ՌԴ-ի միգրացիոն նոր օրենքը «կանաչ լույս» է արտագաղթողների համար․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անվիճելի է, որ այսօր Հայաստանի գլխավոր հիմնախնդիրն օրեցօր ահագնացող արտագաղթն է: Հետեւանքները տեսանելի էին անգամ  Ծիծեռնակաբերդի բարձունքում` մարդկանց շարքերը նկատելիորեն ավելի նոսր էին նախորդ տարիների համեմատ: Արտագաղթը խթանող հայաստանյան պատճառները իբրեւ թե քիչ էին, հիմա էլ  ՌԴ-ն  է իր միգրացիոն օրենքներով «կրակի վրա բենզին ավելացնում»` նպաստելով արտագաղթի խորացմանը: Ռուսաստանը, նախկին ԽՍՀՄ տարածքում ծնված, ռուսաց լեզվին լավ տիրապետող անձանց իրենց երկրների քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում երեք ամսում տալիս է ՌԴ անձնագիր ստանալու հնարավորություն: Եվ եթե նախկին վարչապետի բնորոշմամբ՝ նախկինում գնում էին «հեղափոխական զանգվածները», հիմա արդեն գնում են բոլոր նրանք, ովքեր կարողանում են ճանապարհածախս հայթայթել: Հասկանալի է, որ ՌԴ-ի միգրացիոն նոր օրենքը «կանաչ լույս» վառելով արտագաղթողների համար, նրանց հնարավորություն է տալիս  արտագնա աշխատանքի հաշվին պահել իրենց ընտանիքները: Բայց, շատ կարեւոր մի հանգամանք. պարզից էլ պարզ է, որ մեր ռազմավարական դաշնակիցը ոչ թե մեր հայրենակիցների, այլ իր սեփական շահերն է առաջ տանում, ինչի համար պատրաստ է անցնել բոլորի ու ամեն ինչի վրայով, անգամ դարավոր բարեկամների: Ընդամենը մնում է հայաստանյան իշխանություններին սթափվել, եւ մարդկանց իրենց հողում ապրելու համար միջոցներ ձեռք առնել, այլապես, ոսոխի դարավոր երազանքը` «Հայաստանն առանց հայերի», կդառնա իրականություն»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս