ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՒՄ Է ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բողոքի ակցիաները ոչ միայն չեն նվազում, այլեւ պարբերաբար համալրվում են նորանոր խմբերով. երեկ կառավարության մոտ բողոքի ակցիա էին անցկացնում «Ընդդեմ կենսաթոշակների պարտադիր վճարների» նախաձեռնության անդամները, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքի մոտ հավաքվել էին ամիսներով աշխատավարձ չստացած «Նաիրիտ»-ի աշխատակիցները, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կենտրոնական մասնաշենքի մոտ` ՀԷՑ աշխատակիցները, որոնց տնօրեն Ա. Բիբինը հրահանգել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Այս ամենը վկայում է, որ ՀՀ-ում առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլեւ գնալով ավելանում ու ընդլայնվում են: Ընդ որում, ՀՀ իշխանություններից բացի՝ ՀՀ քաղաքացիների դեմ խնդիրներ են հարուցում արդեն ռուսները` ի դեմս ՀԷՑ ղեկավար Ա. Բիբինի, որը ձեռնամուխ է եղել գործազուրկների բանակը համալրելու գործին: Հիշեցնենք, որ նույն Բիբինը ժամանակին հայտնվել էր հայ իրավապահների տեսադաշտում, երբ հարկային ծառայությունը, ստուգումներ անցկացնելով ՀԷՑ-երում, պարզել էր, որ այնտեղ հարկեր են թաքցնում, եւ ընկերությունը տուգանվել էր 1.9 մլրդ դրամով: Ի դեպ, ՀԷՑ-ում շարքային աշխատակիցների աշխատավարձը կազմում է միջինը 120, մարզերում՝ 60 հազար դրամ, իսկ կենտրոնական ապարատի ներկայացուցիչների աշխատավարձը մի քանի միլիոն դրամ է, ինչը եւս դժգոհության առիթ է:




Լրահոս