Ամերիկացի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը հայտնել է, որ դեռ չի ավարտել կարիերան և կարող է վերադառնալ մեծ սպորտ։ Ուիլյամսի խոսքերը մեջբերում է San Francisco Standard-ը։
Օգոստոսի սկզբին Ուիլյամսը հայտարարեց, որ կավարտի ելույթները US Open-ից հետո։ Իր վերջին խաղում նա Նյու Յորքի մրցաշարի երրորդ շրջանում պարտվեց ավստրալուհի Այլա Տոմլյանովիչին։ Հիմա պարզվում է Սերենան մտափոխվել է:
«Ես չեմ ավարտել իմ կարիերան։ Իմ վերադարձի շանսերը շատ մեծ են։ Դուք կարող եք գալ իմ տուն և տեսնել, որ ես ունեմ իմ սեփական կորտը»,- ասել է 41-ամյա Ուիլյամսը:
Ուիլյամսի խոսքերով՝ ինքը չի էլ մտածել սպորտից վերջնական հեռանալու մասին։
«Իրականում, ես չեմ մտածել այդ մասին։ Մի օր ես եկա կորտ և կյանքումս առաջին անգամ հասկացա, որ խաղի ընթացքում ոչ մեկի հետ չեմ մրցում, և դա տարօրինակ զգացողություն էր»,- ասել է աշխարհի նախկին առաջին ռակետը։