Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն այցելել է Լեռնանիստ համայնք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքի ղեկավար Ա. Հայրապետյանի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը նախ եղել է Լեռնանիստի Սուրբ Աստվածածին եկեղեցում, այնուհետև ծանոթացել համայնքի Սուրբ Ավազան անունը կրող մատուռի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Այցելության ընթացքում Կոտայքի մարզպետը զրուցել է նաև համայնքի բնակիչների հետ, նրանց հետ համատեղ քննարկել համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ու արդյունավետ գործունեությանը վերաբերող հարցեր:

Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը տեղում ծանոթացել է նաև Լեռնանիստի բժշկական ամբուլատորիայի գործունեությանը, պատասխանատուների հետ քննարկել առողջապահական ընկերության գործառույթներին և ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների հիմնական ուղղություններին վերաբերող մանրամասներ:
Աշխատանքային այցելության հաջորդ կանգառը եղել է Լեռնանիստի միջնակարգ դպրոցը, որտեղ Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ: Դպրոցի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես կրթական բարեփոխումների ընթացքին, այնպես էլ կրթօջախի առօրյա գործունեության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի:

Համայնքային այս այցելության ավարտին Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը մասնակցել է նաև Լեռնանիստի մշակույթի կենտրոնում համայնքի պարային համույթի և անհատ կատարողների ուժերով կազմակերպված հանդիսությանը:

Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս