ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահի տեղակալ Վահան Միսակյանը ճարտարապետ է, քաղաքաշինության և քաղաքային միջավայրի հետազոտող։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի որոշմամբ նա նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։
Վահան Միսակյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 3-ին Հայաստանում։ 2003-2009 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում՝ ստանալով ճարտարապետի որակավորում։ 2009-2011 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։
Կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում՝ Կոլումբիայի համալսարանում։ 2011-2012 թվականներին համալսարանի ճարտարապետության, պլանավորման և պահպանության ֆակուլտետում ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան՝ «Առաջադեմ ճարտարապետական նախագծում» մասնագիտությամբ։ 2012-2014 թվականներին նույն ֆակուլտետում ստացել է երկրորդ մագիստրոսի աստիճանը՝ «Քննադատական, համադրողական և հայեցակարգային գործունեություն» մասնագիտությամբ։
Միսակյանը մասնագիտական գործունեություն է ծավալել նաև ԱՄՆ-ում։ 2014-2015 թվականներին Նյու Յորքում աշխատել է որպես ճարտարապետ «Ստուդիո Էմ Դի Էյ» ընկերությունում։ Նույն ժամանակահատվածում Կոլումբիայի համալսարանում եղել է ճարտարապետության, պլանավորման և պահպանության հրավիրյալ և ասոցացված դասախոս։
2018-2020 թվականներին Մինեապոլիսի Մինեսոտայի համալսարանում զբաղեցրել է ճարտարապետության «Քես Գիլբերտ» անվանական դասախոսի պաշտոնը։ Նա նաև եղել է ղեկավար խորհրդի անդամ՝ մագիստրոսական ծրագրում մշակելով և դասավանդելով քաղաքաշինության, ճարտարապետական նախագծման և տեսության դասընթացներ։
2015-2018 և 2020-2026 թվականներին Միսակյանը զբաղվել է անկախ նախագծահետազոտական գործունեությամբ։ «Ամպ» արվեստանոցի շրջանակում իրականացրել է ճարտարապետական և քաղաքաշինական նախագծեր, ինչպես նաև Երևանի պատմական քաղաքային հյուսվածքի կառուցվածքային հետազոտություններ։
Նա նաև հիմնադրել է «Էքս-քոմոնս» հարթակը՝ ձևավորելով միջազգային բաց համագործակցային ցանց և իրականացնելով հետազոտություններ կառուցված ու երևակայական միջավայրերի, ինչպես նաև համընդհանուր և անշոշափելի ենթակառուցվածքների հատման տիրույթում։
Միսակյանը ղեկավարել է նաև «Հսկվող քաղաքների լաբորատորիայի» հետազոտական աշխատանքները՝ ուսումնասիրելով քաղաքային միջավայրերի թվային, վերահսկողական և ենթակառուցվածքային զարգացումները։ Այդ շրջանակում իրականացվել են նաև համակարգչային տեսողության և մեքենայական ուսուցման աշխատանքներ։
Նրա նախագծերն ու հետազոտությունները հրապարակվել են միջազգային մասնագիտական պարբերականներում և գրքերում, ներկայացվել գիտաժողովներում և արժանացել մասնագիտական մրցանակների։ Միսակյանը Հայաստանի ճարտարապետների պալատի անդամ է, տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին և անկուսակցական է։
Նշենք, որ Միսակյանը ևս այն մասնագետներից է, որոնք դիմել էին կառավարության կադրային բանկում ընդգրկվելու համար։ Հունիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր ընդգրկվել կառավարության կադրային բանկում։ Օգոստոսի 4-ին Փաշինյանը հայտնել էր, որ ստացվել է 1141 հայտ, որոնցից 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսն անցել է երկրորդ փուլ։
Սոնա Գրիգորյան























































































