ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզերում տները թանկացել են, բայց գնորդ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարզերի քաղաքներում անշարժ գույքի շուկայում հետաքրքիր պատկեր է ստեղծվել. մի քանի մարզային քաղաքներում բնակարանների գներն այս տարվա փետրվարին հունվար ամսվա համեմատ, բարձրացել են, մի քանիսում՝ մնացել են նույնը: Օրինակ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակարանի գինը 700 դրամով բարձրացել է, իսկ Ապարանում՝ 1100 դրամով, Թալինում մեկ քմ-ն 78 հազար դրամ: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բնակարանների գները մնացել են նույնը՝ մեկ քմ-ն 150 հազար 50 դրամ է կազմել: Նշենք, որ Արարատի մարզի Վեդի եւ Արարատ քաղաքներում է գնային բարձրացում արձանագրվել: Իսկ Մասիսում եւ հունվարին եւ փետրվարին բնակարանի մեկ քմ-ն կազմել է 150 հազար 100 դրամ:

Արմավիրի մարզում եւս բնակարանների գները բարձրացել են. օրինակ՝ Էջմիածնում բնակարանի մեկ քմ-ն 188 հազար 500 դրամից թանկացել է՝ դառնալով 190 հազար 600 դրամ: Բնակարանների գները բարձրացել են նաեւ Արմավիր, Մեծամոր քաղաքներում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի Սեւան, Վարդենիս, Ճամբարակ, Գավառ քաղաքներում բնակարանները թանկացել են: Օրինակ, Վարդենիսում հունվարին բնակարանի մեկ քմ-ն 48 հազար 500 դրամից թանկացել է՝ դառնալով 49 հազար դրամ: Միայն Մարտունի քաղաքում է, որ բնակարանի մեկ քմ-ի գինը հունվար եւ փետրվար ամիսներին նույնն է մնացել՝ 105 հազար 500 դրամ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի սահմանամերձ մարզերում բնակարանների գներն են բարձրացել: Բայց չնայած սրան՝ մարզային այս քաղաքներում բնակարանների պահանջարկը նվազել է, մարդիկ սահմանանների անվտանգային իրավիճակով անհանգստացած են եւ չեն շտապում սահմանամերձ քաղաքներում բնակարաններ գնել:

Նույն պատկերն է Սյունիքի մարզում. այստեղ եւս բնակարանների գների բարձրացում է արձանագրվել: Օրինակ՝ Գորիսում այս տարվա հունվարին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 146 հազար 100 դրամով, իսկ փետրվարին՝ 147 հազար 50 դրամով, Կապանում գինը բարձրացել է 1200 դրամով: Մեղրիում մեկ ամսվա ընթացքում բնակարանի գինը չի փոփոխվել. այն եւ հունվարին եւ փետրվարին կազմել է 105 հազար 700 դրամ:

Հայաստանի սահմանամերձ Տավուշում բնակարանների գները եւս աճել են. Դիլիջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի գինը բարձրացել է 3500 դրամով, Իջեւանում` 3000 դրամով, իսկ Նոյեմբերյանում բնակարանի գինըն ավելացել է 1050 դրամով:

Մարզային ամենաթանկ քաղաքը համարվում է Ծաղկաձորը, որտեղ բնակարանի մեկ քմ-ն այս փետրվարին կազմել է 340 հազար 100 դրամ, իսկ հունվարին այն 335 հազար 500 դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում հայաստանյան զբոսաշրջային քաղաքում բնակարանի գինը բարձրացել է 4600 դրամով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս