ԿՈՌՈՒՊՑԻԱ, ՇԱՆՏԱԺ ԵՎ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն եկած Մխիթար Ալումյանը պատմեց, որ ինքը ՀՀ ոստիկանության Հրազդան քաղաքի էներգաբլոկում 1992 թվականից հերթապահ է աշխատում, սակայն այսօր խնդիրների առաջ է կանգնել, քանի որ պահանջում է վճարել իր կատարած հավելյալ աշխատանքի վարձը: «Ես երկու օրը մեկ էի աշխատում, ինչքան հավելյալ աշխատեի, էնքան պիտի ինձ վճարեին, ու 2002 թվականից մինչեւ առ այսօր էդ հավելավճարը տալիս են, տալիս են ու չեն տալիս ոչ մի կոպեկ: Իմ հաշվելով` էդ կազմում ա 6 միլիոն դրամ, հիմա էն պահն ա էկել, որ ես 4 էրեխա ունեմ, ու միջնեկ աղջիկս` 9 տարեկան, մանկուց հաշմանդամ ա, ու էդ վիրահատությունն արժե 15 հազար ԱՄՆ դոլար, ու ըստեղ էլ չեն անում, պիտի դուրս հանեմ»,-պատմեց Մխիթարը:Նա ասաց, որ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, դրա համար էլ դիմել է Հրազդանի էներգաբլոկի վարչության պետին` Սերգեյ Հարությունյանին, այնուհետեւ նաեւ Երեւանի պետական պահպանության վարչության պետին` Խաչիկ Ասատրյանին. «Ասեցի, որ էս վիճակն ա, ես ավել եմ աշխատել, մինչեւ այսօր ձեն չեմ հանել, բայց իմ էրեխեն էս վիճակում ա, ես պիտի վիրահատության տանեմ, ասեցի` եթե չէ, ինձ գոնե ուղարկեք թոշակի, կգնամ, ստրկություն կանեմ, էդ գումարը կհայթայթեմ»: Մխիթարը նշեց, որ երբ մի քանի օր հետո աշխատանքի է գնացել, երկու հոգի իրեն հերթապահ մասից տարել են վարչության պետի մոտ. «Ընթացքում մեկն իմ վրա գոռում էր, մեկը մունաթ էր գալիս, ազդեցությամբ` թե քեզ խելոք պահի, թե չէ գործից կազատենք, դու էլ ոչ մի բան չես կարա ապացուցես»:Ըստ մեր զրուցակցի` այդ ամենից հետո ինքը համակարգից դուրս գալու համար զեկուցագիր է գրել. «Ես հետո շեֆին ասի, որ եթե տենց ա, բերեք ինձ աշխատանքից ազատեք, որտեղ նշեցի 10 կետ, թե ինչի եմ ազատվում. վարչության պետին մեղադրել եմ կոռուպցիայի, շանտաժի մեջ ու ծառայողական քննություն եմ պահանջել: Երեկ երբ իմացան, որ գալու եմ խմբագրություն, զանգեցին, ասեցին, որ աշխատանքից ազատել են իմ դիմումի համաձայն, բայց ինքը ինչի՞ էդ իմ տասը կետերին չի անդրադարձել»:Մխիթար Ալումյանը նշեց, որ ինքը դատի է տալու վարչության պետ Խաչիկ Ասատրյանին` անօրինականության, իր վրա ճնշում գործադրելու համար եւ դեռ շատ բաներ կարող է ապացուցել, թե ինչ խախտումներ են կատարվում այդ ծառայության ընթացքում, մարդիկ կան գրանցված, որոնք երբեք աշխատանքի չեն գալիս:Սակայն այդ ապօրինությունների մասին չի կարողանում բարձրաձայնել, քանի որ վախենում է իր ընտանիքի անդամների համար. կարող են վնասել` «բերանը բացելու համար»:«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ` պարզելու, թե ինչ է կատարվում ոստիկանությունում, որի մասին խոսում է արդեն նախկին աշխատակիցը: Ահարոնյանն ասաց, որ ծառայողական քննություն է նշանակվել, եւ պետական պաշտպանության վարչության ցուցումով իր տեղակալները գնացել են Հրազդան` աշխատակցի տուն, դրամական աջակցություն են ցույց տվել, իսկ Մխիթար Ալումյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս