«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԵՂԵԼ ՎԵՐԱՀՍԿԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հետ:

 

-Վերջերս պատգամավորներից մեկը նման մի հայտարարություն արեց, որ, անկախ հանգամանքից, թե արգելված էին որոշ ապրանանքերի ներկրումը, թե ոչ, ամեն դեպքում, զարզուղի ճանապարհներով դրանք հասնում էին Երեւան: Որպես ոլորտի պատասխանատու՝ Ձեր պատասխանը ո՞րն է, ինչո՞ւ է զարտուղի ճանապարհներով հասել Երեւան:

-Այո, իրականում, որոշ խմբաքանակներ հասել են: Պետական եկամուտների կողմից վարչարարությունն ուժեղացված է իրականացվել, շատ դեպքերում սահմանային կետում հայտնաբերվել ու  արգելվել է ապրանքների ներմուծումը, այսինքն՝ տարբեր մեխանիզմներ են կիրառվում՝ թե՛ փաստաթղթերի կեղծման եղանակով, թե՛ այլ եղանակներով, նույնիսկ կասկածելի դեպք ենք ունեցել, որ ԵՏՄ ապրանքի անվան տակ է թուրքական ապրանքը փորձել ներմուծվել: Այսինքն՝ այդ բոլոր գործերով բացահայտումներ եղել են, հարուցվել են համապատասխան վարույթներ, բայց ամբողջական ծավալն ինչ-որ փուլերում հնարավոր չի եղել վերահսկել, եւ, այնուամենայնիվ, որոշ թուրքական ապրանքներ շուկայում հայտնվել են:

-Եղել է, որ թուրքական ապրանքն այլ երկրների միջոցով է Հայաստան ներթափանցել, այսինքն՝ միջնորդավորված գնացել է այլ երկիր, հետո այլ երկրից հասել է Հայաստան:

-Թուրքական ապրանքը միշտ է նման եղանակով հասնում Հայաստանի Հանրապետություն: Այսինքն՝ այո, եղել են դեպքեր, երբ ինչ-որ այլ երկրում ներկայացվել է որպես այդ երկրի ապրանք:

-Ամեն դեպքում, այս ապրանքներից հրաժարումը, կարծես թե, մեկ տարուց ավելի է. այն ի՞նչ տվեց, տրամաբանվա՞ծ էր:

-Շարունակելու մասով, եթե ՀՀ կառավարությունը տեսներ տրամաբանություն, ապա կշարունակեր: Այսինքն՝ արգելքը տեղի է ունեցել բոլորիս հայտնի իրադարձություններից հետո, եւ որոշվել է չերկարաձգել արգելքը կրկին: Դրա բացատրությունը տրվել է կառավարության կողմից:

-Պարո՛ն Բադասյան, ի՞նչ է շահելու դրանից Հայաստանի Հանրապետությունը, երբ թուրքական կապիտալի ներհոսք լինի:

-Իմ անձնական կարծիքով՝ եթե դա դիտենք որպես ռիսկ, ի՞նչ ենք առաջարկում. փակվա՞ծ մնանք, փակ սահմաններո՞վ ապրենք, երբեք չփորձե՞նք տնտեսական աշխուժություն մտցնել: Բնականաբար, խոշոր տնտեսություն ունեցող երկրների ներկայացվածությունը փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում ամբողջ աշխարհում, մենք վախերո՞վ ապրենք: Գորիս-Կապան ճանապարհին 2 հայկական մաքսակետ ենք տեղադրել, այդտեղ հնարավոր է երթեւեկեն Իրանի կողմից բեռնատար մեքենաներ, սակայն մեծամասամբ հոսքը արդեն նոր ճանապարհով է ընթանում, օրինակ՝ որոշակի գործառույթներ են իրականացնում Մեղրիի մաքսակետի եւ անցնող բեռնատարների հաշվառման մասով:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ԱՆՏԵՂՅԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Երեկ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ամբիոնից փորձեց արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթին, հեգնեց նրան՝ փորձելով ծաղրել պատգամավորի ազգանունը: «Ստամբուլ» տերմինը թրքականության հետ ոչ մի առնչություն չունի, այն թուրքական բառ չէ:

