ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիրելի՛ արցախցիներ,

 

«Project Skill Harbor» կրթական նախագիծը սկսում է 6-ամսյա անվճար եզակի դասընթացներ ՏՏ ոլորտում  մեծ պահանջարկ ունեցող հետեւյալ ուղղություններով՝ QA  (որակի ապահովում) եւ հաշվողական դիզայն «BeeGraphy», ինչպես նաեւ Python-ի եւ տեխնիկական անգլերենի դասընթացներ՝ նշված ուղղությունները հեշտությամբ յուրացնելու համար: Դասընթացները ձեզ կտան  համապարփակ գիտելիք եւ հմտություններ, որոնք անհրաժեշտ են այսօրվա տեղեկատվական համայնքում  հաջողակ կարիերա սկսելու համար: Երկու շաբաթ ծրագիրը փորձարկելուց հետո դուք կկարողանաք ընտրել ձեզ անհրաժեշտ ուղղությունը:

Դասընթացի առավելություններից է անհատականացված մոտեցումը, որը ձեզ հնարավորություն կտա կազմել եզակի ուսումնական ծրագիր՝ ձեր մասնագիտական նպատակներին եւ հետաքրքրություններին համապատասխան:

Ինչպե՞ս մասնակցել

Ուսումնական նախագծին մասնակցելու, ինչպես նաեւ մանրամասներին ծանոթանալու համար միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին՝ Educational Project Skill Harbor, այնուհետեւ ուղարկե՛ք ձեր մասին հիմնական տեղեկությունները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար [email protected] հասցեին: Գրանցումը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կստանաք նախագծի Demo տարբերակի ներկայացմանը մասնակցելու հրավեր, որտեղ նշված կլինի ուսումնական հաստատություն այցելության օրը, ժամը եւ հասցեն: Demo-ի ընթացքում կծանոթանաք  6-ամսյա դասընթացներից յուրաքանչյուրի ծրագրին եւ  կընտրեք զարգացման ուղղությունը։ Դասընթացի ավարտից հետո Project Skill Harbor-ը  կաջակցի ձեզ հարցազրույցներին պատրաստվելու հարցում, կստանաք նաեւ  խորհրդատվություն՝ Ձեր պրոֆիլին համապատասխանող առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Ծրագրին կարող են դիմել 17-22 տարեկան տղաներ եւ աղջիկներ:

Դասընթացների սկիզբը՝ 10.01.2024թ.:

Դիմումներն ընդունվում են մինչեւ 29.12.2023թ.:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին:

QA թեստավորում

QA-ն կամ որակի վերահսկողությունը պրակտիկ գործընթաց է, որի նպատակն է կանխել սխալները, որոնք կարող են առաջանալ ծրագրավորման աշխատանքի ընթացքում։ QA մասնագետի ճիշտ եւ համակարգված աշխատանքի շնորհիվ այսօր կազմակերպությունները կարողանում են ստեղծել հաճախորդի պահանջներին համապատասխան պրոդուկտ/ծառայություն:

Հաշվողական դիզայն՝ BeeGraphy

Նրանք, ովքեր կընտրեն հաշվողական դիզայնը, ձեռք կբերեն բացառիկ հմտություններ եւ հնարավորություն ինտեգրվել առաջադեմ CAD (Computer-Aided Design) տեխնոլոգիաների ոլորտին եւ պատրաստվել հաջող մեկնարկի մասնագիտական ոլորտում, այդ թվում՝ BeeGraphy ստարտափում, որն ապահովում է հաշվողական դիզայնի ոլորտում առաջադեմ գործիքներ եւ տեխնոլոգիաներ։

Python

Դասընթացը կսովորեցնի ինչպես օգտագործել Python-ը տվյալների վերլուծության, վեբ մշակման, գիտական հաշվարկների եւ այլնի համար: Python-ը ակտուալ կիրառություն ունի Back-End ծրագրավորման, տվյալների վերլուծության, արհեստական բանականության, ինչպես նաեւ համակարգչային գիտության բնագավառներում:

Տեխնիկական անգլերեն

Այս դասընթացը նպատակ ունի մասնակիցներին տրամադրել անհրաժեշտ լեզվական գործիքներ եւ ոլորտին հատուկ տերմինաբանություն՝  ՏՏ ոլորտին առնչվող տարբեր շրջանակներում վստահ եւ արդյունավետ հաղորդակցվելու համար։ Դասընթացի ավարտից հետո կկարողանաք ընդլայնել ընդհանուր անգլերեն լեզվի հմտությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՏՏ տերմինաբանությանը եւ բառապաշարին»:

 

 

 

 

ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Ամանորյա հեքիաթների հերոսներն արցախցի փոքրիկների օգնությամբ փրկեցին Նոր տարին՝ գտնելով ժամանակի մեքենան, որը խափանվել էր չար հերոսների ձեռքով. Team Telecom Armenia-ն Հայաստանի երգի պետական թատրոնի հետ համագործակցությամբ «Իմ Նոր տարի» մանկական ինտերակտիվ երաժշտական ներկայացման տոմսեր է նվիրել 1000 արցախցի երեխաների՝ նրանց փոխանցելով Ամանորի հրաշքը եւ պարգեւելով ուրախ ժամանց։

 

Team Telecom Armenia-ի փոխտնօրեն Արամ Բարսեղյանը նշում է, որ այս համագործակցությունն ամբողջացնում է ընկերության կողմից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության ծրագրերը. «Սեպտեմբերյան ցավալի իրադարձությունների ընթացքում եւ դրանից հետո մենք հեռախոսի ու ինտերնետ կապի հասանելիությամբ ապահովեցինք արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ ակտիվացնելով 097 կոդով հեռախոսահամարները Հայաստանի տարածքում եւ տրամադրելով անվճար կապ՝ 6 ամիս ժամկետով։ Ուրախ եմ նշել նաեւ, որ այս ընթացքում արցախցի շատ մասնագետներ են միացել մեր թիմին։ Շարունակելով մեր աջակցության ծրագրերը՝ Team-ով որոշեցինք միանալ Երգի պետական թատրոնին՝ Ամանորին հեքիաթային ժամեր ու ժպիտներ պարգեւելու արցախցի երեխաներին»։

Ներկայացմանը մասնակցում են Արցախից բռնի տեղահանված եւ կորուստ ունեցող ընտանիքների երեխաները։ Վերջիններիս ընտրությունը կատարվել է «Հայորդի» նախաձեռնության միջոցով։

«Գործունեության ամբողջ ընթացքում Երգի պետական թատրոնն ուշադրության կենտրոնում է պահել արցախցի հանդիսատեսին եւ ամեն տարի Ամանորին ներկայացումներ է ունեցել Արցախում,- պատմում է թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը։ – Մեզ համար անչափ կարեւոր էր պահպանել այս ավանդույթը եւ արդեն Հայաստանում հյուրընկալել մեր փոքրիկներին։ Հույս ունենք, որ ներկայացումից հետո նրանք կրկին կհավատան հրաշքին ու երազանքներին՝ անկախ ամեն ինչից։ Ուրախ ենք, որ տեսանք նրանց փայլող աչքերը եւ լսեցինք բարձր ծիծաղը»։

«Իմ Նոր տարի» երաժշտական ներկայացումը բեմում կլինի մինչեւ հունվարի 7-ը։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը The Guardian-ի կողմից  ճանաչվել է 2023 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Նորվեգացին առաջին տեղն է զբաղեցրել 218 փորձագետից բաղկացած քվեարկության արդյունքում:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն  27-րդն է: Քվեարկությանը մասնակցել են նախկին ֆուտբոլիստներ ու մարզիչներ, ինչպես նաեւ լրագրողներ։

The Guardian-ի կողմից կազմված տասնյակն այսպիսի տեսք ունի.

  1. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի)
  2. Ջուդ Բելինգեմ (Ռեալ Մադրիդ)
  3. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
  4. Հարի Քեյն (Բավարիա)
  5. Ռոդրի (Մանչեսթեր Սիթի)
  6. Վինիսիուս Ժունյոր (Ռեալ Մադրիդ)
  7. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)
  8. Կեւին դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի)
  9. Վիկտոր Օսիմհեն (Նապոլի)
  10. Լիոնել Մեսի (Ինտեր Մայամի):

 

 

 

ՀՖՖ ՕՐԱԿԱՐԳԸ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական՝ 24-րդ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին, մեկնարկը՝ ժամը 13:00-ին. հաղորդում է ՀՖՖ-ն: Օրակարգում ընդգրկված է 14 հարց, որոնց թվում է ՀՖՖ նախագահի ընտրությունը: ՀՖՖ ժողովին լրագրողների ներկայություն նախատեսված չէ:

 

 

Ն. ԹԻԿՆԻԶՅԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունը կատակել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի հասցեին:

«Այն զգացողությունը, երբ առավոտդ սկսում ես ոչ թե 3:30-ին, այլ ծովում՝ մի բաժակ սուրճով»,- գրված է տելեգրամյան գրառման մեջ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Տիկնիզյանի կինը՝ «ԾՈՑփ ՁԹ»-ի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան, խոստովանել էր, որ ամուսինն արթնանում է առավոտյան ժամը 3։30-ին, որ իրեն աշխատանքի ուղեկցի:

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի՝ Սուպերլիգայի վերաբերյալ կայացրած որոշումը: «Կարծում եմ՝ դա կարեւոր որոշում էր բոլոր ակումբների համար: Լավ է, որ մրցաշարերի կազմակերպման հարցում մենաշնորհ չի լինելու։ Բացի այդ, օրացույցը կարող է բարելավվել, ինչը դրական է բոլորի համար։ Ի՞նչ եմ մտածում Սուպերլիգայի ձեւաչափի մասին: Ես դեռ պետք է նայեմ դա, բայց այս որոշումը, ինչպես արդեն ասացի, լավ կազդի ֆուտբոլի վրա»,- The Athletic-ի հետ զրույցում ասել է Անչելոտին: Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում էին կազմավորել Սուպերլիգան: Դատարանը թույլատրել է նախագծի վերակազմավորումը: Ըստ որոշման՝ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ներկայիս կանոնները «հակասում են մրցակցային օրենսդրությանը եւ ծառայությունների մատուցմանը»:

 

 

 




Լրահոս