էկոնոմիկայի նախարարությունը տուգանվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականին ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մի շարք հայտնի ընկերությունների՝ «Ալեքս գրիգ», «ՍԱՍ» գրուպ, «Վաղարշ եւ որդիներ», խոշոր չափերի տուգանքների ենթարկեց: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին նախարարությունն էլ իր հերթին է տուգանվել:

Նախ հիշեցնենք, որ 2013թ. նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 900 հազ. դրամ տուգանք էր նշանակել«Ալեքս գրիգ»-ին եւ 800 հազ. դրամ էլ «ՍԱՍ» գրուպին: Պատճառն այն էր, որ այդ ընկերություններին պատկանող սուպերմարկետներում խաղալիքները, լվացող, մաքրող միջոցները, էլեկտրական մի քանի տեսակի սարքավորոմները վաճառվում էին առանց համապատասխանության սերտիֆիկատի եւ հայերեն մակնշման: Ընդհանուր առմամբ, շուկայի վերահսկողության տեսչությունը 2013թ. հունվար-փետրվարին ստուգել էր 30 ընկերությունների, իսկ տուգանք նշանակվել էր 15-ի նկատմամբ՝ ընդհանուր հաշվով 3,1 մլն դրամի չափով: Նկատենք, որ այս ընկերությունները գերադասեցին անաղմուկ վճարել եւ փակել թեման:

Իսկ ահա «Վաղարշ եւ որդիներ» ընկերությանը պատկանող ոսկու շուկայի աշխատակիցների դուրս էին եկել էկոնոմիկայի նախարարության դեմ  դժգոհելով, որ նախարարությունը հարգադրոշմի բացակայության, իսկ իրականում թերության համար տուգանելիս ազնիվ չի եղել: Եւ իրենք մեղավոր չեն:

Աշխատակիցների այս պնդման հավաստիությունը երեւաց նաեւ այս ամիս: Այլ գերատեսչություններում ու ընկերություններում ստուգումներ իրականացնող եւ տուգանքներ նշանակող էկոնոմիկայի նախարարությունն ինքն է այս օրերին խախտում կատարել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հունվարի 3-ին Բագրատաշենի մասքային կետով էկոնոմիկայի նախարարության անունով ՀՀ է ներմուծել 3688 կգ քաշով խառը ապրանքներ, որի վերաբերյալ աշխատակազմի ղեկավար Տարասյանը սահմանված 10-օրյա ժամկետում չի ապահովել մաքսային հայտարարագրի ներկայացումը պատկան մարմիններին: Արդյունքում ՀՀ ԿԱ ՊԵԿ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Վ. Թամրազյանը խախտում կատարելու վերաբերյալ նյութեր է նախապատրաստել եւ փետրվարի 12-ին որոշել է Էմիլ Տարասյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանելով 50.000 դրամի չափով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ սա նշված օրը արձանագրված միակ դեպքը չի եղել: Պարզվել է, որ Էմիլ Տարասյանը նույն մաքսային կետով նույն օրը եւս 5101 կգ քաշով խառը ապրանքներ է ներմուծել դարձյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության անունով, որի համար նույնպես տուգանվել է… 50.000 դրամի չափով:

«Ժողովուրդ»-ը փորձեց Էմիլ Տարասյանց պարզել, թե ինչ ապրանքներ է ներմուծել եւ  ինչ դրդապատճառներով սահմանված ժամանակում չի ապահովել մաքսային հայտարարագրի ներկայացումը մաքսային մարմին: Պարզվեց, որ նա տեղյակ չէր, թե ինչ տուգանքի մասին է խոսքը, եւ, առհասարակ, ըստ նրա, նման բան չի էլ եղել.

«Առաջին անգամ եմ լսում: Եթե դա էկոնոմիկայի նախարարության անունով է, ապա նախարարությունը չի տեղեկացվել, որ ինչ-որ բան է իր անունով տեղափոխվել, եթե ինչ-որ գույք եկած լիներ, ապա ստորաբաժանումները կտեղեկացվեին: Կրկնում եմ՝ առաջին անգամ եմ լսում, որ իմ անունով կամ նախարարության անունով ապրանք է եկել ու չի մաքսազերծվել, առավել եւս՝ խառը ապրանքներ: Եթե նման բան կար, ապա նախօրոք պետք է տեղեկացվեինք:

Ավելին, Էմիլ Տարասյանը հետաքրքրվեց, թե մեզ հասած տեղեկություններով՝ որ մաքսային կետով է ինքն այդ ապրանքները ներմուծել Հայաստան: «Ժողովուրդ»-ը լուսավորեց նրան՝ տեղեկացնելով, որ իր անունից Բագրատաշենի մաքսային կետով են ապրանքները մտել մեր երկիր: Սակայն Տարասյանն էլի անդրդվելի մնաց ու պնդեց, թե, միեւնույն է, առաջին անգամ է լսում:

Նկատենք, որ Էմիլ Տարասյանը տուգանվել է փետրվարի 12-ին:

Ուշագրավն այն է, որ ի տարբերություն էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակված տուգանքների ահռելի չափերի՝ ՊԵԿ-ն առավել»բարի»է գտնվել եւ երկու դեպքում էլ սահմանափակվել է նախարարության աշխատակցին 50.000 դրամի չափով տուգանք նշանակելով:

Քնար Մանուկյան  

«Ժողովուրդ» օրաթերթ




Լրահոս