ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԲ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ «ԹԱԳԱՎՈՐՆ» ՈՒ «ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ»-Ը

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումները կայանում են Քառյակի համագործակցության համատեքստում: Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` դրանք առանձին հարաբերություններ չեն:

-Պարոն Մարգարյան, արդեն մի քանի անգամ ԲՀԿ առաջնորդն առանձին հանդիպում է ունենում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ու ինչ-որ հարցեր քննարկում, որոնց մանրամասները երբեւէ չեն բարձրաձայնվում: Խնդրում եմ ասեք, թե կոնկրետ Գագիկ Ծառուկյանն ի՞նչ ակնկալիքներ ունի Լ. Տեր-Պետրոսյանից ու նման հանդիպումներից:
-Իսկ ինչ եք հասկանում ակնկալիք ասելով:
-Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համատեղ կոնկրետ ի՞նչ ծրագրեր ունի, որոնց իրականացման համար կայանում են այդ հանդիպումներն ու բանակցությունները:
-Մենք քննարկում ենք մեր ունեցած համատեղ ծրագրերը, երբ անհրաժեշտություն է առաջանում դրանք քննարկել ղեկավարների մակարդակով, մենք որեւէ բարդ ու, այսպես ասած, առանձին բաներ չենք քննարկում, որը, ենթադրենք, Քառյակի ծրագրերից կամ Քառյակի համագործակցությունից դուրս է: Սա առանձին հարաբերություն չէ, ուղղակի երբեմն առաջանում են խնդիրներ եւ ղեկավարների մակարդակով երկկողմանի հանդիպումների անհրաժեշտություն է առաջանում: Ասել, թե ինչ ակնկալիք ունի, կարծում եմ՝ սխալ է: Ակնկալիք ունի խորը հարաբերությունների` համատեղ գործունեության, այն խնդիրները, որոնք երկուսն էլ համարում են ակտուալ, միասնական լուծելու… տվյալ դեպքում խոսքը գնում էր սրանց մասին:
-ԲՀԿ-ն այսօր միակ քաղաքական ուժն է, որը կարողացել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին բանակցությունների, հանդիպումների «կանչել»: Ու սա միակ դեպքն է, երբ անձամբ Լ. Տեր-Պետրոսյանն է հանդիպումների գնում: Դուք դա ընդունո՞ւմ եք որպես ԲՀԿ-ի հաջողություն:
-Ճիշտն ասած, ես մի քիչ ձեւակերպմանը համաձայն չեմ, ճիշտ չէ ասել, թե կանչել են բանակցության: Խոսքը գնում է համագործակցության մասին ու համագործակցել՝ արդեն նշանակում է նաեւ հանդիպել, հարցեր քննարկել: Ես դա միայն ԲՀԿ-ինը չեմ համարում, ես դա համարում եմ նաեւ Քառյակինը: Ի վերջո, այս ամենը եղել է Քառյակի ֆորմատի ձեւավորման, համագործակցության շրջանակներում, դրանից հետո խորացան հարաբերությունները: Եթե հիշում եք, Քառյակը սկզբում միայն ինչ-որ օրինագծի քննարկման շուրջ էր համագործակցում, բայց հետագայում եկավ հասավ այն պահը, երբ Քառյակը սկսեց քաղաքական օրակարգ թելադրել: Քառյակի ղեկավար կազմը սկսեց հանդիպել ու քննարկումներ ունենալ:
-Բայց Քառյակի ղեկավարները շատ հազվադեպ են հանդիպում, հիմնականում հանդիպումները կայանում են ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի առաջնորդների միջեւ: Ու, թերեւս, դա է պատճառը, որ բոլորին հետաքրքրում է, թե ինչո՞ւ են հիմնականում այդ երկու ուժերի ղեկավարները հանդիպումներ ու առանձնազրույցներ ունենում:
-Ես արդեն նշեցի, որ այս ֆորմատով հանդիպումը Քառյակի համագործակցության հետեւանքն է:
-Իսկ ըստ Ձեզ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ի՞նչ ակնկալիքներ ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, քանի որ նա անգամ իր ղեկավարած կառույցի անդամների հետ չի հանդիպում, մինչդեռ անձամբ գնում է ԲՀԿ գրասենյակ` հանդիպելու Գ. Ծառուկյանի հետ:
-Ես կրկնում եմ՝ համաձայն չեմ այդ ձեւակերպումների հետ, այդ ակնկալիքը կարող է լինել այն, որ կարելի է համատեղ լուծել այս կամ այն խնդիրը: Խոսքը գնում է տեսակետների համահարթեցման, տեսակետների ավելի շատ մոտեցման մասին: Բավականին բարդ է այն հարցերի շրջանակը, որը մենք առաջ ենք քաշում` ե՛ւ նրանք, ե՛ւ մենք: Իսկ միասնական գործելու համար, իսկապես անհրաժեշտություն կա հստակեցնել ու հղկել դրանք: Հիմա հայտարարել, թե մեկը մյուսից ակնկալիքներ ունի… դա համատեղ գործունեություն է, որեւէ մեկը պաշտոններ չի բաժանում, կամ, չգիտեմ, ինչ-որ մի բան չի անում:
-Իսկ արդեն պայմանավորվածություն կա՞, թե երբ է կայանալու Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հաջորդ հանդիպումը:
-Ոչ, հանդիպումները լինում են ըստ առաջացած խնդիրների, երեկվա հանդիպումը պլանավորված չէր 10 օր առաջ, մենք նախորդ հանդիպման ժամանակ անգամ չէինք քննարկել տեղ, ժամանակ, օրակարգ: Առաջանում է անհրաժեշտություն` հանդիպում ենք: Կրկին անհրաժեշտություն կառաջանա` էլի կհանդիպենք, կքննարկենք: Մեր հանդիպումներից միայն լավ բան սպասեք ու ակնկալեք:
-Գաղտնիք չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին շատ կոշտ քննադատությամբ էր հանդես գալիս ԲՀԿ-ի եւ անձամբ Գագիկ Ծառուկյանի հասցեին: Այժմ նրանց հանդիպումների ժամանակ ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում: Ինչպե՞ս է Գ. Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմում:
-Բոլոր նախագահներին դիմում են պարոն նախագահ, այդ թվում եւ` բոլոր նախկին նախագահներին: Ու պետք չէ այդտեղ ինչ-որ բան փնտրել: Դա հարգանք է մարդու անցյալի նկատմամբ:

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՆՀԱՐԳԱԼԻՑ Է ՀԱՄԱՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

Երեկ ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բարձրաձայնել է Հայաստանի էներգետիկ խնդիրների մասին: Պատգամավորը նշել է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության չորս ամիսներին էներգետիկայի բնագավառի խութերը ոչ միայն չի շտկել, այլեւ դրանք ավելի են խորացել:

Արամ Մանուկյանը նշել է, որ «Նաիրիտ»-ի խնդիրները խորանում են, գործարանի պարտքը փակվում է պետական ձեռնարկությունների հաշվին. «Մարդիկ չեն կարողանում հասկանալ` ով է «Նաիրիտ»-ի սեփականատերը, ումից պահանջեն իրենց աշխատավարձերը: Իսկ «Որոտան»-ի էպոպեան ինչո՞վ է ավարտվելու»,-հռետորական հարց է ուղղել պատգամավորը ու ընդգծել, թե ցանկանում է, որ այդ հարցին պատասխանի անձամբ ՀՀ վարչապետը: Սակայն Հովիկ Աբրահամյանին օգնության է «հասել» ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Նա հայտարարել է, թե բարձրացված հարցերը ծավալուն են, եւ ինքը չի կարող մի քանի րոպեի ընթացքում պատասխանել բոլորին: Ըստ Զախարյանի՝ չորս ամսվա ընթացքում նշված հարցերի լուծման ուղղությամբ կատարվել է զգալի աշխատանք: Իսկ ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ին՝ Ե. Զախարյանը հավաստիացրել է, որ կառավարության կողմից արվելու է ամեն ինչ գործարանի վերագործարկման համար:
Նախարարի այս պատասխանից հետո Արամ Մանուկյանը կրկին դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին. «Պարո՛ն Աբրահամյան, Ձեր վերաբերմունքը հարգալից չէ իմ նկատմամբ, ես Ձեզ հարց եմ տալիս չորս ամսվա պաշտոնավարման ընթացքում Ձեր իրականացրած քաղաքականության վերաբերյալ: Երվանդ Զախարյանը դրա հետ կապ չունի, ինչպես նախկինում Արմեն Մովսիսյանը կապ չուներ: Կա՛մ Դուք իրականացնում եք քաղաքականություն, կա՛մ չեք իրականացնում, կա՛մ Դուք եք տերը այս քաղաքականության, կամ` ոչ. եւ խոստովանե՛ք, որ եղել են սխալներ: Առնվազն երկու քրեական գործի խնդիր կա` «Նաիրիտ»-ի ու «Որոտան»-ի հետ կապված: Կարող եք չպատասխանել, դա էլ է պատասխան»:
Արամ Մանուկյանի հորդորներին ու նկատողություններին կրկին արձագանքել է Երվանդ Զախարյանը՝ նշելով, որ էներգետիկայի նախարարությունը կառավարության կողմից լիազորված կառույց է, որն իրականացնում է կառավարության քաղաքականությունը էներգետիկայի բնագավառում, ուստի` ինքը կարող է պատասխանել այդ ոլորտի հարցերին:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ կառավարության հետ հարուցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին` նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է համալիրն անցել Պաշտպանության նախարարության, այլ ոչ թե ՀՀ մշակույթի կամ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հաշվեկշռին:
