ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԻ ԱՐԱՐՈՒՄՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լայն տարածում ստացած թյուր կարծիք կա, թե պատմագիտությունը հեռու է ճշգրիտ լինելուց։ Սակայն, պատմությունը համակարգային իմացության տիրույթում է, այն լոկ փաստերի, թվերի եւ անունների շարադրանք չէ։ Պատմությունը անցյալի միջոցով  ներկայի արարումն է ապագայի լինելիության համար։ Կարդում ես Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդ Սուրենյանցի խոսքը եւ համոզվում, որ պատմությունը սիրում է կրկնվել դրա դասերը չյուրացրած ժողովուրդների համար։

 

«Հայրենիքի պայծառ հորիզոնը նորից մթնեց, խաղաղ կյանքը նորից խանգարվեց. հայ արնաքամ ժողովուրդը սահմանների վրա տեղահան բաց երկնքի տակն է մնացեր. մեր սահմանների վրա նորից գոռում են թնդանոթները, դարձյալ երկու տարի առաջվա մղձավանջը տիրել է ամենուրեք, եւ ամենքի բերնից լսվում է «գալիս է թշնամին»։ Այո, Հայո՛ց ժողովուրդ, գալիս է թշնամին, անգութ թշնամին, նա արդեն մեր դռան, մեր դեմ կանգնած է եւ յուր վերջին ուժերը հավաքած՝ հուսահատ կռիվ է մղում եւ ուզում է մեզ բոլորովին տանից-տեղից, հայրենիքից եւ ազատությունից զրկել եւ Իսրայելի նման մեր ոսկորներ անապատի մեջ ցիրուցան անել։ Ի՞նչ ես մտածում դու անել. կռվե՞լ քաջաբար եւ մեռնել հերոսաբար, թե՞ հավիտենական ստրուկ դառնալ կամ պարանոցդ թշնամու սրի առաջ պարզել եւ ոչնչանալ։ Հեռու, հեռու քեզանից այդ ինքնակործան միտքը։ Եթե քեզ համար թանկ է հայրենիքը, եթե դու սիրում ես ազատ ապրել, եթե քեզ համար նվիրական եւ սուրբ է հայի անունը, պատիվը, հայրերիդ ու պապերիդ արյունով ներկված եկեղեցին, ընտանեկան սրբությունը եւ օջախը, ապա ժամանակն է, որ դու զենքը ձեռքիդ պաշտպան հանդիսանաս վտանգված հայրենիքիդ։

… Երկու տարվա կյանքը մեզ սովորեցրեց, որ մենք պետք է պաշտպանենք մեր մայրենիքը, օտարը մեզ չօգնեց եւ չի օգնելու։ Հայ քաջարի՛ զինվոր, դու քո քաջությամբ եւ անվեհերությամբ աշխարհք զարմացրիր, հավաքի՛ր ուժերդ վերջին անգամ, տո՛ւր մի անգամ էլ քո մահացու հարվածը հայրենիքի եւ հայի ազատությունը ջնջել ցանկացող անողորմ թշնամուն։ Հավատա՛ եւ հավատա՛, թե քո այդ վերջին հարվածով հավիտյանս կջարդես թշնամուն անկանգուն կերպով, որովհետեւ սա նրա վերջին հուսահատական կռիվն է՝ կա՛մ ոչնչանալ հավիտյան եւ կա՛մ ոչնչացնել քեզ։

… Գնացեք կռվեցե՛ք քաջաբար եւ ձեր սրերով մաքրեցե՛ք ձեր ճանապարհը դեպի ձեր մոխրացյալ վաթանը՝ Մուշն ու Սասուն, դեպի Ս. Կարապետ ու Աղթամար։ Իսկ դուք՝ Արարատյան աշխարհի հարազատներ, Վաղարշապատի, Օշականի, Աշտարակի, Սարդարապատի, Ապարանի, Շիրակի, Ծաղկաձորի եւ Գեղարքունյաց զավակներ, թողե՛ք ծերերին, ձեր մայրերին եւ քույրերին ձեր տնային աշխատանքները, ձեր ազատության վտանգ է սպառնում, թռե՛ք դեպի սահմանագլուխներ, հիշեցե՛ք Զեյվան ու Սարդարապատ, որտեղ ցույց տվիք ձեր քաջությունը, որտեղից թշնամուն հալածական փախցրիք, ելե՛ք ի հանդես, ներքին թշնամիները մաքրեցիր, մաքրի՛ր քաջաբար եւ արտաքին թշնամուդ, որպեսզի Մասիսի գլխին տնկված Հայկական դրոշակն անսասան մնա։

