ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է Երեւանի 36-ամյա բնակչի կողմից աներոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու, կնոջը հարվածելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու եւ ապօրինի կերպով զենք պահելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

 

«ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչեւ նոյեմբերի 29-ը՝ ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը բնակվող ամուսինների միջեւ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում ամուսինը՝ 36-ամյա տղամարդը, կնոջ նկատմամբ ֆիզիկական ներգործություն գործադրելու դիտավորությամբ երկու անգամ հարվածել է վերջինիս այտին։

Ժամը 02:30-ի սահմաններում կնոջ հայրը, դստեր խնդրանքով, որդու հետ միասին եկել են հիշյալ տուն, որտեղ ամուսինների միջեւ առկա տարաձայնությունների կապակցությամբ քաշքշուկ է առաջացել հիշյալ կնոջ եղբոր, հոր եւ ամուսնու միջեւ։ Այդ ընթացքում վերջինս, վերցնելով իր անվամբ հաշվառված՝ «ՍԱՅԳԱ-410Կ» տեսակի որսորդական ողորկափող հրացանը, աներոջը եւ նրա որդուն առաջարկել է զրուցելու նպատակով դուրս գալ տանից։

Վերջիններս մերժել են առաջարկը, ինչից հետո տղամարդը դուրս է եկել տնից: Որոշ ժամանակ անց՝ ժամը 02:30-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում, կինը երկու անչափահաս երեխաների, հոր եւ եղբոր հետ դուրս է եկել տնից, նստել հոր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան եւ հեռացել։

Բնակության վայրից մոտ 50 մետր հեռավորության վրա 36-ամյա տղամարդը որսորդական հրացանի փողը պահել է դեպի ավտոմեքենան։ Վարորդը, արագացնելով ավտոմեքենայի ընթացքը, շրջանցել է նրան, սակայն 36-ամյա տղամարդը, իր կնոջ հորը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոմեքենայում գտնվող անձանց, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաների կյանքի համար վտանգավոր եղանակով վերոնշյալ որսորդական հրացանով 4 անգամ կրակել է ավտոմեքենայի, մասնավորապես՝ վարորդի ուղղությամբ, սակայն կրակոցներից երկուսը վնասել են ավտոմեքենայի մի քանի հատվածներ:

Դրանից որոշ ժամանակ անց՝ ժամը 03:30-ից 03:40-ն ընկած ժամանակահատվածում, 36-ամյա տղամարդը, աներոջ նկատմամբ հոգեկան ներգործություն գործադրելու դիտավորությամբ, զանգահարել է վերջինիս եւ հնչեցրել սպանության սպառնալիքներ, որի հետեւանքով նրա մոտ առաջացել են վախի եւ տագնապի զգացողություններ:

Պարզվել է նաեւ, որ 36-ամյա տղամարդը իր կողմից շահագործվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով ձեւափոխված՝ ողորկափող հրազեն հանդիսացող «BARICAT R 2.5՛՛ S» մոդելի ռեւոլվեր, որը հայտնաբերվել է նրա անձնական խուզարկության ժամանակ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Ֆիզիկական ներգործությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 9-րդ կետերով եւ 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Հոգեկան ներգործությունը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ դատարանը պետք է մեղադրական ճառ ներկայացներ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի դեմ հարուցված քրեական գործով, սակայն դատավոր Հարություն Մանուկյանն ուշագրավ հայտարարություն արեց, որ Լեւոն Երանոսյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա դատարան չի կարող ներկայանալ։ Նիստը հետաձգվեց։

Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը, վկայակոչելով Երանոսյանի ցուցմունքը, փոխանցել էր՝ հեղափոխության օրերին Երեւանի թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Արցախի փողոցում ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային հատուկ միջոցներ կիրառելու պայմաններ, հիմքեր, եւ այդ միջոցները կիրառվել են։

 

 

 

 

ՓԱԽՈՒՍՏԻ Է ԴԻՄԵԼ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Վազգեն Սարգսյանի հասցեի 28/3-ում գտնվող Արհմիությունների շենքում մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի մասնակիցներից մեկը «Ուժը հայրենյանց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի եղբորորդին է եղել` Նոյ Արզաքանցյանը: Նա դեպքից հետո փախուստի է դիմել, սակայն իրավապահները հայտնաբերել են նրան: Մեզ հայտնի դարձավ, որ Արզաքանցյանի եղբորորդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկրից չբացակայելու արգելքը:

Մարտի 19-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա օպերացիա են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում:

Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստան է ժամանում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նոյ Արզաքանցյանը:

Ոստիկանները արդեն «Զվարթնոց» օդանավակայանում նկատում են նրան ու հենց այնտեղից էլ տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ

ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է անչափահասների կատարած հանցավորության ընդհանուր դինամիկան՝ ըստ 2023-ի ընթացքում ՔԿ վարույթում քննված քրեական վարույթների։

«Ըստ այդմ, նախորդ տարի անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական  վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ Հետեւաբար, ըստ ամփոփված վիճակագրության, նախորդ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կամ դրան ուղղված առերեւույթ հանցավոր արարքների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների աճ՝  119-ով կամ շուրջ 48 տոկոսով։

Նախաձեռնված 363 վարույթից 50-ի նախաքննությունն ավարտվել է եւ 63 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։  2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 59-ը՝ 59 անչափահասի վերաբերյալ մեղադրանքով։

2023թ. դատարան ուղարկված վարույթների գերակշռող մասը վերաբերել են գողության եւ թմրամիջոցների հետ կապված դեպքերին։

Մասնավորապես՝ 50 վարույթներից

l 14-ը քննվել է գողության (28 %)

l 10-ը՝ թմրամիջոցներների ապօրինի շրջանառության հետ կապված (20 %)

l 9-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,

l 3-ը՝ խուլիգանության,

l 2-ը՝ սպանության,

l 2-ը՝ ավազակության,

l 1-ը՝ զենքի ապօրինի շրջանառության,

l 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,

l 8-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

l 133 քրեական վարույթ կարճվել է, որից 69-ը` ռեաբիլիտացնող, իսկ 63-ը՝ ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով։

l 48-ով ավարտվել են վարութային եւ ապացուցողական գործողությունները, 2-ը ուղարկվել է այլ մարմին, 12-ը` միացվել,

l 118 վարույթ փոխանցվել է 2024թ.:

70 անչափահասի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու մասին։ 2022-ին նույն հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է 43 անչափահասի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս