Քառյակն աշխատել է ծրագրի վրա. Գագիկ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» ոչ իշխանական ուժերի քննարկումը, որին մասնակցում են նաև Չեխիայից, Սլովակիայից, Լատվիայից հրավիրված ճանաչված տնտեսագետներ և իրավաբաններ, հանրապետությունում հայտնի տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, ՀԿ-ների ղեկավարներ:

Իր ելույթի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ծրագրի վրա աշխատել է քառյակի տնտեսագետների և փորձագետների աշխատանքային խումբը:

«Ես շատ լավ հասկանում եմ, որ նույնիսկ ամենալավ ծրագրերի դեպքում հնարավոր չի միանգամից գտնել բոլոր լուծումները և իրականություն դարձնել: Բայց ծրագիրը կազմելը շատ կարևոր է՝ արձանագրելու մոտեցումները, առաջարկությունները և, ինչու չէ, այն հիմնական կոպիտ սխալները, որ թույլ է տվել կառավարությունը վերջին տարիներին:

Այսօր Հայաստանի քաղաքական ուժերը, մասնագիտական և փորձագիտական հանրությունը ունեն անհրաժեշտ ամբողջ ներուժը թե զարգացման ծրագիր մշակելու, թե իրականացնելու համար: Ես ուրախ եմ, որ մեզ են միացել արտերկրից ժամանած հեղինակավոր մի խումբ մասնագետներ: Փորձի փոխանակումը, օտարի բաց ու նաև բարձր պրոֆեսիոնալի աչքով խնդիրներին նայելը շատ կարևոր է: Հայաստանը պետք է բաց լինի աշխարհի համար: Մենք ունենք աշխարհի աջակցության և օգնության կարիքը:

Այսօր աշխարհի բազմաթիվ հզոր պետություններ, անհատներ ու կառույցներ պատրաստ են օգնել և սատարել Հայաստանին: Բայց դրա համար պետք է ներգրավել նրանց՝ ոչ թե խուսափել նրանցից: Մենք ուրիշների պես չենք ասում՝ ամեն ինչ գիտենք ու երկրի տնտեսությունը մի քանի տարում հասցնում ծանրագույն ճգնաժամի: Մենք ասում ենք՝ այո, խնդիրները շատ են ու շատ բարդ: Բայց մենք չենք վախենում դրանցից: Մենք կարող ենք գտնել դրանց լուծումները մեր ուժերով ու նաև օտարերկրյա մեր գործընկերների աջակցությամբ: Հայաստանի տնտեսությունը կարիք ունի կտրուկ բարելավման, և պետք է գործի մի քանի հստակ բանաձև:

1. Աշխատող մարդուն պետությունը պետք է հարգի և օգնի, այլ ոչ թե խանգարի:

2. Փոքր ու միջին բիզնեսին պետք է տրվեն աշխատելու բոլոր հնարավորություններն ու արտոնությունները:

3. Այն պաշտոնյան, ով խանգարեց աշխատող մարդուն, պետք է պատասխան տա դատարանի առջև:

4. Գյուղացուն չի կարելի թողնել միայնակ բնական աղետների ու այլ դժվարությունների առջև:

5. Հայաստանը կարիք ունի լավ կրթված մասնագետների ու պետությունը պետք է կարևորի նրանց ու ոչ թե ծանոթների ու բարեկամների:

6. Երկրում պետք է ստեղծվի մրցակցային դաշտ, անհրաժեշտ պայմաններ, հակառակ դեպքում տնտեսությունը չի զարգանա:

Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ, որ այս համաժողովն իսկապես ունենա գործնական բնույթ, լինեն տարբեր կարծիքներ, առողջ բանավեճ: Տնտեսությունը չի լինում ընդդիմադիր կամ իշխանամետ: Տնտեսությունը լինում է կամ առողջ ու զարգացող, որից բարձրանում է ժողովրդի բարեկեցությունը, կամ քանդված՝ կեղծ թղթերի ու ցուցանիշների վրա սարքված, որից ժողովուրդը փախչում է այլ երկրներ», – ասաց ԲՀԿ առաջնորդը:




Լրահոս