Մեծ համագործակցության սկիզբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը հայտարարեցին փրկարարների համար անգլերեն լեզվի դասընթացի մեկնարկի մասին: Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ ՀՀ ԱԻՆ միջազգային որոնողափրկարարական ջոկատի անդամների համար Բրիտանական խորհուրդը կանցկացնի անգլերեն լեզվի 6-ամսյա դասընթաց:

Հիմնական նպատակն է անգլերեն լեզվի իմացության բարձրացման շնորհիվ նպաստել նրանց ներգրավմանը միջազգային ծրագրերում:

Սա ԱԻ նախարարության և Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջև համագործակցության առաջին քայլն է:

ԱԻ նախարար Ա. Երիցյանն իր խոսքում հիշեցրեց, որ Հայաստանը հայտ է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին` որակավորում անցնելու և միջազգային չափանիշներին համապատասխան փրկարարական ջոկատներ ունենալու համար: Օտար լեզվի իմացությունը դրա կարևոր նախապայմաններից է:

– Չնայած մենք շատ երկրների հետ ենք աշխատում` ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել համագործակցության համար,- ասաց Ա. Երիցյանը,- աղետներ եղել են ու կլինեն: Մենք միշտ պիտի պատրաստ լինենք դիմակայել դրանց, սակայն մի նախարարության ուժերով դա հնարավոր չէ: Այդ պատճառով փոխգործակցությունն այս ոլորտում շատ կարևոր է:

Դեսպան Քեթի Լիչը շեշտեց, որ ուրախանում է տեսնելով այն աշխատանքը, որ արվում է ԱԻ նախարարության կողմից.
– Երբ առաջին անգամ էի այցելել նախարարություն, շատ տպավորված էի իմ տեսածով: Երկու հանգամանք եմ կարևորում` առաջինը, որ նախարարությունը ձգտում է համապատասխանել միջազգային չափանիշներին, և երկրորդը` վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ: Սա շատ խրախուսելի է, և մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել ձեզ:

Դասընթացն անցկացնելու է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, որի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն առանձնացրեց նաև այն փաստը, որ ԱԻ նախարարությունը միակ պետական կառույցն է, որտեղ աշխատում են սայլակավոր հաշմանդամներ:
– Բրիտանական խորհուրդն անգլերենի ուսուցման ոլորտում ունի ավելի քան 70 տարվա փորձ, որը մենք ուրախ կլինենք ծառայեցնել ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստման համար,- հավաստեց Ա. Սարիբեկյանը:

Անցյալ տարի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ Բրիտանական խորհուրդն անգլերեն լեզվի դասընթացներ է անցկացրել ՀՀ ռազմական կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար, իսկ ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ` ականազերծողների համար:

Ասուլիսի ավարտից հետո դեսպան Քեթի Լիչը, նախարար Ա. Երիցյանի ուղեկցությամբ, եղավ նաև ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը վերջերս հիմնովին նորոգվել է ու տեխնիկապես վերազինվել:




Լրահոս