ՆՇՎԵԼ Է ՌԱԽՄԱՆԻՆՈՎԻ 150-ԱՄՅԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ եւ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված ռուս ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակին։

 

Կենտրոնի դահլիճի նախասրահում հյուրերը ծանոթացան «Ռախմանինովյան վայրեր» ինտերակտիվ ցուցադրությանը, որտեղ ներկայացվեցին դաշնակահար, դիրիժոր, հասարակական գործիչ Սերգեյ Ռախմանինովի կենսագրությունից բացառիկ փաստեր եւ լուսանկարներ, որոնցից շատերը ցուցադրվում էին առաջին անգամ։ Նյութերը տրամադրել էր ռուսական մշակութային ժառանգության պահպանման «Իվանովկա» արգելոց-թանգարանը։

«Ռուս հանճար Ռախմանինովի անունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Ականավոր կոմպոզիտորի, դաշնակահարի եւ դիրիժորի բազմակողմանի գործունեությունը կարեւոր հանգրվան է ոչ միայն ռուսական, այլեւ համաշխարհային երաժշտական մշակույթի պատմության մեջ: Երաժշտի հոբելյանն այսօր նշում են աշխարհի շատ երկրներում, եւ մենք ուրախ ենք, որ ականավոր վարպետի հիշատակը պահպանվում է նաեւ Հայաստանում։ Մեծ ոգեւորությամբ ընդունվեց արվեստի գործչին նվիրված ստեղծագործական երեկո կազմակերպելու նախաձեռնությունը։ Հանդիսատեսը ոչ միայն կլսի Ռախմանինովի փառահեղ ստեղծագործությունները, այլեւ հետաքրքիր փաստեր կբացահայտի նրա կյանքից, որտեղ, կարելի է տեսնել նաեւ հայկական հետքը»,- նշել է Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը հաճախ էր խոսում Ռախմանինովի վարպետության մասին։ Ինքը՝ Ռախմանինովը, երաժշտություն է գրել նաեւ հայ բանաստեղծների, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա։ Համերգային ծրագիրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամության յուրօրինակ խորհրդանիշ էր։

Ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Կարեն Շահգալդյանը  շնորհակալություն հայտնեց Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին արդյունավետ գործակցության համար՝ ընդգծելով, որ կենտրոնն այն եզակի հաստատություններից է, որը մեծ ուշադրություն է դարձնում հասարակության շրջանում արվեստի մասսայականացմանը՝ մշտապես խրախուսելով ստեղծագործական նախաձեռնությունները եւ նպաստելով մշակութային գործիչների միջեւ երկխոսության հաստատմանը:

Համերգի ծրագիրը բացվեց «Ֆանտազիա» ստեղծագործությամբ երկու դաշնամուրի համար՝ Արմինե Գրիգորյանի եւ Սոնա Բարսեղյանի կատարմամբ: «Գեղեցկուհի, մի՛ երգիր ինձ մոտ» ռոմանսը եւ «Ալեկո» օպերայից «Հին ամուսին» արիան հնչեցին Կատարինա Ֆարզադյանի կատարմամբ: Համերգի ավարտին հնչեց N2 էլեգիական տրիոն, որը կատարեցին ջութակահար Կարեն Շահգալդյանը, Ռուսաստանից թավջութակահար Դմիտրի Պրոկոֆեւը եւ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

Առաջիկայում Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ միջոցառումներ կլինեն՝ նվիրված հայ եւ ռուս մի շարք անվանի գործիչների հոբելյաններին: Մայիսի 5-ին Գյումրիում տեղի կունենա համերգ՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին:

 

 

 

 

 

«ԱԶԳԱՅԻՆ ՑԱՎԸ ՄՆՈՒՄ Է ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Ամերիկահայ երաժիշտ, SOAD-ի հայտնի անդամ Սերժ Թանկյանն ինստագրամյան իր էջում հիշեցրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին։ Նա կիսվել է գրառմամբ, որտեղ ասվում է. «Գիտակցումն ու ազգային ցավը մնում է մեր հավաքական հիշողության մեջ։ Այն շարունակ մեզ հիշեցնում է ամուր կապված միասնականության մասին, որը մենք պետք է կիրառենք, որպեսզի հասնենք ազգային բարգավաճման»։

