ArmLur.am-ը ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կողմից 17․07․2026 ընդունված որոշումը, համաձայն որի՝ հանձնաժողովը մերժել է քաղաքացի Սեմյոն Բաբայանի դիմումի հիման վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարքագծի կանոնների խախտման փաստով վարույթ հարուցել:
Քաղաքացի Սեմյոն Բաբայանը ԿԿՀ էր ներկայացրել դիմում՝ պահանջելով վարույթ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ հունիսի 11-ին հնչեցրած հայտարարության կապակցությամբ: Ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե: Դիմումատուն նշել էր, որ վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված քաղաքական զսպվածության, վարքագծի կանոնների պահպանման, ինչպես նաև քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը հարգելու պարտականությունները:
Հանձնաժողովն իր ուսումնասիրությամբ արձանագրել է, որ վարչապետի խոսքերը կրել են որոշակի չափազանցություն, սակայն դրանք արտահայտվել են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Հիմնվելով Սահմանադրության, Եվրոպական կոնվենցիայի և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի վրա՝ ԿԿՀ-ն շեշտել է, որ քաղաքական բանավեճերի և հանրային հնչեղություն ունեցող հարցերի համատեքստում արտահայտման ազատության սահմաններն առավել լայն են: Ըստ հանձնաժողովի հիմնավորման՝ քննադատական կամ զսպվածությունից որոշակի շեղում պարունակող հայտարարությունները կարող են վարքագծի խախտում համարվել միայն խիստ անձնական վիրավորանքի կամ գռեհիկ բնույթի դեպքում:
ԿԿՀ-ն եզրահանգել է, որ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններն ուղղված չեն եղել անձնական վիրավորանք հասցնելուն, այլ կրել են գնահատողական բնույթ՝ կապված նախընտրական շրջանում հնարավոր իրավախախտումների և ընդդիմադիր ուժերի գործունեության քննադատության հետ: Այսպիսով, հանձնաժողովը որոշել է մերժել Սեմյոն Բաբայանի դիմումի հիման վրա վարույթի հարուցումը:
Սոնա Գրիգորյան



























