտ էր, վաշտի տղերքից ախպորն ասող ա եղել, որ ինքը մի քանի անգամ փորձել ա ինքնասպան լինի, բայց վախեցել ա: Ես վաշտի հրամանատարին էլ եմ ասել, որ իմ էրեխեն տենց բան չէր անի, ես դա կարող եմ միլիոն տոկոսով ասել, թե ստիպողաբար են արել, թե … ամեն դեպքում իմ էրեխեն չէր անի»:Տեղեկացանք, որ դիահերձմանը ներկա է եղել Վլադիմիրի մորաքույրը, ով «Ժողովուրդ»-ին ասաց, թե բռնության ոչ մի հետք չի եղել. «Արյուն էր սաղ, ձեռքի վրա ինչ-որ անուններ ա գրված եղել: Կարմիր գրիչով ա գրել, արյունն էլ եկել, ծածկել ա, չէր կարդացվում»: Իսկ Պն քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որ Վլադիմիր Ասատրյանի գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ստուգվում են փաստական տվյալները, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթակա անձանց մեղադրանք առաջադրելու համար:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս