Իտալացի ջրասուզորդները Սիցիլիայի Մազարա դել Վալլոյի ափերի մոտ՝ մոտ 46 մետր խորության վրա, հայտնաբերել են ավելի քան 2000 տարվա հնության հռոմեական նավաբեկություն։ Իտալիայի մշակույթի նախարարությունը այն թվագրում է մ.թ.ա. II կամ I դարով։
Նավի բեկորները մոտ 21 մետր երկարություն և 6 մետր լայնություն ունեն։ Դրանց վրա հայտնաբերվել են հարյուրավոր լավ պահպանված ամֆորաներ՝ հին ժամանակներում գինի, ձիթապտղի յուղ և այլ ապրանքներ տեղափոխելու համար օգտագործվող տարաներ։
Նավը պատահաբար հայտնաբերել է ձկնորս և ազատ ջրասուզորդ Ջակոմո Դե Մոլան, որը ծովի հատակը զննելիս սկաների վրա նկատել է մեծ օբյեկտ։ Նրա խոսքով՝ մոտենալով՝ հասկացել է, որ դա քար չէ, այլ հնագույն նավ և ամֆորաներ։
Դեպքի վայր են ուղարկվել Իտալիայի մշակութային ժառանգության պաշտպանության ստորաբաժանման մասնագետները։ Այժմ իրականացվում են նավաբեկության պահպանության միջոցառումներ, իսկ մասնագետները փորձում են պարզել նավի և դրա բեռի մանրամասները։
Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին հայտնագործությունն անվանել է վերջին տարիների ամենակարևոր ստորջրյա հնագիտական հայտնագործություններից մեկը։





















