ՄԱՇԱ ՄՆՋՈՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների մրցույթում, որը տեղի կունենա հուլիսի 12-17-ը Բելառուսում, Հայաստանը կներկայացնի երգչուհի Մաշա Մնջոյանը։ Մաշա Մնջոյանը կրթությունը շարունակելու նպատակով Ավստրալիայում է եւ պատրաստակամություն է հայտնել լինել «Սլավյանսկի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակը։

 

«Այս պահին Մաշայի հետ երգերի ընտրության շուրջ քննարկման փուլում ենք, եւ հաջորդ շաբաթ արդեն հայտնի կլինեն, թե ինչ ստեղծագործություններով Մաշան կներկայանա այդ հեղինակավոր մրցույթում»,- տեղեկացնում է «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը։

Մնջոյանն էլ խոստովանում է՝ երբ առաջարկը ստացել է, շատ է ուրախացել ու միանգամից համաձայնել: «Ասացի՝ ինչ լավ է, որ ինձ դեռ հիշում են Հայաստանում, ու նորից կարող եմ իմ արվեստով ծառայել իմ երկրին»,- ասում է երգչուհին եւ հավելում՝ միշտ պատրաստ է Հայաստանը ներկայացնել միջազգային հեղինակավոր մրցույթներում:

«Ավստրալիայի երաժշտական ինստիտուտի «Երաժշտության ընդհանուր բաժնի» մագիստրատուրան ավարտելուց հետո Մաշա Մնջոյանը համագործակցում է եվրոպացի երգիչների եւ երաժիշտների հետ, երգում է տարբեր բեմերում։ Համերգներին փորձում է ներկայացնել հայկական երաժշտությունը՝ հանդիսատեսին ծանոթացնելով Հայաստանին: Նրա խոսքով՝ օտարները հավանում են հայկական երաժշտությունը, անգամ հուզվում են:

«Շուտով կլինեմ Հայաստանում, որպեսզի ավելի լավ նախապատրաստվեմ մրցույթին եւ հայաստանյան պատվիրակության հետ մեկնեմ Բելառուս»,- ուրախությամբ շեշտում է Մնջոյանը։ Մաշա Մնջոյանն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրը եւ մագիստրատուրան։ 2013 թվականին Հայաստանը ներկայացրել է Յուրմալայում կայացած «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում։ Նույն թվականին դարձել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի առաջին մրցույթի հաղթող։

 

 

 

 

ԳԱԿ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Գեղագիտության ազգային կենտրոնի հրավերով մայիսի 27-ից հունիսի 15-ը Վրաստանից եւ Իրանից Հայաստան ժամանած ժամանակակից արվեստագետները վարպետության դասեր, աշխատարաններ եւ հանդիպումներ կանցկացնեն Հայաստանում։

 

Կենտրոնն իր երեւանյան եւ մարզային ստորաբաժանումներով կդառնա արվեստային մեծ հարթակ այդ արվեստագետների համար՝ իրականացնելու եւ ներկայացնելու իրենց նախագծերն ու փորձը, փոխանցելու գիտելիքներն ու հմտությունները հայ պատանիներին եւ երիտասարդներին, հանդիպելու եւ փորձի փոխանակում ունենալու Հայաստանի տարբեր համայնքների արվեստագետների հետ։

Տիկնիկագործություն, պար, վիզուալ արվեստ, գեղագրություն, պատմասացություն. նախագիծն ընդգրկուն է եւ հետաքրքիր։ Այն դառնալու է մշակութային խաչմերուկ երեք երկրների արվեստագետների եւ արվեստասերների համար։

Ուսումնաճանաչողական եւ ստեղծագործական այս նախագիծը նաեւ հրաշալի հնարավորություն է մարզային արվեստասեր հանրության համար՝ ծանոթանալու միջազգային արվեստագետներին եւ նրանց ստեղծած արվեստին, ստեղծագործելու եւ ներկայացնելու տվյալ մարզի ազգային մշակութային ավանդույթներն ու հնարավորությունները: Հրավիրյալ արվեստագետներին եւս մշակութային օրակարգ է սպասվում։ Հայկական արվեստին ու մշակույթին ավելի լավ ծանոթանալու համար նախատեսվում են այցելություններ թանգարաններ եւ արվեստի այլ կենտրոններ։

Նախագիծը մեկնարկը կտրվի մայիսի 30-ին՝ ԳԱԿ պատկերասրահում վրացի արվեստագետ Գիորգի Միսաուրիի աշխատանքների անհատական ցուցահանդեսով։ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից եւ Իրանից» նախագիծն իրականացնում է Իրանի եւ Վրաստանի գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

 

 

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Երգչուհի Սիրուշոն հայտնել է, որ այս ամռանը՝ հուլիսի 15-ին, Կողբի փառատոնի շրջանակներում նա իր թիմով հանդես կգա համերգային շրջագայությամբ Տավուշի մարզում: Ի դեպ, հուլիսի 15-ին Հայաստանում նշվում է Վարդավառի տոնը:

«Այս ամառը ես եւ թիմս ելույթով այցելելու ենք Տավուշ»,- նշել է նա:

 

 

 

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը տեւական դադարից հետո նկարահանում է նոր տեսահոլովակ, բայց այս անգամ ոչ թե Փարիզում կամ Մադրիդում, այլ Հայաստանում՝ Վայոց ձորի մարզում:

Երգչուհին «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում իր հետեւորդների համար նկարահանման հրապարակից լուսանկարներով է կիսվում:

 

 

 

 

ԴԻՄԱՆԿԱՐ՝ ԴՈԼԼԱՐՆԵՐՈՎ

Լեոնարդո Դի Կապրիոն համարվում է հոլիվուդյան ամենապահանջված աստղերից մեկը։ Նախօրեին նրա դիմանկարը վաճառվել է Կաննի 76-րդ կինոփառատոնի բարեգործական աճուրդում 1,3 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Օրերս Կաննում կայացել է amfAR գալա երեկոն, որի ընթացքում միջոցներ են հավաքվում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար։ Լոտերից մեկում պատկերված էր Լեոնարդո Դի Կապրիոյի հսկայական ու յուրահատուկ դիմանկարը։ Կտավի նոր սեփականատերը Քրիստիան Լեւեթն է, ում, ըստ ամենայնի, չի շփոթեցրել աշխատանքի արժեքը։

Նշվում է, որ դերասանը Կանն է ժամանել մոր հետ։ Մասնակիցների թվում էին նաեւ Եվա Լոնգորիան, Քեյթ Բեքինսեյլը եւ Հայդի Քլումը, Հելսին, Գլեդիս Նայթն ու Ադամ Լամբերտը։

 




Լրահոս