Ի պատասխան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է. «Այդ շենքը ոչ բարվոք վիճակում էր, եւ հենց ձեռնարկատիրական գործունեության արդյունքում` այն քիչ թե շատ վերականգնվեց: Մենք որոնելու ենք ուղիներ, որպեսզի գտնենք արդյունավետ կառավարիչ կամ անձ, ով կգնի համալիրը: Գումարները, որոնք մենք ստանալու ենք, ուղղելու ենք երկրի պաշտպանունակության բարձրացմանը: Դրանով է պայմանավորված այն, որ մենք համալիրը ընդգրկել ենք Պաշտպանության նախարարության կառույցում»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱՆՏԵՂՅԱԿ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը տարիներ շարունակ Հայաստանի հանրային հեռուստատեսությունում փաստաթղթերով ձեւակերպված է խորհրդական, բայց երբեւէ խորհրդատվական գործառույթ չի իրականացրել: «Ժողովուրդ»-ը փորձեց Զ. Բալայանից պարզել, թե ինչ խորհուրդներ է նա տալիս Հանրային հեռուստաընկերությունը կառավարողներին: Վերջինս տարակուսանքով հայտարարեց, թե ինքն առաջին անգամ է նման բան լսում. «Կարող է դա 100 տարի առաջ է եղել, կամ չգիտեմ երբ է եղել, համենայնդեպս ես առաջին անգամ եմ նման բան լսում»:

 

ՈՒՐԻՇ ԳՐԻԳՈՐԻՉ
Երեկ ԱԺ նիստի մեկնարկից րոպեներ անց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձայն խնդրեց ու հայտարարեց, որ «ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը ԱԺ տարածքից դուրս գալով՝ հարձակում է գործել Ա1+-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա. «Կարծում եմ, որ տեղի է ունեցել շատ լուրջ իրավախախտում, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»: Պատգամավորը վրդովված նշեց. «Որպես ԱԺ պատգամավոր, դատապարտում եմ ԱԺ աշխատակցի նման գործելակերպը: Կարծում եմ՝ դրանով պետք է զբաղվեն իրավապահները, բայց մինչ այդ, պարոն Սահակյան, կարծում եմ, պատեհ կլինի, որ դուք հանձնարարեք, որպեսզի այդ հարցով անցկացվի ծառայողական քննություն»: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխարենը ինչ-որ ձեւով «շտկեր» խայտառակ իրավիճակը, ակնհայտ ցինիզմով ու քամահրանքով անորոշ հարցադրում արեց. «ուրի՞շ»: Այնուհետեւ նույն խնդրին անդրադարձավ նաեւ պատգամավոր Թեւան Պողոսյանը, ում հարցը եւս ԱԺ խոսնակն անպատասխան թողեց: Տպավորություն էր, որ Կարեն Հայրապետյանը հենց Գալուստ Սահակյանի հրահանգով էր խուլիգանություն անում փողոցում:

 

ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց չեն հետաքրքրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ժամանակահատվածում հաճախակի դարձած հանդիպումները: «Իսկ ինչու մեզ կամ որեւէ քաղաքական ուժի անհանգստացնեն այդ հանդիպումները: Նախ՝ առաջին անգամը չէ, որ հանդիպում են, արդեն իրենց հանդիպումներն ավանդույթ են դարձել, պարզապես ֆորմատներն են փոխվում: Ուզում են հանդիպեն, ուզում են չհանդիպեն, դա իրենց խնդիրն է: Ուզում են պսակվեն, ուզում են բաժանվեն, մեզ չի հետաքրքրում: Մենք ունենք մեր ծրագիրը, առաջնորդվում ենք մեր ծրագրով»:

 




Լրահոս