ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչների կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ համագործակցաբար բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

 

«2024թ. հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՎ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ չորս անձինք խմբի կազմում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքից ձեռք բերելով տարբեր տեսակի թմրամիջոցներ, Երեւան քաղաքում իրացնելու նպատակով զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ:

Նույն օրը ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս վերը նշված անձինք, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ներարկիչ՝ լցված 0,3 միլիգրամ կարմրագույն լուծույթով, երկրորդի մոտից՝ 3.44 գրամ ընդհանուր քաշով ապակյա գլանակ՝ մոխրացած պատերով, երրորդի մոտից՝ գաղտնի փականով, 9սմ երկարությամբ եւ 1սմ լայնությամբ շեղբով ծալովի դանակ, իսկ չորրորդ անձի մոտից՝ փայլաթիթեղի մեջ լցված, կպչուն ժապավենով փաթեթավորված շագանակագույն, սուր հոտով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Նախնական տվյալներով՝ վերջինս, որը հանդիսանում է Երեւան քաղաքի 35-ամյա բնակիչ, իր վերոհիշյալ երեք ընկերների հետ նախնական համաձայնության գալով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու եւ Երեւան տեղափոխելու հարցի շուրջ, նրանց հետ միասին 2024թ. հունվարի 17-ին ավտոմեքենայով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից ուղեւորվել են Սյունիքի մարզ, որտեղից ապօրինի ձեռք են բերել պոլիէթիլենային թաղանթով եւ փայլաթիթեղով փաթեթավորված ընդհանուր 799.39 գրամ քաշով, նախնական տվյալներով, հերոին տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է Երեւանի բնակչի անձնական խուզարկության ժամանակ:

Բացի այդ, վերջինս, լինելով ձերբակալվածի կարգավիճակում, 2024թ. հունվարի 18-ին՝ ժամը 02:00-ին, ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող զուգարանի պատուհանից դիմել է փախուստի, սակայն ժամը 02:04-ին Եղեգնաձոր քաղաքում հայտնաբերվել է եւ տեղափոխվել Ոստիկանության բաժին:

Այս դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական եւ ապացուցողական գործողություններ: Մասնավորապես, կատարվել է ավտոմեքենայի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 24.80 եւ 9.95 գրամ քաշով թղթե փաթեթներ՝ նախնական տվյալներով կանեփի բույսից պատրաստված թմրամիջոցի նմանվող զանգվածով։ Նշանակվել են փորձաքննություններ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով։

Քննությամբ պարզվել է նաեւ, որ Երեւան քաղաքի վերոհիշյալ բնակիչը, տեղյակ լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 1 տարի ժամանակով զրկված լինելու մասին, 2024թ. հունվարի 16-ին՝ ժամը 21:43-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում վարել է օրենքով սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած «Վազ 21154» մակնիշի տրանսպորտային միջոցը:

Հիշյալ անձանցից երեքին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը), իսկ Երեւան քաղաքի բնակչին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) եւ 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):

Դատարանի որոշմամբ՝ երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, հանցավոր շղթայում այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՋՐԱՀԵՂՁ Է ԵՂԵԼ

Հունվարի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Ծովակ գյուղի գյուղապետից, որը հայտնել է, որ Ծովակ բնակավայրի մոտակայքում՝ Սեւանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել, դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը եւ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը:

Քաղաքացու որոնողական աշխատանքներին մասնակցել են փրկարարները, ջրային պարեկներն ու քաղաքացիները:

Մի քանի ժամ տեւած որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացիները ափից 300-400 մետր հեռավորությունից ու մոտ 5 մետր խորությունից դուրս են բերել դին, ապա մոտեցրել ափին, այնուհետեւ փրկարարները պատգարակով դին մոտեցրել են դիատարին:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծովակ գյուղի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանն է:

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

ՎՆԱՍԸ՝ 877 ՄԼՆ ԴՐԱՄ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Բուզանդ 1/3 հասցեում գտնվող՝ Երեւան համայնքին պատկանող շենքի վերաբերյալ փաստաթղթերը։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2010-2023 թվականն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք նույն համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Բուզանդի 1/3 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքից մի շարք տարածքներ՝ ակնհայտ ցածր գներով, վարձակալության են հանձնել տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։

2010-2020 թվականներին Երեւան քաղաքի ավագանին իր ծրագրում գույքի վարձակալության վարձավճարների չափերը սահմանելիս նշել է, որ վարձակալության տրամադրվող գույքի (տարածքի) ամսական վարձավճարի չափը որոշվում է Կառավարության՝ 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ։

Երեւան քաղաքի ավագանին, 2021 թվականից սկսած (վերոնշյալ որոշումը ուժը կորցրած ճանաչվելուց հետո), իր սեփականությունը համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարման ծրագրում սահմանել է, որ վարձակալության տրամադրվող գույքի (տարածքի) ամսական վարձակալական վճարների նվազագույն մեծությունը որոշվում է շուկայական գնահատմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի հունիսի 4-ի 914-Ն որոշման։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, յուրաքանչյուր տարի վերոնշյալ ծրագրի դրույթներին համապատասխան գործելու փոխարեն, համայնքին պատկանող անշարժ գույքը կամայականորեն եւ ակնհայտ ցածր գներով վարձակալության են տրամադրել մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, մինչդեռ պետք է սահմանված բանաձեւերով հաշվարկվեր վարձավճարի նվազագույն գինը, նշված գնով տարածքի վերաբերյալ աճուրդ կամ մրցույթ հայտարարվեր, ձեւավորվեր շուկայական արժեքը, օրենսդրության փոփոխմամբ պայմանավորված՝ տարածքներն անկախ գնահատողի կողմից ենթարկվեր շուկայական գնահատման:

Նախնական տվյալներով՝ համայնքին պատճառվել է ըստ շուկայական միջին գնի՝ շուրջ 877 մլն դրամի վնաս (պատճառված վնասի չափերը հաշվարկված են Դատախազության դիմումի հիման վրա՝ Երեւանի քաղաքապետարանից ստացված՝ 28 վարձակալներից ընտրանքային տարբերակով ուսումնասիրված 7 վարձակալների վարձավճարների չափերի հիման վրա)։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերեւույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2024 թվականի հունվարի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելով՝ պետությանը (համայնքին) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը):




Լրահոս