 

Թանկյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի հանդեպ շարունակական ագրեսիային։ Նա կիսվել է ապրիլի 23-ին Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցի հետեւանքով հայ զինծառայողի մահվան եւ Արցախում՝ Հակարի գետի կամրջի մոտ ադրբեջանական կողմի անցակետ տեղադրելու լուրերով: «Ադրբեջանը տերորիստ պետություն է»,-գրել է Թանկյանը:-Ադրբեջանը շարունակում է կիրառել հայերի հանդեպ իր աօրինական շրջափակումը՝ տեղադրելով անցակետ»։

 

 

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՓՈՔՐԻԿ ԳԱԼԱԿՏԻԿԱ

James Webb տիեզերական աստղադիտակի դիտարկումներն օգտագործելու շնորհիվ՝ Մինեսոտայի համալսարանի գիտնականների թիմը հայտնաբերել է եզակի փոքրիկ գալակտիկա, որը նոր աստղեր էր «արտադրում» իր չափի համար չափազանց բարձր արագությամբ:

Մեծ պայթյունից ընդամենը 500 միլիոն տարի անց այս գալակտիկան այսպիսի հեռավորության վրա երբեւէ հայտնաբերված ամենափոքր գալակտիկաներից մեկն է, եւ դրա ուսումնասիրությունը կարող է օգնել աստղագետներին ավելին իմանալ գալակտիկաների մասին, որոնք գոյություն են ունեցել տիեզերքի ձեւավորումից անմիջապես հետո: Աշխատությունը հրապարակվել է Science ամսագրում, որն աշխարհի առաջատար գիտական ամսագրերից մեկն է համարվում:

«Այս գալակտիկան հեռու է բոլոր աստղադիտակների հասանելիության գոտուց՝ բացառությամբ James Webb-ի, եւ այս հեռավոր գալակտիկայի՝ իրենց տեսակի մեջ առաջին դիտարկումները տպավորիչ են»,- ասել է ուսումնասիրության ավագ հեղինակ, Մինեսոտայի համալսարանի Ֆիզիկայի եւ աստղագիտության դպրոցի դոցենտ Պատրիկ Քելլին։

«Մենք կարող ենք ուսումնասիրել անցյալը՝ գրեթե մինչեւ Մեծ պայթյունի շրջանը, եւ մենք երբեք այդքան մանրամասն չենք ուսումնասիրել գալակտիկաները, որոնք գոյություն են ունեցել տիեզերքի ձեւավորման սկզբում: Այս գալակտիկան գրեթե միլիոն անգամ ավելի քիչ ծավալ է զբաղեցնում, քան Ծիր Կաթինը, բայց մենք տեսնում ենք, որ այն դեռեւս ամեն տարի նույն թվով աստղեր է ձեւավորում»,- հավելել է նա:

Այս փոքրիկ եւ նոր գալակտիկան գիտնականները կարողացել են գտնել եւ ուսումնասիրել տիեզերական հետաքրքիր երեւույթի շնորհիվ, որը կոչվում է գրավիտացիոն լինզավորում: Այն առաջանում է, երբ զգալի զանգված ունեցող օբյեկտը թեքում է իր կողքով անցնող լույսը, ինչի արդյունքում ֆոնային օբյեկտի պատկերը կարող է մեծանալ։ Գրավիտացիոն լինզավորման շնորհիվ ֆոնային փոքր գալակտիկան 20 անգամ ավելի պայծառ է երեւացել, քան դրա իրական պայծառությունն է:

«Տիեզերքի ձեւավորման ժամանակ գոյություն ունեցող գալակտիկաները շատ տարբեր են այն գալակտիկաներից, որոնք մենք այժմ տեսնում ենք մոտակա տիեզերքում,- բացատրել է հոդվածի առաջին հեղինակ եւ Մինեսոտայի աստղաֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Հեյլի Ուիլյամսը:- Այս հայտնագործությունը կօգնի մեզ ավելին իմանալ առաջին գալակտիկաների բնութագրերի մասին, թե ինչպես են դրանք տարբերվում մոտակա գալակտիկաներից, եւ ինչպես են առաջացել վաղ գալակտիկաները»:

 




Լրահոս