ՈՐ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԸ ԳԵՂԵՑԻԿ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, եւ «Ժողովուրդ»-ն այս ընթացքում կներկայացնի, թե ինչպես են այդ տոնը նշում մեր մշակույթի ներկայացուցիչները՝ հայտնի դերասանները, երգիչները, բեմադրիչները, մշակութային օջախների տնօրենները…

Այսօր այդ հարցին պատասխանում է սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը:
-Ամանորը տարվա ամենագեղեցիկ տոնն է ինձ համար ու նաեւ շատ կարեւոր օր է, երբ քեզ հաշիվ ես տալիս արածներիդ համար։ Ընդ որում, ես ոչ մի տարբերություն չեմ զգում այն բանում, թե ինչպես էի հինգ տարեկանում սպասում Ամանորը ավետող այդ զանգերին եւ ինչպես եմ սպասում հիմա։ Եվ ես ամեն անգամ հիանում եմ այդ հեքիաթով, որովհետեւ այդ պահն ինձ համար հեքիաթ է, շատ նվիրական է, երազանքի պահ է։ Եվ ինձնից անկախ` երազանք եմ պահում։
-Սովորաբար որտե՞ղ եւ ինչպե՞ս եք նշում Ամանորը։ Ըստ Ձեզ` այդ հեքիաթի զգացողությունը փոխանցվե՞լ է Ձեր երեխաներին։
-Իհարկե փոխանցվել է, եւ մի հեքիաթը դարձել է երեքը, չորսը… Այդ տոնը սովորաբար նշում եմ երեխաներիս հետ տանը եւ անկեղծորեն ուզում եմ ասել, որ անհամբեր սպասելու եմ նաեւ Ձմեռ պապին ու Ձյունանուշին։ Եվ խոստովանեմ՝ շատ կուզեմ, որ Ձյունանուշը գեղեցիկ լինի։
-Եթե Ձմեռ պապն ու Ձյունանուշը շատ ուշանան, հասցրած կլինեք մի քանիսի հետ նշել Ամանորը, եւ ինչպիսի Ձյունանուշ էլ լինի, գեղեցիկ կերեւա։
-Իհարկե, դա էլ շատ հետաքրքիր տարբերակ է։
-Իսկ եթե ավելի լուրջ, ապա ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2013 թվականը։
-2013 թվականն ինձ համար շատ հաջողակ տարի եմ համարում։ Չնայած ես սնահավատ չեմ, բայց, ամեն դեպքում, գուցե դրա պատճառը նաեւ այն էր, որ իմ տարին էր՝ Օձի տարին։
-Ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին, հայ ժողովրդին ընդհանրապես։
-Խաղաղություն, բարեկեցություն։ Եվ սրտանց ցանկանում եմ, որ 2014 թվականը բոլորի համար այնքան հաջողակ լինի, ինչքան 2013 թվականն էր ինձ համար։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս