ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ ԱԽ-ն քննարկում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Քննարկումը տեղի է ունենում Հայաստանի դիմումի հիման վրա: Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները եւս մասնակցում են նիստին:

 

Ներկայացնում ենք ելույթներից հատվածներ: «Դեկտեմբերի 12-ից սկսած դադարեցվել է տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ, քանի որ Ադրբեջանը բողոքների զանգվածային արշավ է մեկնարկել Լաչինի միջանցքի երկայնքով` շրջափակելով միակ ճանապարհը դեպի Լեռնային Ղարաբաղ»,- Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ՄԱԿ-ի ԱԽ նիստին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

«Խնդրի անհապաղությունը պայմանավորված է իրավիճակով, որը զարգանում է որպես մարդասիրական ճգնաժամ: Այն ստեղծվել է Ադրբեջանի կողմից՝ որպես ապօրինի շրջափակում ԼՂ բնակչության դեմ` ուղղակիորեն խախտելով իր հանձնառությունները, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ միջազգային պարտավորությունները: Դեկտեմբերի 12-ից սկսած՝ դադարեցվել է տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ, քանի որ Ադրբեջանը բողոքների զանգվածային արշավ է մեկնարկել Լաչինի միջանցքի երկայնքով` շրջափակելով միակ ճանապարհը դեպի Լեռնային Ղարաբաղ: Սա արվում է՝ ուղղակիորեն խախտելով եռակողմ հայտարարության 6-րդ պարբերությունը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է կապ ապահովի ԼՂ-ի եւ ՀՀ-ի միջեւ` մնալով ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության ներքո, եւ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի քաղաքացիների, ավտոմեքենաների եւ բեռների ապահով շարժը Լաչինի երկայնքով: Բնապահպանական մտահոգությունների մտացածին պատրվակով Լաչինի միջանցքում ապօրինի շրջափակում կազմակերպելով՝ Ադրբեջանը աղետալի վիճակի է հասցրել բնակչությանը: Այս մարդասիրական, կյանքի ճանապարհի արգելափակումը առաջացրել է բազմաթիվ խաթարումներ»,- նշեց նա:

Մարգարյանի խոսքով` ճանապարհը փակվելու հետեւանքով 1100 Արցախի քաղաքացիներ մնացել են ճանապարհին` չկարողանալով իրենց տուն հասնել. «Երեխաները չեն կարողանում իրենց ծնողների մոտ գնալ, բուժվողների տեղափոխումն է խաթարվել, դարձել անհնարին, որի հետեւանքով մեկ քաղաքացի է մահացել: Առկա է մի շարք մատակարարումների պակաս: Ջեռուցման խնդիրը ազդել է երեխաների դասապրոցեսի վրա` նրանց զրկելով կրթության իրավունքից»:

Նրա խոսքով` նման մասշտաբի ակցիաները առանց պետության աջակցության անհնար է պատկերացնել, ընդ որում՝ նրանք այնպիսի պահանջներ են ներկայացնում, որոնք հակասում են եռակողմ հայտարարության դրույթներին:

ՄԱԿ-ում ՀՀ մտական ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանի այն պնդումը, թե լուծել է ԼՂ հարցը, ակնհայտ ցեղասպանական նկրտումներ է պարունակում:

Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի ԱԽ խորհրդին կոչ արեց քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը հարգի եռակողմ հայտարարության դրույթները եւ բացի միջանցքը: ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը նշել է. «Վերջին շրջանի իրադարձությունները շատ են մեզ մտահոգել: Լեռնային Ղարաբաղի մեկուսացումը Լաչինի միջանցքի փակման հետեւանքներից մեկն է: Ազատ տեղաշարժի սահմանափակում է առկա, որն անընդունելի է: Մարդասիրական հետեւանքներն օրեցօր վատթարանում են: Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել եռակողմ հայտարարությամբ հանձն առած պայմանավորվածությունները, եւ պետք է երաշխավորված լինի մարդկանց ու ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով»: Ալբանիայի ներկայացուցիչ. «Ի գիտություն ենք ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների՝ խորհրդին դիմումները: Չնայած տարբեր տեսանկյուններից, մենք գնահատում ենք այն փաստը, որ երկու կողմերն էլ պատրաստ են երկխոսության: Համաձայնությունները պետք է հարգվեն, եւ երկու կողմերը պետք է դրանք ի կատար ածեն: Ապրանքների եւ մարդկանց անվտանգ տեղաշարժը պետք է ապահովվի միջանցքի երկայնքով: Երկխոսությունը խնդիրների լուծման լավագույն ուղին է»:

Չինաստանի ներկայացուցիչ. «Մենք հավատում ենք, որ վեճերը պետք է լուծվեն երկխոսությամբ: ՌԴ-ն շատ մեծ  աշխատանք է կատարել, եւ հույս ունենք, որ այդ վեճը կհանգուցալուծվի շատ արագ»:

ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ. «Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ: Մենք ուրախ ենք, որ գազամտակարարումը վերականգնվել է, բայց շարունակում ենք կոչ անել, որ անմիջապես վերաբացվի Լաչինի միջանցքը։ Հատկապես ձմեռվա ամիսներին մարդասիրական ծանր հետեւանքների վտանգ է առաջացել»։

