Հայաստանը հիմա ակնկալիքներ չունի, որ կարճաժամկետ հեռանկարում ռազմագերիների ազատ արձակում կլինի. իրավապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերիների հնարավոր վերադարձի համար արվում է ամենօրյա աշխատանք. Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ArmLur.am-ը կապ հաստատեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ է արվում ռազմագերիների համար և ի՞նչ փոփոխություններ կա.

«Այստեղ իրավական մասով դատական գործընթաց կա, որոնք շատ կարևոր զսպող մեխանիզմներ են քաղաքական գործընթացների համար և անխուսափելի ազդեցություն ունեն: Դատական ակտերը այս պահին վերջնական ավարտված չեն, իսկ ընթացող գործընթացը դրական ազդեցություն է թողնում քաղաքական գործընթացների վրա: Քաղաքական մասով մեզ համար հստակ է, որ ազատ արձակումը ուղիղ կապված է քաղաքական պահանջների բավարարման հետ և առանց որոշակի պահանջների բավարարման՝ Ադրբեջանը չի իրականացնում իր միջազգային պարտավորությունները կամ այն հանձնառությունները, որոնք ամրագրված են իրավաքաղաքական փաստաթղթերում և առանց հայկական կողմի զիջումների՝ մեծ հաշվով հայրենադարձում տեղի չի ունենում և հայկական կողմը կարծես թե ընդունել է խաղի այս կանոնները, որ ազատ արձակումը պետք է ապահովվի զիջումների վրա և ինքնուրույն լծակներ չի գործադրում միակողմանի մարդասիրական պարտավորությունների կատարումը երաշխավորելու նպատակով»:

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը հիմա ակնկալիքներ չունի, որ կարճաժամկետ հեռանկարում ռազմագերիների ազատ արձակում կլինի:

Ազատ արձակումը կապված է լինելու խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցման և կնքման հետ:

«Ադրբեջանի կողմից ընդունելի խաղաղության պայմանները կթելադրվեն, և փաստաթղթեր կստորագրվի, սա մենք ուղիղ կապակցում ենք խաղաղության շուրջ գործընացների հետ և այդ գործընթացների եզրափակումը իրատեսական չենք համարում այս թիմի հայրենադարձման համար»,-ասում է իրավապաշտպանը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի պահանջը՝ ըստ որի Հայաստանը պետք է հետ վերցներ հայցերը միջազգային կառույցներից, չի նպաստի գերիների վերադարձման գործընթացին, որովհետև Հայաստանը շատ լուրջ երաշխիքներ պետք է ունենա, որպեսզի այդ փաստաթղթերի ստորագրումից հետո հրաժարվի հայցերից:

«Ադրբեջանը միանշանակ խախտել և խախտում է իր պայմանավորվածությունները, դրանք լինեն քաղաքական մակարդակում, թե միջազգային իրավական փաստաթղթերում»,-հավելում է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում 54 հայ գերի կա, նրանցից 16-ը գերեվարվել են սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո, նրանց թվում են արցախցի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս