Իրանի նախագահ Մասուդ Փոզեշքիանը գովեստի խոսքեր է հնչեցրել Պակիստանի դերի վերաբերյալ՝ նշելով, որ Իսլամաբադը կարևոր միջնորդական դեր է խաղացել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ու հրադադարի հաստատման գործընթացում։
Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ ներկա էր Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետ ֆելդմարշալ Ասիմ Մունիրը, Փոզեշքիանը ընդգծել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ռազմական ղեկավարության ներդրումը միջնորդական գործընթացում՝ հավելելով, որ Իրանն արժևորում է այս աջակցությունը։
Նա հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում ձգտում է կայուն խաղաղության և անվտանգությանը՝ միաժամանակ պնդելով իր ժողովրդի իրավունքների պաշտպանությունը միջազգային իրավունքի շրջանակում։
Փոզեշքիանը նշել է, որ տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառներից մեկը, ըստ Թեհրանի, Իսրայելի գործողություններն են, որոնք նպատակ ունեն խորացնել բաժանումները իսլամական երկրների միջև։ Նրա խոսքով՝ իսլամական երկրների միասնությունը կարող է կանխել հետագա լարվածությունները և պատերազմները։
Իրանի նախագահը նաև քննադատել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները՝ դրանք որակելով որպես ագրեսիա, և ընդգծել է, որ Իրանը չի ձգտում տարածաշրջանային անկայունության, այլ կողմ է հարևանների հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը։
Իր հերթին Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրը հայտնել է, որ իրավիճակի զարգացումները ցույց են տալիս՝ տարածաշրջանը պատերազմից հետո այլևս չի վերադառնա նախկին վիճակին՝ ընդգծելով համագործակցության և վերականգնման անհրաժեշտությունը։
Նա նաև նշել է, որ տարածաշրջանային համագործակցությունը, հատկապես ճգնաժամերի ընթացքում, կարևոր դեր ունի երկրների միջև վստահության ձևավորման համար՝ ընդգծելով Իրանի և Պակիստանի պատմական ու մշակութային կապերը։
Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական ջանքերը և համագործակցությունը։
Անի Վարդանյան




























