Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի. Ներկայացուցիչների պալատի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհդարանի խոսնակին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում իր ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար, կարևորել է Կիպրոսի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր մակարդակներում՝ առանձնացնելով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ակտիվության պահպանումը։ Այդ համատեքստում քննարկվել են առաջիկայում Հայաստան այցելելու հնարավորությունները։

Դեսպանը նաև տեղեկացրել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից նախօրեին «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման մանրամասները։

Ներկայացվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, տարածաշրջանային զարգացումները։

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը պատասխանել է, որ ընդունել է Հայաստան այցելելու հրավերը՝ ավելացնելով, որ Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի։ Նա վերահաստատել է Կիպրոսի աներկբա աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը։

Անիտա Դիմիտրիուն իր կողմից շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կիպրոսին վերաբերող հարցերում մշտապես զորակցելու համար։

Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը։

 




Լրահոս