Խորհրդարանական լսումներ՝ ՃՈ խնդիրների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ՝ ճանապարհային ոստիկանությանն առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ առաջիկայում խորհրդարանական լսումներ են անցկացվելու: Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 3-ին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամների՝ Ճանապարհային ոստիկանություն այցելության ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատգամավորները ծանոթացել են ծառայության աշխատանքներին, ոլորտում կատարված բարեփոխումների ընթացքին:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորները հետաքրքրվել են ոլորտի օրենսդրական բարեփոխումների արդյունքների, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանված վարչական տուգանքների չափերի վերանայման անհրաժեշտության, տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի տեղադրումից հետո ճանապարհային պատահարների վիճակագրության, տեխնիկական այդ միջոցների ներդրման նպատակահարմարության ու արդյունավետության մասին, փորձել են ճշտել քաղաքացիներից ստացվող ահազանգերի ու բողոքների հիմնավորվածությունը եւ դժգոհությունների նվազեցման ուղղությամբ կատարվելիք քայլերը:

Ըստ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի՝ ճանապարհային ոստիկանության համակարգում արդյունավետ կառավարում իրականացնելու համար օրենսդիր մարմինն ու ոստիկանությունը պետք է ակտիվորեն համագործակցեն եւ փոխադարձ շահագրգռվածություն ցուցաբերեն:

ԱԺ պատգամավորներն այցելել են նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների արձանագրման կենտրոն եւ ծանոթացել աշխատանքի առանձնահատկություններին:




Լրահոս