… Ես հավատում եմ, իմ սիրելի՛ ժողովուրդ, քո քաջությանը, ես հավատում են քո անշեղ հարվածին, ես հավատում եմ Հայաստանի հզոր Աստծուն եւ նրա սքանչելիքներին. նա ուժ տվեց ու կարողություն մեր մի բուռ քաջերին, երկու տարի անընդհատ հարվածելու հայրենիքի եւ եկեղեցու թշնամուն. նա այս անգամ եւս կտա հայրենիքի քաջերին փառավոր հաղթանակը եւ խրոխտացած թշնամուն խորտակված ցիրուցան կհալածե»։ (2 հոկտեմբերի, 1920 թվական, Վաղարշապատ։ «Էջմիածին» շաբաթաթերթ)։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Հայաստանյան լրատվադաշտում եւ սոցցանցերի հայկական տիրույթում քննարկումների առարկա է դարձել ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ «Ամերիկայի ձայն»-ի պատրաստած տեսանյութը, որում փորձ է արված համադրել այդ կառույցում Հայաստանի եւ այլ երկրների (ԱՄՆ, ՌԴ, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան) քվեարկությունները: Չնայած մտահաղացման հետաքրքիր լինելուն՝ պետք է փաստել, որ քվեարկությունների եւ դրանց համադրության վերլուծության փորձը թերի է եւ ոչ հաջողված:

 

Վերլուծության մեջ ամբողջովին անտեսված է քվեարկության դրվող հարցերի բովանդակային կողմը, իսկ քվեարկությունների պատկերը ներկայացված է խիստ ընտրողաբար: Անհասկանալի է, թե ինչու եւ ինչ չափորոշիչով են տեսանյութում առանձնացվել ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 երկրներից միայն մի քանիսը։

Քվեարկությունները Միավորված ազգերի կազմակերպության առօրյա գործունեության մասն են, եւ դրանց, որպես կանոն, նախորդում են բանակցային գործընթացներ, որի շրջանակներում ՄԱԿ-ի տարբեր անդամ երկրներ փորձում են համաձայնության հասնել բազմաթիվ հարցերի շուրջ։ Բանակցային այդ գործընթացում կարեւոր են ինչպես միջազգային տարբեր հարթակներում համագործակցության վերաբերյալ տարբեր երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, այնպես էլ կուլիսներում ձեռք բերվող իրավիճակային համաձայնությունները՝ հիմնված փոխադարձության սկզբունքի վրա: Այս կարեւոր գործոնները եւս անտեսվել են վերլուծության մեջ:

ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերլուծության օբյեկտիվության պահպանման համար կարեւոր է հաշվի առնել նաեւ Հայաստանի պետական շահերը քվեարկության դրվող բանաձեւերի համատեքստում, ինչը նույնպես անտեսվել է: Քվեարկությունների վերլուծության շրջանակներում հաշվի չեն առնվել նաեւ տարբեր քվեարկություններից հետո անդամ երկրների ներկայացուցիչների բացատրական ելույթները, որի իրավունքից օգտվում է նաեւ Հայաստանը՝ պարզաբանելով այս կամ այն հարցում իր դիրքորոշումը:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ վերոնշյալ վերլուծության մեջ առկա թերություններին իր պաշտոնական մեկնաբանության մեջ անդրադարձել է անգամ ՀՀ ԱԳՆ՝ հստակ ամրագրելով. «ՀՀ-ն քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից, հաշվի առնելով ներկայացված բանաձեւերի բովանդակությունը, նախապատմությունը, քննարկման ընթացքը, այլ ոչ թե այլ երկրների հաճոյանալու ցանկությունից»։

Ամփոփելով նշենք, որ ցանկացած երեւույթի վերլուծության ժամանակ օբյեկտիվության եւ ճշգրտության ապահովման համար անհրաժեշտ է այն դիտարկել համակողմանիորեն եւ ոչ թե ընտրողաբար, հակառակ դեպքում վերլուծության արդյունքները չեն կարող արտացոլել իրական պատկերը, այլ կդառնան հանրությանը շփոթության մեջ գցող փաստերի մանիպուլյացիա:

Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

«ԻՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆՏԵՂ Է»

«Կառավարություն եկել եմ այն խնդրանքով, որ առաջինը մեր Արցախը հետ տան, մենք էլ վերադառնանք մեր տները»,- փետրվարի 20-ին՝ կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց հադրութցի Անուշիկ Ասրյանը:

«Ես երկու անգամ եմ տարհանվել՝ նախ՝ Հադրութից, որից հետո գնացել եմ Ստեփանակերտ, հրաժարվել եմ սերտիֆիկատից, ասել եմ՝ ես մեր հող ու ջուրն եմ ուզում: Ես 41 տարի այնտեղ ապրել եմ, ամուսնացել եմ, 5 երեխա եմ ունեցել, իմ մանկությունը, հիշողությունը ամեն ինչ այնտեղ է: 2020-ի պատերազմից հետո հետ եմ գնացել  Ստեփանակերտ, էնտեղ տուն եմ ստացել: 44-օրյա պատերազմում հա՛մ տղես է զոհվել, հա՛մ փեսաս: Ես չեմ պատկերացրել, որ Ստեփանակերտն էլ կտան թուրքերին:

Հիմա դռնեդուռ եմ ընկել: Եթե մենք չենք գնալու Արցախ, թող գոնե մեր երեխեքի շիրիմները բերեն, մենք կարողանանք երեխեքի գերեզմաններին մի ծաղիկ դնենք, շիրիմները մաքրենք»,-ասաց նա:

Կինն ասաց, որ փեսան՝ Արմեն Բադասյանը, Մարտական խաչի է արժանացել. «Հիմա աղջիկս այդ Մարտական խաչի գումարներն էլ չի ստանում, երեխաների նպաստներն էլ են կտրել, երկու անչափահաս երեխա ունի: 50-հազարական դրամ ստանում էր, հիմա էլ չեն տալիս:

Ես հիմա վարձով ապրում եմ Չարենցավանում, մինչեւ տեսնենք՝ մեր հարցն ինչպես է լուծվում: Ես երկրորդ կարգի հաշմանդամություն ունեմ: Երբ տղաս զոհվել է, ինձ ինսուլտ է խփել, կոմայի մեջ եմ ընկել, մի քանի օր հետո իմացա, որ բալաս չկա: Դեղերով ապրում եմ, բայց սա ապրել չի: Ամուսինս 1990-ականների պատերազմի մասնակից էր, հաշմանդամություն ունի, բայց նորից գնաց պատերազմ: Ամուսինս ու երկու որդիներս»:

Հարցին, թե ինչ ակնկալիք ունի կառավարությունից, Անուշիկ Ասրյանը պատասխանեց. «Ոչ մի հույս չունեմ: Այն պատճառով, որ մեզ որպես զոհվածի ծնող առաջնահերթ տուն են տվել Ստեփանակերտում, բայց հիմա դա էլ եմ կորցրել: Չգիտեմ՝ էլ ինչ մտածեմ: Եթե պետք է տունը կորցնեի, թող ժամանակին ասեին, տղայիս տեղափոխեինք «Եռաբլուր»:

Չեմ կարողանում համակերպվեմ իմ հայրենիքի կորստի հետ: Եթե հետ չենք գնալու, գոնե մեր երեխեքի շիրիմների համար մի բան մտածեն, մի տեղ սարքեն, ես տանեմ իմ երեխու նկարի մոտ մի ծաղիկ դնեմ: Բայց ոչ մի լուծում չկա»:

 

 




Լրահոս