Ուղիղ մեկ տարի առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Նա խոստացավ, որ «Րաֆֆու եւ Սերժի Հայաստանների» միջեւ պայքարում գնալու է մինչեւ վերջ: «Ոչ մի զադնի», «բադասխան եք տալու», «միայն իմ դիակի վրայով». «Բարեւի հեղափոխության» առաջնորդի այս արտահայտություններն այսօր արդեն բոլորի մոտ քմծիծաղ են առաջացնում` ոմանց մոտ դառը, ոմանց մոտ` ցինիկ: Իսկ թե ուր է այսօր Րաֆֆին, այդ հարցն արդեն գրեթե որեւէ մեկին չի հետաքրքրում: Առավել եւս, որ անգամ նրա կուսակիցները, որոնք, ի դեպ, շատ ավելի հաստատակամ դուրս եկան իշխանության դեմ պայքարում, հստակ չգիտեն, թե նա երբ է վերադառնալու ԱՄՆ-ից եւ, ի վերջո, ինչ է անելու: Ու երբ այսօր Սերժ Սարգսյանի իշխանությունը ժողովրդից թաքուն մեկը մյուսի հետեւից Հայաստանը կեղեքող փաստաթղթեր է ստորագրում եւ անարգել կերպով փաթաթում նույն Րաֆֆուն հավատացած ժողովրդի վզին, նրանցից շատերը հաստատ մտքում հիշում են իրենց հուսախաբ արած առաջնորդին ու ասում` «բադասխան ես տալու»:
ԱԺ արտահերթ նիստում ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ իշխանություններին մեղադրեցին ամենածանր հանցանքների, այդ թվում` պետական դավաճանության մեջ: Ու քանի որ իշխանությունները չէին կարող փաստարկված հակադարձել, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ստիպված էր ընդդիմախոսներին անվանել հոգեկան հիվանդ: «Ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր են… Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել եւ երբեք չեմ գայթակղվել»,-ասաց 65-ամյա Գրիգորիչը, որը, պարզվեց, այլեւս չի կարողանում ղեկավարել ՀՀԿ խմբակցությունը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս ի վիճակի չէր վերահսկել իրավիճակը խորհրդարանում, քանի որ թեեւ նա պարբերաբար` մոտ 10 անգամ, պատգամավորներին հրավիրեց դահլիճ, այնուամենայնիվ, համաձայնագրերի քվեարկության համար քվորում չապահովվեց: Իշխող ՀՀԿ-ն ստիպված եղավ հայտարարել, որ արտահերթը կշարունակվի երկուշաբթի:
Տիգրան Սարգսյանի կառավարության խայտառակ ձախողումները չի կարող թաքցնել անգամ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ ԱՎԾ տվյալների` ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 3.1 տոկոս: Նկատենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում գնալով նվազում է. մեկ ամիս առաջ այն 3.4 տոկոս էր, իսկ հիմա դարձել է 3.1 տոկոս: Բացի այդ՝ 11 ամսվա ընթացքում ՀՀ-ում գնաճը կազմել է 5.8 տոկոս, իսկ միջին անվանական աշխատավարձի աճը` 4.4 տոկոս: Այլ կերպ ասած՝ Հայաստանում կյանքը հետեւողականորեն վատանում է: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2013թ. մարտի 18-ին հայտարարել էր. «ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»: Այսպիսով՝ ՀՀ այս կառավարության գործունեությանը մնաց 10 օր:
Տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում: Մի շարք դժգոհությունների հիման վրա ուսումնասիրվել է այդ ընկերությունների վարքագիծը՝ պարզելու, թե վերջինները որքանով են բարեխիղճ աշխատում, եւ որքանով է իրականությանը համապատասխանում որպես նվազագույն սահմանված ուղեվարձը: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ առաջիկայում կհրապարակվեն որոշումները: Այսինքն՝ պարզ կդառնա, թե որ ընկերություններն են տեւական ժամանակ խաբել քաղաքացուն: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ խախտում կատարածների ցանկում է նաեւ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որն էլ, տարածված լուրերի համաձայն, պատկանում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ իր աներորդի, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին: ՀՀ պետռեգիստրում այն գրանցված է Ռոբերտ Սարգսյանի անունով: