Երևանում նախատեսվում է օդի աղտոտվածության մակարդակը չափող սենսորների քանակի ավելացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում օդի աղտոտվածության մակարդակը չափող սենսորներով հագեցվածության խնդիր կա, նախատեսվում է համալրում: Այս մասին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով օդի աղտոտվածության խնդրի առնչությամբ իրականացվող աշխատանքներին:

Գրիգորյանը հայտնեց, որ զբաղվում են այդ հարցով, կա վարչապետի հանձնարարական:

«Ամենպրոբլեմատիկ հարցն այն է, որ հանրապետությունում և մասնավորապես Երևանում սենսորների քանակը, որից տված ինֆորմացիայի միջինացման արդյունքում կարելի է օբյեկտիվ պատկեր ստանալ, քիչ է: Աժիոտաժի հիմնական պատճառը նրանից է, որ հենց շինարարական օբյեկտներում կամ այնպիսի վայրերում, որտեղ այդ խնդիրն իրոք սուր է, տեղադրված են սենսորներ, որոնց տված ինֆորմացիայի միջինացումը իրոք տալիս է շատ պրոբլեմատիկ պատկեր: Բայց, անկեղծ ասած, այդքան էլ այդպես չէ, ինչքան այսօր հրապարակային գնահատականներ ենք տեսնում: Ըստ գործող ստանդարտի՝ որպեսզի միջինացված պատկերի իրական գնահատական լինի, այդ սենսորից նաև պետք է դրված լինի այն վայրերում, որտեղ չկա շինարարություն կամ որևէ վնասակար գործունեություն»,–ասաց փոխվարչապետը:

Գրիգորյանի խոսքով՝ այդ իմաստով երկու խնդիր են լուծելու: Նախ իրականացվելու է տեսչական մարմինների գործառույթի լավարկում: «Երկրորդը՝ տեխնիկական հագեցվածության խնդիր կա: Դա նույնպես պետք է լուծվի, և պետք է լուծվի ճիշտ քարտեզով, որպեսզի ի վերջո միջինացված պատկերը ճիշտ լինի, և գնահատականները ճիշտ տրվեն»,–ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ կան լոկալ խնդիրներ, առանձին վայրերում օդի աղտոտվածություն, բայց մեծ պատկերն աժիոտաժի հետ բացարձակ կապ չունի:

«Եթե նայենք մեծ պատկերը, միջինացված, ծայրահեղ որևէ խնդիր չկա»,–նշեց նա:

Գրիգորյանի խոսքով՝ տեխնիկական հագեցվածության պարագայում կկարողանան տալ օնլայն տեղեկատվություն, որ մարդիկ ամեն րոպե իմանան, թե ինչ է կատարվում:




Լրահոս