ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՒ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երեւանում եւ Դիլիջանում։ 

 

7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում է «Հայկական խճանկար» խորագիրը։ Այս տարվա արտիստներից են Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, Ասոնանս անսամբլը, Երեւանի պետական կոնսերվատորիայի «Բումերանգ» անսամբլը եւ Երեւան լարային քառյակը։

«Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որը ներառում է համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր եւ նշանակալից գործեր։ Դրանց զգալի մասն առաջին անգամ է հնչում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան եւ համաշխարհային պրեմիերաների համար։

Փառատոնը նպատակն է նպաստել Հայաստանում համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածմանն ու զարգացմանը։

Փառատոնի շրջանակում այս տարի կկազմակերպվի 5 համերգ, որոնք կանցկացվեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում, Դիլիջանի միջազգային դպրոցում եւ «The Office»-ում։

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա ապրիլի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Ասոնանս անսամբլը կներկայացնի Արամ Հովհաննիսյանի, Ալիսիա Թերզյանի, Արթուր Ահարոնյանի, Արսեն Բաբաջանյանի, Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։

Մայիսի 2-ին ՀԲԸՄ դահլիճում Երեւանի պետական կոնսերվատորիայի «Բումերանգ» անսամբլը կներկայացնի Միքայել Մելիք-Վարդանյանի, Լեւոն Պողոսյանի, Վահրամ Բաբայանի, Նարինե Մխիթարյանի, Ռալֆ Քյոշքերյանի, Արամ Սաթյանի, Գոռ Իսպիրյանի, Վաչե Շարաֆյանի գործերը։

Մայիսի 4-ին Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC Dilijan) Երեւանի պետական կոնսերվատորիայի «Բումերանգ» անսամբլը կկատարի Միքայել Մելիք-Վարդանյանի, Ռալֆ Քեոշքերյանի, Գոռ Իսպիրյանի, Լեւոն Պողոսյանի եւ Նարինե Մխիթարյանի գործերը։

Մայիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կներկայացնի հեղինակային, ինչպես նաեւ Ալան Հովհաննեսի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտուն Իսրայելյանի, Վարդան Աճեմյանի, Արթուր Ավանեսովի, Ռուբեն Անտոնյանի, Էլեն Յոլչյանի ստեղծագործությունները։

Մայիսի 11-ին Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Երեւան» լարային քառյակը կկատարի Սուրեն Զաքարյանի, Աննա Հակոբջյանյանի, Արփինե Կալինինայի, Միխայիլ Կոկժաեւի գործերը, իսկ մայիսի 14-ին փառատոնային կրթական ծրագրերի շրջանակում երաժշտագետ, ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանը վարպետության դաս կանցկացնի կոնսերվատորիայի ուսանողների համար ակուստիկ լաբորատորիայում։

Մայիսի 16-ին «The Office»-ում կայանալիք համերգին կմիավորվի էլեկտրոնային եւ դասական երաժշտությունը՝ Անդրիուս Հարությունյանի ղեկավարությամբ։ Կհնչեն Սերգեյ Ումրոյանի եւ Անդրիուս Հարությունյանի ստեղծագործությունները:

Փառատոնի ծրագիրն ամեն տարի երաժշտասերներին հնարավորություն է տալիս հետեւել արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին եւ միտումներին:

Այն նաեւ նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Շվեյցարական «Աութենտիկ լայթ օրքեստրա»-ն  հանդես կգա երեւանյան համերգով:

 

«Էթնո ջազ» խորագրով երեկոն տեղի կունենա մայիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին։

Համերգին հայկական  մեղեդիները կհանդիպեն ջազի դյութիչ իմպրովիզացիաներին:

«Աութենտիկ լայթ օրքեստրա»-ի երաժշտական ղեկավար Վալերի Տոլստովի ղեկավարությամբ խումբը ստեղծում է յուրահատուկ մշակումներ՝ միահյուսելով դուդուկի, ջազի եւ շեփորի հնչյունները:

2012 թվականից ի վեր խումբը շուրջ 300 համերգ է ունեցել 54 քաղաքում։ 2014 թվականին արժանացել է «Armvision» մրցույթի գլխավոր մրցանակին՝ ժողովրդական երգի լավագույն մշակման եւ կատարման համար։ 2016 թվականին Սերժ Թանկյանի հետ ձայնագրել է հոլիվուդյան «The Promise» ֆիլմի սաունդթրեքը։ Այն ձայնագրվել է «Աութենտիկ լայթ օրքեստրան»-ի եւ «String Orchestra»-ի հետ Մոսկվայում՝ «Mosfilm»-ի ստուդիայում:

