Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն իրազեկում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու քայլերի հաջորդականության մասին։ Եթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր և տարվա ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով կատարել եք սոցիալական ծախսեր, ունեք դրա դիմաց դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), ապա կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները՝ հետևյալ քայլերով․

«Քայլ 1

Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ապա անցնելով «Հարկային հաշվեկշիռ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։

Քայլ 2

Հաջորդ քայլով վերադարձեք համակարգի գլխավոր էջ և մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար»։

Քայլ 3

Բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Հաշվեհամարը լրացնելուց հետո բանկի անվանումը կլրացվի ինքնաշխատ։ Դիմումը լրացնելուց հետո սեղմեք «Գրանցել» կոճակը։
Ի դեպ, եթե համակարգի «Անձնական տվյալներ» էջում նախապես լրացված է լինում բանկի անվանումը և հաշվեհամարը, ապա այդ տվյալները դիմումում կլրացվեն ինքնաշխատ, ինչպես և լրացվում են Ձեր անձնական մյուս տվյալները։

Քայլ 4

Դիմումը գրանցելուց հետո կբացվի պատուհան, որտեղ անհրաժեշտ է սեղմել «Մարում/վերադարձ» կոճակը՝ փոխհատուցումն ավելի արագ ստանալու համար։ Սեղմելով այս կոճակը՝ Դուք համաձայնվում եք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի Ձեր միասնական հաշվին։ Ի դեպ, «Մարում/վերադարձ» կոճակը հասանելի է նաև «Հարկային հաշվեկշիռ» էջում։

Քայլ 5

Գրանցված դիմումը հայտնվում է «Լրացված հայտարարագրեր» բաժնում։ Վերջին քայլով պետք է սեղմել ստորագրել կոճակը, ընտրել ստորագրության տեսակը և էլեկտրոնային տարբերակով ստորագրել դիմումը, ապա սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։

Վերջ, դիմումն ուղարկված է։ Սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև երրորդ աշխատանքային օրը»,-նշվախ է ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ։




Լրահոս