
Էդգար Ղազարյանի դեմ քրեական վարույթ նախաձեռնվել է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ստացվում է մենք այլևս չպետք է քննադատաբար մտածենք և քննադատական խոսք հնչեցնենք որևէ պաշտոնյայի նկատմամբ։ Եվ ինչպես հասկացա, այս քրեական վարույթը նախաձեռնվել է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, ներկայումս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա։ Դիմում է ներկաացրել մի մարդ, որն իր ողջ կյանքում խոսում էր մարդու իրավունքներից, իբրև թե պայքարում էր խոսքի ազատության համար, այսինքն դավանում էր այն արժեքները, որոնք Եվրոպական միության անդամ երկրների համար ամենապաշտպանվածն ու հարգվածն են»,- նշել է պատգամավորը։
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ դատարանում քիչ հետո որոշում է կայացվելու Էդգար Ղազարյանին զրկել խոսքի իրավունքից։
«Նա ամենաակտիվ ընդդիմադիր գործիչն է, և հիմա այդ ակտիվությունը սկսել է նյարդայնացնել։ Ստացվում է՝ Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա քննադատության հնարավորություն այլևս չի կարող ունենալ որևէ գործիչ, ինչը դառնալու է շատ վատ նախադեպ»,- եզրափակել է Թ․ Թովմասյանը։