2016 թվականին խումբը ստացել է առաջին ռուսական համաշխարհային երաժշտական մրցանակը։

Խմբի մենակատարներն են Վալերի Տոլստովը (Շվեյցարիա /ֆլեյտա, երգեհոն), Եվգենի Լեբեդեւ (Ռուսաստանի Դաշնություն /դաշնամուր), Անտոն Ռեւնուկը (Ռուսաստանի Դաշնություն /բաս, կոնտրաբաս), Անյա Կրոյցերը (Շվեյցարիա /ֆլեյտա), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Միքայել Ոսկանյանը (թառ), Գրիգոր Ասրունց-Քարտաշյանը (դուդուկ, բլուլ, զուռնա), Հայկ Գրիգորյանը (շեփոր), Աստղիկ Վարդանյանը (առաջին ջութակ), Գոհար Պապոյանը (երկրորդ ջութակ), Աստղիկ Գաժոյանը (ջութակ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ):

Համերգին մասնակցում են նաեւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները, խմբավար՝ Էմմա Առաքելյան:

Համերգն իրականացվում է «Նյու ջեներեյշն փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ:

 

 

 

ՆՎԱՃԵՑԻՆ 9 ՄԵԴԱԼ

Երեւանում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցութային օրը Հայաստանի հավաքականն ու արցախցիները նվաճեցին 9 մեդալ՝ 3 արծաթ եւ 6 բրոնզ:

Արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ) եւ փախստականների դրոշի ներքո հանդես եկող արցախցի Դավիթ Հովսեփյանը (58 կգ):

Բրոնզե մեդալակիրներ դարձան Կարեն Սարգսյանը (58 կգ), Արթուր Հակոբյանը (79 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ), Իռենա Պետրոսյանը (54 կգ), Արփինե Մնացականյանը (54 կգ) եւ Սրբուհի Հովակիմյանը (59 կգ):

Առաջին մրցումային օրվա եզրափակիչ գոտեմարտերի ավարտից հետո տեղի ունեցավ հաղթողների եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը:

71 կգ քաշայինների պարգեւատրման արարողության ժամանակ բրոնզե մեդալ նվաճած  ուկրաինացի մարզիկը հրաժարվեց ընդհանուր լուսանկարից:  Երբ բոլոր մեդալակիրները կանգնեցին պատվո հարթակին, ուկրաինացի սամբիստը չմոտեցավ մյուս մեդալակիրներին եւ չկանգնեց ոսկե մեդալ նվաճած ռուս սամբիստի կողքին:

Աշխարհի գավաթի խաղարկությունում ռուս սամբիստները մասնակցում են FIAS-ի դրոշի ներքո:

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում արծաթե մեդալակիր էր դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կառլեն Մահինյանը:

Ապրիլի 5-ին երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն տղամարդկանց մարտական սամբոյի 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ եւ +98 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները եւ կանանց սամբոյի 50 կգ, 54 կգ, 59 կգ, 65 կգ, 72 կգ, 80 կգ, +80կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Աշխարհի գավաթը կավարտվի ապրիլի 5-ին:

 

 

 

ՊԱՐՏՎԵՑ 3:4 ՀԱՇՎՈՎ

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց Լոնդոնի «Չելսիին» եւ պարտվեց 3:4 հաշվով։

«Չելսին» արդեն չորրորդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալագերի գոլի շնորհիվ։ 19-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

Մինչեւ ընդմիջում «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն եւ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։ 67-րդ րոպեին Ալեխանդրո Գարնաչոն խփեց նաեւ իր երկրորդ գոլը։

«Չելսիին» պարտությունից փրկեց Քոուլ Փալմերի գոլն ավելացված 10-րդ րոպեին։ Նա դարձյալ աչքի ընկավ 11-մետրանոցից։ Մեկ րոպե անց էլ Փալմերը խփեց հաղթական գոլը։

30 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով 6-րդն է։ «Չելսին» անցկացրել է 29 հանդիպում եւ 10-րդ տեղում է՝ 43 միավոր։

 




Լրահոս