«ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ» ԲԱԺԱՆԵԼ ԵՆ 4 ՄԱՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

25-ամյա ռեժիսոր Արթուր Միքայելյանը, ում դիպլոմային աշխատանքը youtube.com կայքում ունեցել է 8000-ից ավելի դիտում, «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում դժգոհություն հայտնեց Ազգային կինոկենտրոնի ղեկավար Գեւորգ  Գեւորգյանից վերջինիս հետ   պայմանավորվածություն ունենալու, ապա այն ինչ-ինչ պատճառներով  չեղյալ հայտարարելու եւ իր սեփական աշխատանքի մեջ այլ անձանց ներգրավելու համար:
Խոսքն «Անբան Հուռին» նոր մուլտֆիլմ-մյուզիքլի բեմադրման մասին է: Ազգային կինոկենտրոնի ղեկավար Գեւորգ Գեւորգյանը 2011թ.-ին երիտասարդ ռեժիսորին տալիս է 3 րոպե նկարելու հնարավորություն: Երբ աշխատանքը պատրաստ է լինում, Արթուրը ներկայացնում է այն Գ. Գեւորգյանին եւ  արժանանում  նրա հավանությանը: Ավելին, ստանում է ամբողջ մուլտֆիլմ-մյուզիքլը նկարահանելու հնարավորություն: Ի դեպ, Արթուրը 3 րոպեի համար ստանում է 1 միլիոն դրամ եւ մուլտֆիլմն ավարտին հասցնելու խոստում: Ավելացնենք նաեւ,  որ   մուլտֆիլմ-մյուզիքլի ողջ անձնակազմը բաղկացած է երիտասարդներից, եւ նրանց հետ մեկ տարի շարունակ աշխատել է լավագույն մուլտնկարիչներից մեկը` Իգոր Պատրինը:
Հետագայում Արթուրն իր ընկերներից մեկի միջոցով տեղեկանում է, որ իր կուրսղեկ Գայանե Մարտիրոսյանը հայտարարել է, թե մուլտֆիլմն Արթուրինը չէ: Փորձելով խոսել Մարտիրոսյանի հետ` Արթուրը ոչ մի պարզաբանում չի ստանում, փոխարենն արժանանում է նման պատասխանի. «Տղա’ ջան, ինչո՞ւ ես ինձ հետ գեղավարի խոսում, Գայանե Ռուբենովնայով դիմի’ր ինձ»: Երիտասարդ ռեժիսորը,  չհասկանալով նման ագրեսիվ վերաբերմունքի պատճառը, փորձում է խնդիրը պարզաբանել անձամբ Գեւորգ Գեւորգյանի հետ: Սակայն վերջինիս հետ զրույցից նա տեղեկանում է, որ որոշվել է ֆիլմը բաժանել մի քանի հատվածների, որոնցից յուրաքանչյուրը պետք է պատրաստի երիտասարդներից մեկը: Ընկերները հենց այդ պահին հրաժարվում են առաջարկից, միայն Լեւոն Պետրոսյանն է համաձայնում, այն էլ նկարահանել ոչ թե «Անբան Հուռին», այլ ուրիշ ինչ-որ բան:
Մենք փորձեցինք Լեւոնից ճշտել, թե  արդյոք նա գիտեր, որ մուլտֆիլմի նկարահանումները պետք է բաժանվեն ընկերների միջեւ: «Խոսքը վերաբերում է ոչ միայն «Անբան Հուռին»  մուլտֆիլմի սցենարին, ընդհանրապես բոլոր ուսանողներն էլ ավարտելուց հետո երբ դեբյուտ են ներկայացնում, ստանում են 2 րոպե գումարով նկարելու հնարավորություն, եւ ընդհանրապես չեմ հասկանում` ինչու եք ամեն ինչ խառնում իրար»,-ասաց նա:
Արթուրի կարծիքով Գեւորգյանի հետ պայմանավորվածությունը չեղյալ համարելու մեջ իր «ներդրումն» է ունեցել կուրսղեկ Գայանե Մարտիրոսյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում տվեց հետեւյալ պարզաբանումը. «Գիտեք ինչ, շատ ամոթ է, երբ ուսանողը բոլոր լրատվամիջոցներով փորձում է վատաբանել իր դասախոսին: Նման անշնորհակալ վերաբերմունք չի կարելի դրսեւորել, նրան ոչ ոք չէր խոստացել 10 րոպե նկարելու հնարավորություն ընձեռել, բայց եթե նա իրեն նորմալ պահեր,  ես կխնդրեի, որպեսզի մի քանի րոպե էլ ավել տրամադրեին իրեն»: Գայանե Ռուբենովնան հրաժարվեց որեւէ այլ մեկնաբանություն տալ` հավելելով միայն, որ ոչ ոք իրավունք չուներ լրագրողին տալ իր բջջային հեռախոսի համարը: Նշենք նաեւ, որ ավելի վաղ` aravot.am-ի հետ զրույցում, Գեւորգ Գեւորգյանը հերքել է այն տեղեկությունը, թե «Անբան Հուռին» պետք է միայն Արթուրը պատրաստի, այնուամենայնիվ հավելելով, որ Արթուրի կատարած աշխատանքը շատ հաջողված է:
Այժմ Արթուրը եւ իր ընկերները փորձում են ինքնուրույն ավարտին հասցնել մուլտֆիլմի աշխատանքները` այդպես էլ չհասկանալով, թե որն է նախնական պայմանավորվածությունը փոխելու իրական պատճառը:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս