Քըլըչի եւ Ռուբինյանի առաջին հանդիպմամբ «կտրվի գործընթացի մեկնարկը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր ասել է, որ հունվարի 14-ին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի եւ Ռուբեն Ռուբինյանի՝ Մոսկվայում կայանալիք առաջին հանդիպումը «կրելու է ճանաչողական բնույթ»։
Արմենպրեսի հարցերին ի պատասխան խոսնակն ասել է, որ հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։

«Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը:

Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն եւ երկու երկրների միջեւ սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի»,- նշել է նա։

Վահան Հունանյանը նաեւ ասել է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որեւէ նախապայմանի:

«Այս առումով եւս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որեւէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաեւ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում: Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը»,- ասել է ԱԳՆ խոսնակը:




Լրահոս