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ.  «Մեզ մտահոգում են Լաչինի միջանցքի արգելափակման լուրերը։ Մենք ակնկալում ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունը մոտ ապագայում պետք է վերականգնվի։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին զսպվածություն ցուցաբերել եւ հարել եռակողմ համաձայնագրերին»։

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը եւ այլ կողմերին, որոնք պատասխանատու են միջանցքի անվտանգության համար, մարդասիրական եւ առեւտրային օգտագործման համար հնարավորինս արագ ապաշրջափակել Լաչինի միջանցքը»: Օրեր առաջ ՄԱԿ ԱԽ աշխատանքները լուսաբանող Security Council Report (SCR) անկախ հետազոտական կենտրոնն էր հաղորդել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ուրբաթ առավոտյան՝ Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո, քննարկելու են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Ֆրանսիայի առաջարկով։

 

 

 

 

ԴԵՂՈՐԱՅՔ ԱՐՑԱԽ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետեւանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ. այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

 

«Արդեն 11 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:

Ադրբեջանական գործողությունների հետեւանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետեւանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները:

Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի եւ վառելիքի պակասով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

 

ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԻՉ ՉԿԱ

Դիլիջան խոշոր համայնքի  6 գյուղերից   է Դիլիջան քաղաքից  25 կմ հեռավորությամբ գտնվող  Խաչարձանը։ Այն նախկինում  եղել է ադրբեջանաբնակ, կոչվել  է Փոլադ։ Խաչարձանի վարչական ղեկավար Գագիկ  Շահնազարյանը հայտնեց, որ ներկայումս գյուղում ապրում է մոտ 350 մարդ, որոնք Ադրբեջանի Դաշքեսանի, Շամխորի, Շամախիի շրջաններից են վերաբնակվել։ Խաչարձանի միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 55 աշակերտ։ Գ. Շահնազարյանն ասաց, որ  գյուղն ունի մշակույթի տուն, որը վերանորոգման կարիք ունի։ Խաչարձանում չկա փոստային բաժանմունք; Խաչարձանի բնակիչների  համար կարեւոր է  գյուղի ոռոգման  ցանցի ընդլայնումը. ոռոգման ջուր է ստանում գյուղի  տարածքի կեսը։ Նմանապես խնդիր է գիշերային  լուսավորության ցանցի ընդլայնումը. լուսավորության ցանցն  ընդգրկում է գյուղի տարածքի մի մասը։ Խաչարձանում ասֆալտապատված է  ճանապարհի՝  մինչեւ  գյուղապետարան տանող հատվածը։ Տավուշի մարզպետարանի  ինտերնետային  կայքում որպես Դիլիջան համայնքի  բնակավայրեր նշված են նաեւ Գեղատափը եւ  Ճերմակավանը։ Գեղատափը նախկինում Մուրթել է կոչվել, այն գտնվում է Խաչարձան գյուղից մոտ 15 կմ հեռավորությամբ, իսկ Ճերմակավանը, որը նախկինում Աղքիլիսա է կոչվել, Խաչարձանից հեռու է 7 կմ։ Խաչարձանի վարչական ղեկավարը հայտնեց, որ Ճերմակավանում արդեն մի քանի տարի է՝ ոչ ոք չի ապրում։ Գեղատափում նախկինում ապրել են Շահումյանից բռնագաղթած 18 ընտանիք, այժմ ընդամենը 2 ընտանիք է բնակվում, որոնք այդտեղ անասուններ են պահում։ Զարմանալի է, որ Գեղատափը եւ Ճերմակավանը Տավուշի մարզպետարանի  ինտերնետային կայքում որպես բնակավայրեր են նշված, սակայն որպես բնակավայրեր  նշված  չեն մարզի  այլ  բնակավայրեր, որտեղ թվով ավելի շատ  ընտանիքներ են բնակվում, օրինակ՝ Նոյեմբերյան խոշոր համայնքի Կոզմանը, Գոմշավարը, Շլորկուտը  եւ այլն։

 

 

 

 

ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻՑ ԶՐԿՎԵԼ ԵՆ

Լոռու մարզում տեղակայված  «Դուցի»   զորամասի պայմանագրային զինծառայողները, որոնք պաշտպանում են Տավուշի մարզի առաջնագիծը, տարեմուտին կանգնել են ֆինանսական լուրջ խնդրի առաջ։ Արդեն մեկ տարի  շարքային պայմանագրային զինծառայողները 127 հազար դրամ ռոճիկի հետ  ամեն ամիս ստանում էին 90-100 հազար դրամ հավալվճար՝ կախված իրենց զբաղեցրած հաստիքներից։ Այժմ սահմանապահ պայմանագրային զինծառայողներին հայտնել են, որ նրանք հավելավճար չեն ստանա, իսկ դիրքերում մարտական հերթապահության համար նախատեսված 60 հազար դրամն էլ կստանան մինչեւ եկող տարվա հունվարի 10-ը։ Առաջնագիծը պաշտպանող պայմանագրային զինծառայողների մեջ մեծ դժգոհություն է  առաջացել, քանզի նրանցից շատերը բանկերում չմարված վարկեր ունեն. նրանք նախատեսում էին հավելավճարի գումարով  իրենց ընտանիքների համար ամանորյա գնումներ անել: Առաջնագիծը պաշտպանող պայմանագրային զինծառայողներից շատերը որոշել  են դիրքերից իջնելուց հետո դիմումներ գրել, զինծառայությունից դուրս գալ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս