ԿՓՈԽՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր փորձագետների կանխատեսմամբ՝ Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, եւ իշխանությունները, պատերազմին պատրաստվելու փոխարեն, առավել լուրջ գործով են զբաղված. պատրաստվում են փոխել ՀՀ զինված ուժերի ծառայողների համազգեստի ձեւը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Եվրոպայի, ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հետ ծավալվող եւ նոր զարգացող հարաբերությունների շրջանակում փորձում է, որպես ռազմական աջակցություն, փոխել հայոց բանակի զինծառայողների համազգեստը։

Պատճառն այն է, որ երկար ժամանակ է, ինչ ՊԲ համազգեստները չեն փոխվել, եւ դրանք դարձել են հեշտ հասանելի յուրաքանչյուրի համար։

Պաշտպանության բանակի համազգեստի փոփոխման համար ներդրվելու է ֆրանսիական մոդելը, որը, ըստ որոշ լուրերի,  նման չի լինելու նախկին համազգեստին եւ՛ արտաքնապես, եւ՛ որակապես։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե ինչ է քննարկվում ՊՆ համազգեստների փոփոխման վերաբերյալ ֆրանսիական կողմի հետ, եւ ինչ գործընթացներ են իրականացվել։

Պաշտպանության նախարարությունից մեզ պատասխանել են.

«Դեռեւս շարունակվում են գործընկեր երկրների դաշտային համազգեստների ուսումնասիրման աշխատանքները։ Ուսումնասիրման արդյունքում ընտրված նմուշի ձեռք բերման նպատակով օրենքով սահմանված ընթացակարգով կհայտարարվի մրցույթ։ Մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերին կից ժամանակացույցով մատակարարվելիք խմբաքանակներից հնարավոր կլինի հատկացնել ՀՀ ԶՈՒ անձնակազմին»։

Ստացվում է, որ նպատակը կա, սակայն վերջնարդյունքը հեռու ապագայում դեռ հորիզոնում չի երեւում։

 

 

Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ  հանդիպումները սերիաներով են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր կրկին վարչապետն ու նախարարները գնալու են խորհրդարան՝ իշխանական թեւի պատգամավորների հետ փակ հանդիպման: Սա վերջին օրերին ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի արդեն երրորդ հանդիպումն է: Իսկ ի՞նչ են քննարկում  իշխանականները ինտենսիվ այս հանդիպումների ժամանակ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ՔՊ-ում օրակարգային թեման Եվրամիության անդամության թեկնածու դառնալն է, ու վարչապետի հետ հանդիպումների ժամանակ այս հարցն են քննարկում: Նախօրեին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման օրակարգում եւս այս հարցն է եղել: Մեր տեղեկություններով՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու գործընթացի հիմնական կուրատորը հենց ԱԽ քարտուղարն է լինելու: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Նիկոլ Փաշինյանը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել  այս հարցը, ուստի չի բացառվում, որ սեղմ ժամկետում Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնի: Իսկ թե այդ հերթում ինչքան կսպասի, դժվար է ասել:

 

 

Հայաստանյան քաղաքական պլատֆորմում  նոր համագործակցություններ են սպասվում դաշինքների ֆորմատով: Այսպիսով, ավագանու անդամի մանդատից զրկվելուց հետո Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ պատրաստվում է իր սեփական կուսակցությունը հիմնել, որպեսզի մասնակցի  ԱԺ հերթական կամ,  ըստ զարգացումների,  նաեւ արտահերթ ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Մարությանին է պատրաստվում միանալ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Այսինքն՝ նոր ընտրությունների դեպքում Հայկ Մարությանի եւ Մեսրոպ Առաքելյանի թիմերը մտադիր են հանդես գալ միասնաբար՝ որպես դաշինք: Տեղեկությունը փորձեցինք ճշտել  անձամբ Մեսրոպ Առաքելյանից. վերջինս  ասաց, որ Հայկ Մարությանի հետ լավ հարաբերություններ ունի, բայց քաղաքական համագործակցության հարց նրա հետ չի քննարկել: Հարցին՝ բացառում է արդյոք  համագործակցությունը Մարությանի հետ, Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ որեւէ ուժի հետ համագործակցության մասով քննարկում չի եղել:

 

 

Դատավորները մնացել են անպաշտպան, բոլոր կողմերից «կրակում» ու ճնշում են, որի հետեւանքով շատերը, չդիմանալով իրավիճակին, դիմում են գրում, հեռանում: Երեկ, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Դրանից առաջ Արշակ Վարդանյանը, սեփական դիմումի համաձայն, ավարտեց դատավորի կարիերան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հաջորդ դատավորը, որը աշխատանքից ազատման դիմում կգրի սեփական նախաձեռնությամբ եւ կհեռանա դատական համակարգից, Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանն է: Ավելին՝ լուրեր կան, որ, բացի ազատումից, նրա նկատմամբ այլ գործընթացներ կսկսվեն: Ի՞նչ է կատարվում դատական համակարգում. ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ գրագրություն է ի հայտ եկել, որտեղ վերոնշյալ դատավորները իրենց խմբում կոնկրետ իշխանության ղեկավար անձանց մասով հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպում են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ գրագրությունը քաղաքական իշխանություններին հասցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որն իշխանություների «սրտի» դատավորն է, ու ամեն գնով ցանկանում են նրան տանել ԲԴԽ՝ որպես դատավոր անդամ: Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը՝ ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի: ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ եւ օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Սակայն, իրականում Կարեն Անդրեասյանը ոչ թե պաշտպանում է դատավորների անկախությունը, այլ հենց նա է տարբեր ճանապարհով դատավորներին ճնշողներից մեկը:

 

 




Լրահոս