«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացրած 10 ամենախոշոր ընկերությունները, որոնք, ըստ պայմանագրերի, 2021թ.-ի 9 ամիսների ընթացքում մատուցել են շինարարական եւ ճանապարհաշինարարական ծառայություններ:
Ըստ «Սիվիլնեթ»-ի՝
1. Ցանկը միանձնյա գլխավորում է «Քարավան» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վայոց ձորից գործարար Հակոբ Հակոբյանին: Հակոբյանը դեռ 90-ականներից է Արցախում շինարարությամբ զբաղվում: Ճանապարհաշինարարական աշխատանքների դիմաց ինը ամիսների ընթացքում «Քարավանը» պետությունից ստացել է 1,88 մլրդ (կազմում է բոլոր պատվերների 48 տոկոսը) դրամի պատվերներ։ Ընկերությունը ճանապարհներ է վերանորոգել, ասֆալտապատել ու բարեկարգել։ «Քարավանը» պետական ռեգիստրում գրանցվել է 2002թ.-ին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերներով «Քարավանը» 3,53 մլրդ դրամի դիմաց վերակառուցել է Մ-2 ճանապարհից Կոճողոտ համայնք տանող, Մարտակերտ-Ճանկաթաղ ավտոճանապարհի 15 կմ եւ Մ-2 ճանապարհից Վերին Հոռաթաղ համայնք տանող ճանապարհի 2 կմ հատվածները:
2. Երկրորդը «Կապավոր» ընկերությունն է, որի 93,75 տոկոս բաժնեմասը պատկանում է շինարար Արման Հակոբջանյանին: Մնացած բաժնետոմսերը պատկանում են Հակոբջանյանների ընտանիքին՝ 2,5 տոկոսը նրա քրոջը՝ Հայաստանում բնակվող գինեկոլոգ Լիլիթ Հակոբջանյանին, որը եղել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առողջապահության հարցերով խորհրդական (հասարակական հիմունքներով): Նրանք Արցախյան շարժման ակտիվիստ, շինարար, 2006-2007 թթ. Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մարատ Հակոբջանյանի զավակներն են:
Ընկերությունը 2020-ի 9 ամիսների ընթացքում 366,5 մլն դրամի ավտոճանապարհներ է վերակառուցել, փոսային վերանորոգումներ իրականացրել եւ բարեկարգել Ստեփանակերտի փողոցները:
«Կապավորը» 2014-2020 թթ. (6,5 տարվա ընթացքում) Ստեփանակերտ քաղաքում կատարված շինարարական աշխատանքների ծավալներով 6-րդն էր (աշխատանքի ծավալը կազմում էր 173,3 մլն դրամ):
«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով «Կապավորը» 449 մլն դրամի դիմաց Մ-2 ճանապարհից Դահրավ համայնք տանող ճանապարհի 5 կմ հատվածն է վերակառուցել:
3. «Ռոբ-շին» ՍՊԸ-ն եւս խոշոր կապալառու է։ Ընկերությունը Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով 40 տուն է վերանորոգել, միայն մեկ պատվեր վերաբերում է Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի օդային գծի վերանորոգմանը: Պետական ռեգիստրում գրանցվել է 2011թ.-ին։ Ընկերության միանձնյա բաժնետերը Ռոլանդ Այդինյանն է: Նա նույնպես Արայիկ Հարությունյանի մտերիմն է։ Ռոլանդ Այդինյանը ժամանակին եղել է Քարվաճառի քաղաքապետը։ Վերջերս նա Արցախի ԱԱԾ-ում պաշտոն է ստացել:
Թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնում ու երբ է աշխատանքի ընդունվել, Արցախի ԱԱԾ-ից մանրամասներ չհաղորդեցին: Պաշտոնական գրության մեջ միայն ասվում է, որ Ռոլանդ Ռոբերտի Այդինյանը ծառայում է Արցախի Ազգային անվտանգության մարմիններում. «Ձեր կողմից հայցվող տվյալները գաղտնագրված են, ուստի հնարավոր չէ տրամադրել»: «Ռոբ-շինի» հետ Արցախի քաղաքաշինության նախարարության հետ կնքած պայմանագրերի գումարային ծավալը կազմում է 290 մլն դրամ:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում