ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ «ՄԵՐՍԻՆԵՐ» ՍՏԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հունվարի 17-ին հայտարարություն էր տարածել, որ դադարեցվել են Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանի լիազորությունները, եւ վերջինիս որոշումները կասեցվել են:

 

ArmLur.am-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ տեղյակ չէ որոշման մասին:

-Պարո՛ն Ավագյան, ինչու՞ է կուսակցության խորհուրդը Ձեր լիազորությունները դադարեցել, ո՞րն է պատճառը:

-Ես տեղյակ չեմ դրա մասին, մամուլից եմ իմացել: Չգիտեմ՝ այդ որոշումներն ով է ընդունում, օրենքի ուժ ունի, թե ոչ, ինչ է նշանակում այդ գրածը: Այն, ինչ տեսել եք, հրապարակային է եղել, բոլորը տեսել են հայտարարությունը, ու ինձ մոտ էլ է դա հարցեր առաջացրել: Կճշտեմ հետագայում, դեռ ոչ մի գործողություն չեմ արել:

-Իսկ չե՞ք փորձել կապվել կուսակցության խորհրդի հետ՝ պարզաբանում ստանալու:

-Ո՛չ, չեմ փորձել ոչ մեկի հետ կապվել, չեմ էլ փորձելու: Ես չգիտեմ էլ՝ կուսակցության խորհուրդն ինչ նիստ է արել, ովքեր են որոշումներ կայացրել:

Ես հրապարակային ֆրակցիայի անունից հայտարարություն էի տարածել, որ մեր կողմից ընդունելի չէ, եւ մենք չենք մասնակցել ոչ մի նիստի:

-Դուք կուսակցության փոխնախագահն եք, նիստ են արել ու Ձեզ չե՞ն տեղեկացրել այդ մասին:

-Չգիտեմ, ես չեմ ուզում մեկնաբանել ներքին հարցերը, չեմ ուզում դրա մասին խոսել: Այն, ինչ տեսել եք, հրապարակային է եղել, բոլորը տեսել են, ու ինձ մոտ էլ է հարցեր առաջացրել: Կճշտեմ հետագայում, ոչ մի գործողություն չեմ արել, միայն մի բան կասեմ՝ շարունակում եմ դեռ Արտակ Գալստյանի կողմից «մերսիներ» ստանալ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՀՀ-ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը համատեղ մամուլի ասուլիս է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։

 

«Այսօրվա մեր քննարկումների ընթացքում անդրադարձանք երկկողմ օրակարգի մի շարք հարցերի եւ տարբեր, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Քաղաքական երկխոսության զարգացմանը զուգահեռ՝ տնտեսական ոլորտում առկա է չօգտագործված հսկայական ներուժ։ Նախորդ տարվա փետրվարին նախարար Ռադմանի այցի ժամանակ Երեւանում կայացած գործարար համաժողովը ստացավ առանձնահատուկ կարեւորություն, եւ մենք շահագրգռված ենք առեւտրատնտեսական համագործակցության առաջմղմամբ ու ընդլայնմամբ՝ միտված շոշափելի արդյունքներ արձանագրելուն»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով. «Այսօր մենք քննարկեցինք նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ընթացիկ գործընթացներն ու իրականացվող քայլերը: Այս հարաբերությունների հետագա խորացման մեր քաղաքացիների ձգտումը հիմնված է այն ընդհանուր արժեքների վրա, որոնց մեր քաղաքացիները հարում են Հայաստանում, Խորվաթիայում եւ Եվրոպական միությունում խթանվող՝ հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ հիմնարար սկզբունքների տիրույթում: Միեւնույն ժամանակ, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման մեր հանձնառությունը բխում է մեր քաղաքացիների համար ավելի լավ եւ անվտանգ միջավայրի տեսլականից: Այսպիսով, իմ խորվաթ գործընկերոջ հետ մենք դիտարկել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ողջ շրջանակը, որն ընդգրկում է մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, մարդկանց միջեւ շփումները, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ անվտանգության հարցերը: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով, այն է՝ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը ՀՀ-ում եւ անվտանգային հարցերով երկխոսությունը:

Այսօր հնարավորություն ունեցանք նաեւ անդրադառնալ նաեւ բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերին, այն միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, որտեղ Հայաստանն ու Խորվաթիան արդեն իսկ ունեն կամ դեռ կշահեն առավել սերտ համագործակցությունից:

Հարգելի՛ գործընկերներ,

Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն եւ իրական շահագրգռվածություն երկարաժամկետ լուծումների հարցում: Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ հիմնված հայտնի սկզբունքների եւ պայմանավորվածությունների վրա։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որեւէ երկիմաստության։ Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար, որը, մեր համոզմամբ, պետք է իրականացվի՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի եւ հիմնված լինի Խորհրդային Միության ամենաթարմ ու օրինական քարտեզների վրա:

Մենք նաեւ վստահ ենք, որ կապուղիները, որոնք կարող են ապաշրջափակվել տարածաշրջանում, հաղորդակցությունները՝ տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաեւ նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության առաջխաղացմանը, եւ մենք կարծում ենք, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է ապաշրջափակվեն համապատասխան այդ երկրների ինքնիշխանությանը, իրավազորությանը եւ հավասարության ու փոխադարձության սկզբունքների համաձայն։

Ավելին, խաղաղության եւ փոխկապակցվածության այս գաղափարն առաջ մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը, ինչպես ասացի, ուղղված է տարածաշրջանում փոխկապակցվածությունն ավելացնելուն եւ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»։

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունվարի 18-ին հանդիպել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղության հաստատմանը վերաբերող վերջին զարգացումները: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը իր զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչած ապակառուցողական ու խաղաղության օրակարգից շեղող հայտարարություններին։

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շեշտել է, որ ԽՍՀՄ նախկին անդամ պետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, միմյանց սահմանները ճանաչում են 1991թ. դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ԽՍՀՄ փլուզման պահին առկա ամենավերջին քարտեզների հիման վրա: Նախարարի տեղակալը նաեւ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման հրամայականը։

Վահան Կոստանյանն արձանագրել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, որի 4 հայտնի սկզբունքները՝ ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն ու հավասարություն, ավելի վաղ արդեն իսկ համաձայնեցվել էին կողմերի միջեւ:

 

ՆՈՐ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԶԵՆՔԻ

ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ փորձարկել է DragonFire ուղղորդված էներգետիկ լազերային զենքի համակարգը օդային թիրախների դեմ՝ Շոտլանդիայի Հեբրիդյան պոլիգոնում։ Միացյալ Թագավորության կառավարության մամուլի ծառայությունը նշում է.

«Ապագայի առաջադեմ ռազմական լազերը առաջին անգամ փորձարկվել է Մեծ Բրիտանիայում»:

Կառավարությունը չի նշում լազերային զենքի հեռահարությունը, սակայն ասվում է, որ այն կարող է խոցել «ցանկացած տեսանելի թիրախ»։

«Ճշգրտությունը համարժեք է մեկ կիլոմետր հեռավորությունից 1 ֆունտ արժողությամբ մետաղադրամին հարվածելուն», – նշված է հաղորդագրությունում:

 

 

 




Լրահոս