 

Տեղեկացնենք, որ Վարդանյան քույրերն առաջին անգամ չէ, որ հանրության քննարկման առարկա են դառնում: Օրինակ՝ Ծովինար Վարդանյանի քույրը՝ Նուարդ Վարդանյանը, որը Երեւան քաղաքի ավագանու անդամ է, դեռեւս 2019 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես՝ որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել, թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»:

ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե ինչ ունեցվածք եւ դրամական միջոց են հայտարարագրել Վարդանյան քույրերը: Օրինակ՝ Նուարդ Վարդանյանը՝ «ականջ ծամողը», ներկայացրել է 2021 թվականի իր պաշտոնական հայտարարագիրը: ArmLur.am-ը նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ ո՛չ բնակարան ունի, ո՛չ էլ ավտոմեքենա: Նա հայտարարագրել է, որ բիթքոին ունի, իսկ կանխիկ դրամը կազմել է 3 մլն դրամ եւ 8500 դոլար: Եկամուտ չունի, ոչ մի վայրից աշխատավարձ չի ստացել. թե որտեղից նրան 3 մլն դրամն ու 8500 դոլարը, հայտնի չէ:  Իսկ, ահա, Ծովինար Վարդանյանն ունի մեկ բնակարան Արաբկիր վարչական շրջանում, որի միանձնյա սեփականատերն է. նա այն գնել է 2010 թվականին: Ի դեպ, տեղեկացնենք, որ Ծովինար Վարդանյանը մեկ բնակարան 2020 թվականին է վաճառել, որի դիմաց «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ-ից ստացել է 19 մլն 400 հազար դրամ: 2020 թվականին Ծովինար Վարդանյանը վաճառել է նաեւ իր 2007 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենան, որի դիմաց ստացել է 1 մլն 800 հազար դրամ եկամուտ: Բանկային հաշիվներին 2020 թվականի սկզբին ունեցել է 818 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 442 հազար դրամ: Կանխիկ դրամը կազմել է 1 մլն 800 հազար դրամ: Ազգային Ժողովից ստացած աշխատավարձը ընդհանուր 7 մլն 834 հազար 280 դրամ, որը ամսական կազմում է ավելի քան 652 հազար դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏԸ

Հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու իրականությունը լրիվ տարբեր են: Խոսենք փաստերով. չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի նախընտրական այս խոստմանը, թե մինչեւ 2024թ. Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու, այն կթանկանա ավելի քան 20 դրամով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց 2022թ.-ի սակագների վերանայման՝ «Վեոլիա ջուր» ընկերության հայտը։ Սպառողները ջրի մեկ խորանարդ մետրի համար հունվարի 1-ից 200 դրամ կվճարեն։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է հասարակությանը։ Ավելին՝ Հայաստանում գազը, հնարավոր է, այս տարվա ապրիլից թանկանա։

Հունվարի 12-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որ մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Գազամատակարարն առաջարկում է գազի գինը հաշվարկել ըստ կալորիականության։ Առաջարկվող սակագներն ու բնակիչներին հասնող ներկա գազի կալորիականության ցուցանիշները փաստում են, որ գինը կբարձրանա բոլոր խավերի համար՝ անապահովների, ջերմոցների ու բիզնեսի։ Անդրադառնանք այլ մանիպուլյացիաներին եւս. 2019թ. տարեվերջին Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով արդեն իսկ առաջ ենք անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնենք նաեւ Ադրբեջանին։ 2021թ., երբ ամփոփվեցին 2020-ի արդյունքները, պարզ դարձավ, որ ոչ միայն առաջ չանցանք Ադրբեջանից, այլ նաեւ զիջում ենք Վրաստանին։ Հերթական անգամ բախվում ենք խոստումների չիրականացմանը:

 

 




Լրահոս