Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի, «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի համար տարին հագեցած էր ե՛ւ դրական, ե՛ւ բացասական իրադարձություններով։
-Կորցրինք շատ արժանավոր մարդկանց, ումով հիանում էինք, ովքեր մշտապես մեր աչքի առաջ էին, եղանակ էին ստեղծում իրենց բնագավառներում, ովքեր նաեւ մեր գործընկերներն էին։ Եվ շատերն անհամբեր, նույնիսկ վախով սպասում էին տարվա ավարտին, որպեսզի այդ դժբախտությունների սեւ գիծն էլ անցնի։
-Աշխատանքային առումով տարին Ձեզ ի՞նչ տվեց։
-Մասնակցեցինք երեք «Եվրատեսիլ»-ի՝ պարային, մեծերի եւ մանկական։ «Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի է իր արդյունքներով, դրա համար մեր ձեռքբերումները գնահատում ենք կատարված ահռելի աշխատանքով։ Բացի այդ` մեր հեռուստաընկերությունում տեղի ունեցավ ղեկավարության փոփոխություն, որը մեծ փոփոխություն էր թե՛ ինձ, թե՛ ամբողջ հեռուստաընկերության համար։ Ավելացան ամբողջ աշխարհում ընդունված հանրային արժեքներին համապատասխան ծրագրեր, ինչը բարձր են գնահատում նաեւ Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները։ Անձամբ ինձ համար էլ աշխատանքը հագեցած էր. վերջացավ իմ «Գտնված երազ» նախագիծը, փոխարենը նոր եթերաշրջանում սկսեցինք «Արի ու տես»-ը։
-Իսկ անձնական առումով նորություններ չկա՞ն։ Ձեզ մի պահ «ամուսնացնում» էին Արթուր Աբրահամի, ապա մեկ ուրիշի հետ։
-Անձնական կյանքում ամեն ինչ իր հունով ընթանում է։ Չեմ կարող ասել, որ լուրջ փոփոխություն է եղել, միայն նշեմ՝ դժգոհ չեմ։ Երբ կոնկրետ ասելիք ունենամ կարգավիճակիս առումով, անպայման կկիսվեմ ընթերցողների, լրագրողների հետ։
-Իսկ ինչպե՞ս եք նշում Նոր տարին։
-Նշում եմ ընտանիքիս՝ ծնողներիս, եղբորս, տատիկիս հետ։ Դա մեզ մոտ ձեւավորված ավանդույթ է։ Եվ միայն դրանից հետո արդեն կարելի է ընկերների հետ խնջույքների մասնակցել…
-Ամանորյա գնումներն ո՞վ է կատարում, մոտավորապես որքա՞ն գումար եք ծախսում։
-Այդ հարցով պետք է մայրիկիս դիմեք. նա է մեր տան տնտեսագետը։ Ես միայն ֆինանսավորում եմ, նա էլ կարողանում է ամեն անհրաժեշտը գնել։ Ես մինչեւ դեկտեմբերի 31-ի երեկոյան 8-9-ն աշխատանքի եմ լինում։
-Ի՞նչ երազանք եք պահում։
-Ես հավատում եմ Նոր տարին սկսելու խորհրդին, այսինքն՝ եթե ցանկացած բան նորովի ես սկսում, այդ տրամադրվածությունը գնում է երկինք եւ նորից ետ՝ քեզ վերադառնում։ Ես էլ ինձ համար եմ սահմանել տարվա ավարտ եւ տարվա սկիզբ։ Իսկ ավելի գլոբալ առումով շատ եմ ցանկանում, որ երկրի տնտեսական վիճակը մի փոքր բարելավվի, կենցաղը մարդկանց այսպես չկոտրի, եւ բոլորս կարողանանք նկատել այն լավը, ինչ լինում է մեր քաղաքում, մեր երկրում։
-Կարծես թե սահուն անցանք հաջորդ հարցին։ Ի՞նչ կենաց կասեիք։
-Կենացներն առհասարակ ավանդական չեն հնչում ինձ մոտ. եթե սրտի խոսք եմ ունենում ասելու, ասում եմ։ Սրտանց ուզում եմ, որ մեր բնակչության թիվը կրկնապատկվի, մարդիկ վերադառնան իրենց հայրենիք, տնտեսական վիճակը մի փոքր լավանա, բոլորս լինենք լավատես ու երբեւէ չկորցնենք հույսն ու հավատը:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