Տոմսերս առել, ուղարկել են, ես գնալու եմ երկրից. «Բալասանյան» դաշինքի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում մարտին սպասվող ընտրություններն այս օրերին ամենաբուռն քննարկվող քաղաքական իրադարձությունն է:
Քաղաքապետի թեկնածուների պակաս էլ չկա, իշխանական եւ ընդդիմադիր շատ գործիչներ են հայտ ներկայացրել՝ համայնքապետ դառնալու համար:

Չնայած այս իրավիճակին, լուռ ու պասիվ է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ղեկավարած «Բալասանյան դաշինքը», որը 2021թ-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ի հետ կոալիցիայի միջոցով իշխանություն վերցրեց Գյումրիում:

ArmLur.am-ը զրուցել է «Բալասանյան դաշինքի» անդամ Մխիթար Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, Գյումրիում մարտին ընտրություններ են սպասվում, դրանք խոստանում են թեժ լինել։ Արդեն մոտավոր պատկերը պարզ է՝ ովքեր են մասնակցելու։ «Բալասանյան դաշինքը» ի՞նչ որոշում ունի, ինչո՞ւ է պասիվ:

– Ես չգիտեմ՝ Բալասանյան դաշինը ինչ է որոշել, կմասնակցի՞, թե՞՝ ոչ, բայց ես 100 տոկոս չեմ մասնակցելու։

-Ինչո՞ւ, Դուք դաշինքի անդա՞մ չեք:

-«Բալասանյան դաշինքի» ավագանու անդամ եմ եղել, պետք լինի՝ էլի կլինեմ, չեմ փոշմանել, բայց ես չեմ մասնակցելու ընտրություններին:

-Կա՞ թեկնածու, որին դաշինքը աջակցելու է:

-Ես չգիտեմ, այստեղ չեմ լինելու, չեմ խանգարելու, չեմ էլ օգնելու, տոմսերս առել, ուղարկել են, ես գնալու եմ երկրից:

-Ո՞ւր եք մեկնում:

-Չեմ կարող ասել, իմ անձնականն է:

-Պարո՛ն Սահակյան, իշխանությունները Ձեզ են մեղադրում, ասում են՝ Ձեր մեղքով էր Գյումրին կոլապսի մեջ հայտնվել, անպատասխանատու Ձեզ դրսեւորեցիք՝ մանդատները վայր դնելով:

-Ընտրություն է, ով, ում ասես՝ կնեղացնի, մենք գործ չունենք ոչ մեկի հետ, թող ինչ ուզում են ասեն, ես պատասխան չունեմ:

-Ձեզ մեղադրում են քաղաքական անպատասխանատվության մեջ, ընդո՞ւմ եք Ձեր մեղավորությունը:

-Ոչինչ թող ասեն, ամեն լրագրող կարող է զանգել, հարցեր տալ, մենք էլ ջղայնանաք ավել բան ասենք:

-Ինչո՞ւ, կաշկանդվա՞ծ եք իշխանություններից:

-Շնորհակալություն, հաջողություն:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մանդատից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն են ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Գրեթե միաժամանակ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալելու որոշում կա նաև Սամվել Բալասանյանի մասով։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս