Armenian text to speach

ՔՊ-ում շատ լուրջ պրոցեսներ են սկսվել Հայկ Սարգսյանի հետ կապված. կկանչեն վարչություն. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում բավական կոնկրետ գործընթացներ են սկսվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սարգսյանի հետ կապված հարցը պետք է քննարկվի ՔՊ վերահսկող հանձնաժողովում, որտեղ կուսակցական պատասխանատուները պետք է մանրամասն անդրադառնան նրա հետագա ճակատագրին։ Ըստ մեր տեղեկությունների՝ կուսակցության ներսում այս հարցում միասնական մոտեցում չկա։

Մասնավորապես, ՔՊ-ի մի հատվածը կարծում է, որ Հայկ Սարգսյանը պետք է հեռացվի կուսակցությունից, մինչդեռ մյուսները կողմ են ավելի մեղմ տարբերակին՝ կարգապահական նկատողություն տալուն։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սարգսյանի նկատմամբ արդեն կարգապահական վարույթ է հարուցվել, և այժմ պետք է համապատասխան որոշում կայացվի։

Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ կուսակցությունը նախատեսում է Հայկ Սարգսյանին հրավիրել զրույցի, որի ընթացքում նա պետք է պատասխաններ տա ՔՊ վարչության անդամների հարցերին և ներկայացնի իր դիրքորոշումը վերջին շրջանում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։

Հատկանշական է, որ սա Հայկ Սարգսյանի նկատմամբ կուսակցական առաջին կարգապահական գործընթացը չէ։ Նա արդեն մեկ նկատողություն ունի։ Դրա մասին դեռ այս տարվա հունվարին հայտարարել էր վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով, նախկին պատգամավորի հարցը կրկին հայտնվել է ՔՊ-ի ներքին օրակարգում, իսկ առաջիկայում կուսակցական կառույցները պետք է որոշեն՝ Սարգսյանի նկատմամբ կիրառել ավելի խիստ պատժամիջոց, թե սահմանափակվել հերթական նկատողությամբ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս