«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը հաղթել է Նարեկ Վանեսյանի դեմ դատական վեճում։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ մերժելով Նարեկ Տիտանի Վանեսյանի հայցն ընդդեմ խմբագրության։
Խոսքը ArmLur.am-ում հրապարակված՝ Արսեն Թորոսյանին, Նարեկ Վանեսյանին և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակման հարցին վերաբերող հոդվածների մասին է։ Վանեսյանը դիմել էր դատարան՝ պահանջելով հերքել իրեն վերաբերող տեղեկությունները և խմբագրությունից բռնագանձել ընդհանուր առմամբ 4 միլիոն դրամ՝ որպես իր պատվի, արժանապատվության և գործարար համբավի արատավորման համար փոխհատուցում։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2026 թվականի մարտի 6-ի վճռով հայցը մասնակի բավարարել էր։ Դատարանը պարտավորեցրել էր խմբագրությանը հրապարակել հերքում և Վանեսյանի օգտին բռնագանձել 200 հազար դրամ՝ որպես զրպարտության, և 100 հազար դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։
«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն, չհամաձայնելով վճռին, բողոքարկել էր այն վերաքննիչ կարգով։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, նախագահող դատավոր Իվան Բաղմանյանի և դատավորներ Ժաննա Ասատրյանի ու Տարոն Նազարյանի կազմով, 2026 թվականի հոկտեմբերի 23-ին գրավոր ընթացակարգով քննելով բողոքը, որոշել է բավարարել խմբագրության վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի վճիռը։
Դատարանի որոշման համաձայն՝ Նարեկ Տիտանի Վանեսյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջների մասին, մերժվել է։ Դատական ծախսերի բաշխման հարցը համարվել է լուծված։
Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։
Հիշեցնենք՝ ինչի մասին էր վիճահարույց հրապարակումը։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը համախմբվել են՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնում Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանին «կարգելու» համար։ Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Ավանեսյանը ԲԿ-ի ժամանակավոր տնօրեն նշանակեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանին, որը մանդատից հրաժարվելու ՍՄՍ էր ստացել. բայց սեպտեմբերի սկզբին պետք է կայանա տնօրենի պաշտոնի մրցույթը, որը հաղթելուց հետո նոր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը կունենա նոր տնօրեն։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ոչ միայն Նարեկ Զեյնալյանը, Նարեկ Վանեսյանը, այլև ոլորտի ակտիվ քննադատ, մասնագիտությամբ բժիշկ, «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ նախարար Ավանեսյանն ու նրա ոխերիմ բարեկամ դարձած Արսեն Թորոսյանը «ծուղակ» են մտածել. քանի որ ընտրող հանձնաժողովը, կարելի է ասել, «ենթարկվում» է նախարար Ավանեսյանին, նախկին ու ներկա նախարարները կփորձեն տնօրեն «ընտրել տալ» Նարեկ Վանեսյանին։
Մարդ, որ տարիներ շարունակ կատարել է Արսեն Թորոսյանի հրահանգները, իսկ հիմա «ծառայում» է Ավանեսյանին։ Այսինքն՝ Ավանեսյանն ու Թորոսյանը դեմ են դուրս եկել Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմից քաղաքական որոշմամբ նշանակված Զեյնալյանին՝ փորձելով նրան խաղից դուրս հանել։
https://armlur.am/1492131/»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։



























