ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ՏԱԼԻՍ

«Արմավիա» ավիաընկերությունը տեւական ժամանակ է, ինչ դադարեցրել է աշխատավարձ տալը: Արդեն մի քանի օր է, ինչ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Մոսկվայում է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Արմավիա»-ն դեռ մեծ պարտքեր ունի վճարելու նախկին ինժեներներին, բորտուղեկցորդուհիներին, օդաչուներին: Ընկերության ավելի քան 40 ինժեներներից 8-ը դեռ Հայաստանում են եւ աշխատանք չունեն, իսկ մյուսներն այլ երկրներում են աշխատում: Վերջին անգամ, երբ աշխատակիցները հանդիպել են Բաղդասարովին, նա խոստացել է առաջիկայում վճարել պարտք մնացած աշխատավարձերը: Այս խոստումից երկար ժամանակ է անցել, սակայն նախկին աշխատակիցները դեռ գումար չեն ստացել:

 

 

ՏՈՒԳԱՆՎԵԼ Է

Այս տարվա նոյեմբերի 11-ին ՀՀ «Հանդբոլի ֆեդերացիա» հ/կ-ի անունով հանրապետության տարածք է ներմուծվել 90 կգ ապրանք, որի վերաբերյալ մաքսային հայտարարագիրը սահմանված 10-օրյա ժամկետում մաքսային մարմիններին չի ներկայացվել: Փաստի առթիվ «Հանդբոլի ֆեդերացիա» հ/կ-ի նախագահ Սարգիս Գրիգորյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, ու նա տուգանվել է 50 հազար դրամի չափով:

 

 

ԾԱՆՈԹՈՎ ԿՈՉՈՒՄ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արզուման Գարուշի Հարությունյանը Սերժ Սարգսյանի հրամանով ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի եղբայրն է:

 

 

ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵԼ Է ՊԵՏՔ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ ստորագրել է մի օրենք, որով քրեական եւ վարչական պատասխանատվությունից ազատում է եվրամայդանի մասնակիցներին: Յանուկովիչի գրասենյակից հայտնել են, որ օրենքը ստորագրվել է նույն խմբագրմամբ, ինչպես ներկայացվել էր նախագահի աշխատակազմ՝ նախորդ շաբաթ խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո: Այդ փաստաթղթով, մասնավորապես, նախատեսվում է ազատ արձակել նոյեմբերի 21-ից եվրամայդանի բոլոր ձերբակալված մասնակիցներին: Իսկ նրանց դեմ հարուցված քրեական բոլոր գործերը կկարճվեն:

 

 

ՉԻ ԹԱՆԿԱՆԱ՝ ԱՌԱՅԺՄ

Հունվարի 1-ից հասարակական տրանսպորտի սակագինը չի բարձրանա: Այս մասին երեկ «Ազատությանը» ասել է Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ տրանսպորտի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Նրա խոսքով՝ սակագնի հարցերով քաղաքապետարանի հանձնաժողովի հերթական նիստը, որը նախատեսված էր դեկտեմբերի վերջին, տեղի չի ունենա, քանի որ աշխատանքային տարին ավարտվում է, եւ առայժմ կատարվում է ուղեւորահոսքերի մշտադիտարկում:




Լրահոս