Առաջին անգամ ծանր հանցաքն կատարած անձը կարող է ազատվել պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ծանր կամ առանձնապես ծանր հանցանք առաջին անգամ կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից: Այդպիսի կարգավորում է առաջարկում ՀՀ արդարադատության նախարարությունը:

Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում (քրեական պատասխանատվությունից ազատելը՝ գործուն զղջալու հիմքով) լրացնել 1.1 մասով եւ դրանով իսկ նախատեսել կարգավորում, որ այն դեպքերում, երբ անձի՝ առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի եւ այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Այստեղ ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: Առանձնապես ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ազատազրկում տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախաքննական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարեւոր է նման իրավակարգավորումը, որն էապես նվազեցնում է ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը:

Այսինքն՝ ստացվում է՝ դատարանները թեթեւացնելու համար ծանր հանցագործներին հնարավորություն են տալիս ազատվելու:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս