Մի շարք հասարակական, իրավապաշտպան, կրթական և փորձագիտական կազմակերպություններ, ինչպես նաև անհատ քաղաքացիներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։
Հայտարարության հեղինակները շեշտում են, որ գերիների հարցը նախևառաջ մարդու կյանքի, ազատության, արժանապատվության և հիմնարար իրավունքների պաշտպանության խնդիր է և չի կարող դիտարկվել բացառապես որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական բանակցությունների առարկա։
Նրանք նշում են, որ անկախ պահվող անձանց նկատմամբ ներկայացված իրավական որակումներից՝ նրանց նկատմամբ պետք է անվերապահորեն կիրառվեն միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքները՝ ներառյալ խոշտանգումների արգելքը, պատշաճ բժշկական օգնության, իրավաբանական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։
Հայտարարության հեղինակները մտահոգություն են հայտնում Բաքվում ընթացող դատավարությունների արդարության, թափանցիկության, միջազգային դիտորդների մասնակցության, պաշտպանների գործունեության հնարավորությունների, ընտանիքների հետ կապի և պահման պայմանների վերաբերյալ բարձրաձայնվող խնդիրների կապակցությամբ։ Նրանց գնահատմամբ՝ փակ պայմաններում անցկացվող դատավարությունները չեն կարող ապահովել միջազգային վստահություն դրանց անկախության և անկողմնակալության նկատմամբ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ մարդու ազատությունն ու արժանապատվությունը չպետք է վերածվեն քաղաքական սակարկության գործիքի, իսկ գերիների վերադարձը դիտարկվում է որպես տարածաշրջանում վստահության և կայուն խաղաղության ձևավորման կարևոր նախապայման։
Փաստաթղթով Ադրբեջանի իշխանություններից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, մինչ այդ ապահովել նրանց կյանքի, առողջության, իրավաբանական պաշտպանության, ընտանիքների հետ կապի և բժշկական օգնության իրավունքները, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել հասանելիությունն ու դատավարությունների միջազգային դիտարկման հնարավորությունը։
Միաժամանակ Հայաստանի իշխանություններին կոչ է արվում գերիների ազատ արձակումը դարձնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների առաջնահերթ հարց, չգնալ որևէ համաձայնության, քանի դեռ բոլոր հայ գերիները չեն վերադարձել հայրենիք, կիրառել միջազգային իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները, աջակցել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու նախաձեռնությանը և զերծ մնալ որևէ հայ գերու վերաբերյալ բացասական գնահատականներից։
Հայտարարությամբ դիմում է հղվում նաև միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, միջազգային իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպություններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հայ գերիների հարցը պահելու միջազգային օրակարգում, պահանջելու միջազգային դիտորդների ներկայություն դատավարություններին և կիրառելու բոլոր հասանելի դիվանագիտական ու իրավական մեխանիզմները նրանց ազատ արձակման ուղղությամբ։
Հայտարարության հեղինակները նաև ընդգծում են, որ գերիների վերադարձը համազգային և համամարդկային խնդիր է, որը չպետք է դառնա ներքաղաքական տարաձայնությունների առարկա, և կոչ են անում բոլոր պատասխանատու կողմերին անհապաղ գործել՝ նշելով, որ յուրաքանչյուր ուշացած օր նոր ցավ է պատճառում ընտանիքներին և նվազեցնում խաղաղության նկատմամբ վստահությունը։
Հայտարարությունը բաց է հասարակական, իրավապաշտպան, կրթական, փորձագիտական, քաղաքական և այլ կառույցների, ինչպես նաև անհատ քաղաքացիների միանալու և ստորագրելու համար։
Հայտարարությանն այս պահին միացել են
«Հայկական Բանաձև» ազգային միավորումը,
«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն,
«Կրթամշակութային Հայաստան» ՀԿ-ն,
«Զարկերակ» համազգային-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն,
«ԱՌԱՋ» արժանապատվության շարժումը,
«ՆԺԱՐ» սահմանադրական շարժումը,
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը,
Մարդու իրավունքների պաշտպան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդատու Մայա Բարխուդարյանը,
Երկարամյա ծառայության թոշակառու Ժորա Զուրաբյանը։
























































































