Դերասան Ալեն Դելոնի որդին՝ դերասան Անտոնի Դելոնն իր ինստագրամյան էջում խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ ներկայացնելով Էլիզ Բողոսյանի գիրքը, թե ինչպես է նրա պապը՝ Զադիգը բռնել գաղթի ճամփան:
Անտոնին իր հետևորդներին պատմել է, որ 1915 թվականին անմարդկային դաժանությամբ զոհվել է ավելի քան 1 մլն մարդ: Նա ընդգծել է, որ աշխարհի գրեթե նույն անտարբերության ներքո Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտից հետո (նկատի ունի 44-օրյա պատերազմը) 2023-ին պատմությունը կրկնվեց Ադրբեջանի սահմաններին:
Իրագործողների նպատակը մեկն էր՝ ոչնչացնել խաղաղասեր ժողովրդին, որ մեծացնեն իրենց կայսրության առանց այն էլ ընդարձակ տարածքը:
«Պատմությունն անվերջ կրկնվում է. ասես մի մռայլ շրջանաձև պար պարեն մարդիկ, որի ընթացքում մերթ վեր են խոյանում, ապա կտրուկ շարժումով նետվում վար. մի պար, որի ավարտը ես չեմ տեսնում…»,- գրել է Անտոնի Դելոնը:
Էմմա Մարտիրոսյան