Armenian text to speach

Ինչպե՞ս են բաշխվելու ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնները. Դոնթի բանաձևը, թվերը և առաջիկա քաղաքական պայքարը. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ձևավորվող Ազգային ժողովում առաջին լուրջ քաղաքական դիմակայությունը լինելու է խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորման շուրջ։ Խոսքը մշտական հանձնաժողովների նախագահների, ինչպես նաև Ազգային ժողովի ղեկավար պաշտոնների բաշխման մասին է։

ArmLur.am-ը ուսումնասիրել է շատերի համար անհասկանալի մեթոդը, թե ինչ սկզբունքով են որոշվում, թե որ քաղաքական ուժը քանի հանձնաժողովի նախագահի պաշտոն կարող է ստանալ նոր խորհրդարանում։ Իրականում այդ բաշխումը կատարվում է ոչ թե քաղաքական պայմանավորվածությամբ, այլ Դոնթի (D’Hondt) համամասնական մեթոդով, որը սահմանված է խորհրդարանական պաշտոնների համամասնական բաշխման համար։

Ի՞նչ է Դոնթի մեթոդը

Դոնթի բանաձևի հիմքում բավական պարզ տրամաբանություն է։

Յուրաքանչյուր քաղաքական ուժի ստացած մանդատների թիվը հերթականությամբ բաժանվում է 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի և այդպես շարունակ։ Ստացված ամենամեծ գործակիցները հերթով ստանում են բաշխվող պաշտոնները, մինչև սպառվեն բոլոր պաշտոնները։

Այս դեպքում հաշվարկի հիմքում ընկած են արդեն ձևավորված Ազգային ժողովի մանդատները.

  • ՔՊ — 64 մանդատ
  • «Ուժեղ Հայաստան» — 29 մանդատ
  • «Հայաստան» դաշինք — 10 մանդատ

Քանի որ Ազգային ժողովն ունի 12 մշտական հանձնաժողով, ապա հաշվարկը կատարվում է հենց 12 պաշտոնի համար։

Դոնթի հաշվարկը

Հերթականություն ՔՊ Ուժեղ Հայաստան Հայաստան Պաշտոնը ստանում է
1 64 29 10 ՔՊ
2 32 29 10 ՔՊ
3 21.33 29 10 Ուժեղ Հայաստան
 

4

 

21.33

 

14.5

 

10

 

ՔՊ

5 16 14.5 10 ՔՊ
6 12.8 14.5 10 Ուժեղ Հայաստան
7 12.8 9.67 10 ՔՊ
8 10.67 9.67 10 ՔՊ
9 9.14 9.67 10 Հայաստան
10 9.14 9.67 5 Ուժեղ Հայաստան
11 9.14 7.25 5 ՔՊ
12 8 7.25 5 ՔՊ

Ի՞նչ կստացվի արդյունքում

Եթե պաշտոնները բաշխվեն բացառապես Դոնթի մեթոդով, ապա մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները կբաշխվեն հետևյալ կերպ.

Քաղաքական ուժ Հանձնաժողովի նախագահի պաշտոն
Քաղաքացիական պայմանագիր 8
Ուժեղ Հայաստան 3
Հայաստան դաշինք 1

Այսինքն՝ ընդդիմությունը ընդհանուր առմամբ կունենա 4 հանձնաժողովի նախագահի պաշտոն, որոնցից երեքը բաժին կհասնեն «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, մեկը՝ «Հայաստան» դաշինքին։

Բայց միայն Դոնթի հաշվարկը բավարար չէ

Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով, Դոնթի հաշվարկից հետո սկսվում է քաղաքական ամենահետաքրքիր փուլը։ Քաղաքական ուժերը հերթականությամբ ԱԺ բաց նիստում հայտարարում են, թե իրենց հասանելիք հերթական ընտրությամբ որ մշտական հանձնաժողովն են նախընտրում ղեկավարել։

Սա նշանակում է, որ սկզբում ընտրություն կատարելու առավելություն ունի այն քաղաքական ուժը, որը ստացել է առաջին իրավունքը Դոնթի հաշվարկով, ապա հաջորդը, և այդպես շարունակ, մինչև սպառվեն բոլոր 12 հանձնաժողովները։

Այստեղ արդեն սկսվում են քաղաքական հրապարակային բանակցությունները, որի սկիզբը տալու է ՔՊ-ն, քանի որ ունի շատ ձայներ։ Որևէ քաղաքական ուժ կարող է նախընտրել, օրինակ, Պաշտպանության և անվտանգության, Պետական-իրավական, Արտաքին հարաբերությունների կամ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովները, որոնք ավանդաբար համարվում են ամենաազդեցիկներից։ Մյուսները կարող են առաջնահերթ համարել, Տնտեսական, Մարդու իրավունքների պաշտպանության, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի, կամ այլ հանձնաժողովներ։

Այդ պատճառով մինչև քաղաքական ուժերը չհայտարարեն իրենց ընտրության մասին, հնարավոր չէ կանխատեսել, թե կոնկրետ որ հանձնաժողովը կհայտնվի որ խմբակցության ղեկավարության ներքո։

Թեժ քաղաքական պայքարը դեռ առջևում է

Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով՝ հենց հանձնաժողովների նախագահների և Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների շուրջ են սպասվում առաջին լուրջ քաղաքական բախումները նոր խորհրդարանում։ Բանն այն է, որ 2021-ի ընտրություններից հետո ընդդիմության թեկնածուներին մի քանի անգամ չընտրեցին. ԱԺ փոխխոսնակի դեպքում Իշխան Սաղաթելյանին, իսկ հանձնաժողովի փոխնախագահներից՝ Արթուր Ղազինյանին մեկ տասնյակից ավել անգամ մերժեցին:

Այսպիսով, թեև Դոնթի բանաձևը հստակ որոշում է յուրաքանչյուր քաղաքական ուժի բաժին հասնող պաշտոնների քանակը, բայց ՔՊ-ն կարճ ժամանակ հետո կարող է գահընկեց անել բոլլոր ընդդիմադիրներին և միահեծան կառավարել ժողովրդավարական երկրի պառլամենտը, ինչպիսին այսօր է. ՔՊ խորհրդարան:

Սոնա Գրիգորյան




Լրահոս