«ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍՏԱՆԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների՝ գործուղման կարգով ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի անցնելու և հավելավճար ստանալու հարցին:

 

Նախարարը տեղեկացրել է՝ մարտի 31-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 330 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզերի դպրոցներ, սակայն հանրակրթության համակարգում ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 600 ուսուցիչ է աշխատում:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ ՀՀ մարզային դպրոցներ գործուղված բոլոր ուսուցիչները պետք է ստանան 30% հավելավճար, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի որոշ բնակավայրերում աշխատանքի անցած ուսուցիչների համար նաեւ ամսական 50 հազար դրամ լրավճար է նախատեսված»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանն ու հավելել՝ եթե կան դեպքեր, երբ գումարները չեն տրվել, ուսուցիչները կարող են դիմել նախարարություն:

ԿԳՄՍ նախարարը նաեւ տեղեկացրել է՝ այժմ շրջանառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ըստ որի, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների գործուղման ժամկետները կերկարաձգվեն, որպեսզի այն ուսուցիչները, որոնք դեռեւս չեն դիմել գործուղման ծրագրին, հնարավորություն ունենան դիմելու:

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում Ժաննա Անդրեասյանին նաեւ հարց է ուղղվել դպրոց ընդունվելիս երեխաների բուժզննման տեղեկանք ներկայացնելու պահանջը պարտադիր դարձնելու անհրաժեշտության մասին:

«Դպրոց ընդունվելու գործընթացը պետք է լինի հնարավորինս պարզ ու մատչելի: Երեխաների պարբերական բուժզննման գործընթացները, կարծում եմ, որեւէ կերպ պետք չէ կապել դպրոց ընդունվելու գործընթացի հետ: Ընդունելության պարագայում մենք փորձել ենք կրճատել անհրաժեշտ թղթաբանության ծավալները՝ գործընթացը հնարավորինս թվայնացնելով: Ընդունելության գործընթացում վարչարարության պարզեցման անհրաժեշտություն, միանշանակ, կար, հաշվի առնելով թե՛ տարատեսակ հերթերը, թե՛ կոռուպցիոն ռիսկերը. բայց սա որեւէ կերպ չի կարող անդրադառնալ երեխայի պարբերական բուժզննման անհրաժեշտությանը»,- ասել է նախարարն ու հավելել, որ բուժզննման տեղեկանքները շարունակում են ներկայացվել դպրոց, բայց ուսումնական տարվա ընթացքում՝ մինչեւ ուստարվա ավարտը:

«Բուժզննման տեղեկանքների ներկայացումը շարունակում է մնալ պարտադիր արդեն դպրոցում սովորելու ընթացքում՝  երեխայի բացակայության դեպքում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

 

ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում. իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:

«Միջադեպի հետեւանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից՝ ՀՀ սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը, եւ արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաեւ հարցը, թե ինչու եւ ինչպես են հովիվը եւ հոտը հատել սահմանը:

Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաեւ, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

 

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սույն թվականի ապրիլի 12-ից փորձնական տարբերակով երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում՝ կից ներկայացվող երթեւեկության կազմակերպման սխեմայի համաձայն:

Մասնավորապես՝ նշված խաչմերուկում երթեւեկությունը կկազմակերպվի շրջանաձեւ:

Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ եւ կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

 

 

 

64 ԱՐՑԱԽՑԻ ՀԵՌԱՑԵԼ Է ՏԱՎՈՒՇԻՑ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ոսկեպարի մշակույթի տանը կայացած հանդիպման ժամանակ սահմանագոտու բնակիչներին վախեցրեց պատերազմով՝ ասելով, որ եթե նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները չհանձնեն Ադրբեջանին, Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմ են սկսելու: Ոսկեպարի, Ոսկեվանի, Բաղանիսի եւ Կիրանցի բնակիչները չվախեցան Նիկոլ Փաշինյանի խոսքերից, սակայն Ոսկեպար գյուղում հաստատված արցախցի 3 ընտանիքները հեռացան Ոսկեպարից. Ոսկեվանում հաստատված, Արցախից բռնագաղթած 9 ընտանիքներից 4-ը հեռացան Ոսկեվանից։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էինք ուղղել, թե 2024թ. մարտի 18-ից հետո՝ մինչեւ այժմ, Տավուշի մարզի սահմանամերձ ո՞ր բնակավայրից քանի՞ արցախցի ընտանիք է հեռացել, ներկայումս որքա՞ն է Տավուշի մարզում բնակվող, Արցախից բռնագաղթած ընտանիքների եւ բնակիչների թիվը։ Մարզպետարանից պատասխանե են. « 2024 թվականի մարտի 18-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում հաշվառված բռնի տեղանվածների թիվը 754 ընտանիք է՝  2698 անձ, իսկ 2024 թվականի ապրիլի 8-ի դրությամբ՝ 746 ընտանիք, 2634 անձ»։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը, Նիկոլ Փաշինյանի նման, Արցախ բառը այլեւս չի օգտագործում։

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՈՒՌՃԱՑՎԱԾ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ

Տավուշի մարզպետարանի անմիջական ենթակայության տակ ընդամենը երկու ոլորտ կա՝ մարզի հանրակրթական դպրոցները եւ պետական  առողջապահական հիմնարկները, որոնք մարզպետի աշխատակազմը կառավարում է ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Տավուշի մարզպետի աշխատակազմը խիստ ուռճացած է, այնտեղ կան  նաեւ թափուր հաստիքներ, որոնք երկար ժամանակ է, որ չեն լրացվում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը, հարց էր ուղղել, թե, ըստ հաստիքացուցակի, որքա՞ն է մարզպետի աշխատակազմի աշխատակիցների թիվը, նրանցից քանի՞սն են քաղաքացիական ծառայող, մարզպետի աշխատակազմում որքա՞ն  է թափուր հաստիքների թիվը, ինչո՞ւ հայտարարություններ չեն տրվում դրանք համալրելու համար։ Մարզպետարանից պատսախանել են. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում, ըստ հաստիքացուցակի, առկա է 76 հաստիք, որից 56-ը՝ քաղաքացիական ծառայող: ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում 2024 թվականի փետրվարին տեղի է ունեցել հաստիքների կրճատման գործընթաց, որի արդյունքում առաջացել են թափուր հաստիքներ: Առկա է հինգ քաղաքացիական ծառայության թափուր հաստիք: Օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնների համալրման հայտարարությունների համար նախատեսված է եռամսյա ժամկետ»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս