«ՇԱՆ ՏԵՂ ՉԴՆԵՔ». ՈՒՍՈՒՑԻՉԸ՝ ԱՇԱԿԵՐՏԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դպրոցներում, ցավոք, աղմկոտ պատմությունները շարունակվում են: Այս անգամ իրավիճակը թեժացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 91 դպրոցում: 6-րդ դասարանի աշակերտ Սարգսի մայրը պատրաստվում է երեխային հեռացնել դպրոցից:

Աշակերտների եւ, առհասարակ, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները լարվելով աստիճանաբար հասել են «կայծից բոց» բռնկվելու մակարդակի: Իրավիճակն էլ ավելի վատթարացնում են ծնողները, ովքեր խառնվելով, փորձում են իբրեւ թե առաջացած խնդիրները լուծել, բայց արդյունքում «աչքի տեղ, ունքն էլ են հանում»: Այսպես. դեռեւս 2013 թվականին, Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում, «6 բ» դասարանի աշակերտների ծնողները հրաժարվեցին իրենց երեխաներին տանել դպրոց, դասադուլ հայտարարեցին: Պատճառն այն էր, որ աշակերտներից մեկը մշտապես ծեծի էր ենթարկում մյուսներին: Գործը հասավ դասարանը լուծարելուն: Սա դեռ վերջը չէ: Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն էլ վիրավորելով աշակերտուհիներից մեկին` ոչ պարկեշտ հագուստի համար, տուն էր ուղարկել: Ինչին ի պատասխան աշակերտուհու մայրիկը պատիվ էր պահանջել տնօրենից: Իրավիաճակն այն աստիճան էր թեժացել, որ ծնողի` Նատալիայի խոսքերով, տնօրենը ծեծի էր ենթարկել իրեն: Այս դեպքի առթիվ էլ քրեական գործ հարուցվեց, որը հիմա գտնվում է դատարանում:
Իսկ ինչ է կատարվում թիվ 91 դպրոցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում 6-րդ դասարանի աշակերտ Սարգսի մայրը` Գայանե Հարությունյանը, պատմեց, որ «դանակը հասել է ոսկորին» եւ ինքն այլ ելք չի գտնում, քան իր երեխայի կյանքը չվտանգելու համար նրան դուրս հանել դպրոցից:
Ըստ աշակերտի մոր` մի քանի շաբաթ առաջ, 6-րդ դասարանի ռուսերենի ուսուցչուհին «քացով խփել է» իր երեխային. «Ռուսերենի ուսուցիչ տիկին Էդուարդովնան, երեխայի ոտքը մի քիչ իր նստատեղից այն կողմ է եղել, քացով հարվածել է ծնկից ներքեւ, թե ոտքդ քաշի սեղանի մեջ: Ավելի ուշ, երբ գնացի դպրոց եւ ասացի, թե ինչ է կատարվում, ռուսերենի ուսուցչուհին ինձ ասաց, թե ձեր երեխան ինձ ասել է, թե տրուբան ընկավ: Ինչ ասեմ, դպրոցի տնօրեն Ղալումյանին խնդրի մասին տեղյակ եմ պահել, նա էլ ասաց, թե չի կրկնվի: Բայց ինչպես տեսնում ենք, ամեն ինչ ավելի վատի է գնում»:
Ըստ Գայանեի` մարտի 8-ի համար 5000 դրամ գումար էին հավաքել դպրոցում, ինչը ինքը հրաժարվել է տալ. «Նախ ասեցի, որ իմ երեխայի հետ վատ եք վարվում ու նաեւ այդքան գումար չունեմ, որ տամ: Ու այդ ամենից հետո զգացի, որ կարծես թե ավելի լարվեցին»: Սարգիսը մի քանի օր առողջական խնդիրների պատճառով չի հաճախում դպրոց: Դասարանի դասղեկ Նունե Լալայանը զանգահարել, հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որին ի պատասխան աշակերտի մայրն ասել է, թե առողջական վիճակն այդքան էլ լավ չէ. «Երկուշաբթի օրը երեխային ուղարկում եմ դպրոց ու այդ նույն դասղեկը դասարանում հայտարարում է, թե դու երես ունես, որ եկել ես, եւ երեխաների ներկայությամբ ասում է, թե «շան տեղ չդնեք»: Ինչ է սա նշանակում, երեխաներն էլ այդ խոսքը կրկնել են: Տղամարդ են մեծանում, ինչ է նշանակում շան տեղ չդնել: Գնացել եմ դպրոց ու պահանջել եմ երեխայիս թղթերը, քանի որ չի կարող այսպես շարունակվել»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց 91-րդ դպրոցի տնօրեն Էլեոնորա Ղալումյանի հետ (լուսանկարում): Ըստ տնօրենի` Սարգսի մայրն այն ծնողներից է, ով ասում է, քամին որ փչեց, երեխաս կհիվանդանա. «Հունվարին Սարգիսը մտավ ինձ մոտ, թե՝ որոշել եմ դպրոցս փոխել, ասեցի՝ ինչո՞ւ: Ասում է՝ խաղի ժամանակ ինձ այնպես խփեցին, որ վնասեն: Սարգսի հետ գնացինք դպրոցի բակ, երեխաները հանգիստ խաղում էին: Ինչ ասեմ, հաջորդ օրը մայրը եկավ, թե՝ դիտավորյալ են խփել, որ վնասեն երեխայիս: Չկա այդպիսի բան: Ուղղակի Սարգիսը դպրոցում կատարվածը տանն այն աստիճանի ուռճացված է ներկայացնում, որ չգիտեմ: Նա ընտանիքի միակ երեխան է ու ծնողները նրա ամեն ասածը հալած յուղի նման են ընդունում»:
Ըստ տնօրենի` որոշ ժամանակ առաջ էլ Սարգիսն իր համադասարանցիներից մեկի կրծքավանդակին էր հարվածել: Տնօրինությունը երեխային շտապ տարել էր դպրոցի բուժկետ, որտեղ նրան առաջին օգնությունն էին ցույց տվել: Իսկ ավելի ուշ զանգահարել են ծնողին եւ կատարվածի մասին տեղյակ պահել. «Արդեն հոգնեցուցիչ է: Սարգիսը ոտքերը դասասեղանից ներս դնելու սովորություն չունի: Կրկնում եմ՝ միտումնավոր չի անում, երեխա է: Երկու անգամ ուսուցչուհին զգուշացրել է, ես բացառում եմ, որ ուսուցչուհին հարվածած լինի: Իսկ ինչ վերաբերում է գումարին, երբ Գայանեն ինձ ասել է, ես էլ իրեն ասացի, եթե ձեզանից գումար են պահանջել, եկեք հենց այս պահին ընթացք տանք ու նա էլ ոչինչ չասեց»:
Էլեոնորա Ղալումյանի վստահեցմամբ` դեռեւս 1-ին դասարանից իրենք Սարգսի նկատմամբ ուշադիր են եղել, քանի որ մայրը այն ծնողներից է, ով անգամ չի հանդուրժի, որ ինչ-որ մեկը թարս հայացքով իր երեխային նայի: «Վերջին անգամ Սարգիսին ասել եմ՝ եթե մայրիկդ մի անգամ էլ բողոքով եկավ, ես քեզ կպատժեմ: Ստիպված այս մեթոդին եմ դիմում, քանի որ չի կարելի չափազանցնել, քանի որ այդ տարիքի երեխաներին դա հատուկ է: Ցավ եմ ապրում, ինչ ասեմ: Ինչ էլ ասեմ, ինչ էլ խոսեմ, մեկ է՝ այս ընտանիքն էլ այդ կատեգորիան է»:
Նշենք, որ դեռեւս մի քանի շաբաթ առաջ տնօրենը Սարգսի շուրջ ստեղծված խնդիրների մասին տեղյակ է պահել նաեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս