ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԱՆՐԱԴՐԱՄ ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՄԵՋ

«Վիկիլիքս»-ի կողմից հանրայնացված GIF փաստաթղթերից հերթականը անդրադառնում է ԼՂ շուրջ ընթացող 2009թ. հոկտեմբերյան բուռն բանակցությունների տապալմանը: Քննելով առաջին գործոնը, որը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Startfor-ը ներկայացնում է ձախողման երկրորդ հավանական պատճառը: Վերջինս վերաբերում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ ընթացող պայքարին, երկու տերությունների տարածաշրջանային շահերին ու հետաքրքրություններին: Հեղինակը եզրակացնում է, որ երկու երկրներն էլ ձգտում են ավելացնել ազդեցությունը տարածաշրջանի վրա ու դա օգտագործել միմյանց դեմ մղվող պայքարում:

Այսպես. Startfor-ի վերլուծությունն արձանագրում է, որ 2009թ. հոկտեմբերի 9-ին Մոլդովայում ընթացող հայ-ադրբեջանական ակտիվ բանակցությունները տապալվել են: Հեղինակը փաստում է, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վիճելի տարածք համարվող ԼՂ բանակցությունները շարունակվում են տասնամյակներով, սակայն մշտապես տապալվում են»: Հատկանշական է, որ վերլուծականը ԼՂ-ի խնդիրը համարում է ոչ թե ժողովրդի ինքնորոշման հարց, այլ սոսկ վիճելի տարածք: Հարկավ, ԼՂ-ը բանակցային ֆորմատից հեռացնելը եւ Հայաստանի կողմից՝ առանց ԼՂ մասնակցության Ադրբեջանի հետ փաստաթղթեր ստորագրելու ՀՀ իշխանությունների հիմնած «ավանդույթը» չէին կարող այլ կարծիք ստեղծել օտարների շրջանում: Արդ, որքան էլ ներկա իշխանությունները, Քոչարյանն ու վերջինիս ձոնված ֆիլմերը շաղակրատեն, թե ազգերի ինքնորոշման սկզբունքը գերակա է բանակցային գործընթացում, իրականությունը դրանից չի փոխվում: Ավելին՝ ՆԱՏՕ-ի վերջին բանաձեւը եւս շեշտադրում կատարեց տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ինչը հերթական անգամ ապացուցեց, որ միջազգային հանրությունը ԼՂ հակամարտության անվան տակ հասկանում է սոսկ տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:
Startfor-ը արձանագրում է, որ ձախողման երկրորդ կարեւորագույն հանգամանքը տարածաշրջանում գերտերությունների հետաքրքրություններն են: Ըստ այդմ՝ ԼՂ-ի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները տեղի են ունենում ԱՄՆ-ՌԴ ընթացող առճակատման պայմաններում: Startfor-ի համոզմամբ՝ Ռուսաստանը ամբողջապես ներքաշված է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում ընթացող գործընթացների մեջ: Հեղինակը չի խորշում հավելելուց, որ Ռուսաստանը ոչ միայն, պարզապես, ներկա է այդ բանակցություններում, այլեւ դրանց գլխավոր ուղղորդողն է: Եվ ահա, տարածաշրջանում տիրող նշյալ քաղաքական դրության պայմաններում՝ ԱՄՆ-ն եւս ակտիվություն է ցուցաբերում: Հեղինակը տեղեկացնում է, որ Վաշինգտոնի ամբողջ գործունեությունը սեւեռված է այն բանի վրա, որ կանխի Ռուսաստանի ազդեցության մեծացումը Անկարայի, Երեւանի ու Բաքվի վրա: Դրա համար ԱՄՆ-ն, ըստ էության, փորձում էր թույլ չտալ, որ Ռուսաստանի եւ վերոնշյալ երկրների միջեւ պայմանավորվածությունները կայանան ու հաջողեն:
Ելնելով վերլուծության տրամաբանությունից՝ կարող ենք փաստել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչ մի իրական դերակատարություն ու լծակ չի ունեցել: Հաշվի առնելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի հայտարարությունն արել է Մոսկվայից, քիչ հավանական է, որ Կրեմլը դրան համաձայնություն տված չլիներ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ըստ էության, փոխարինվել էին Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններով, ապա եւ՝ վերաձեւվել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունն այդպես էլ իրական ազդեցություն չունեցավ կարգավորման պրոցեսը հաջող ավարտին հասցնելու գործում:
Ավարտելով հայ-թուրքական հարաբերությունների ու գերտերությունների մրցավազքի գործոնների քննությունը՝ Startfor-ը բարձրացնում է այն երկու կարեւորագույն հիմնահարցերը, որոնք պետք է հստակ պատասխան ստանան՝ գործընթացները ճիշտ հասկանալու համար: Առաջին խնդիրն այն է, որ պետք է պարզվի, թե, ի վերջո, որ կողմն է պատասխանատու բանակցությունների տապալման համար՝ Լեռնային Ղարաբաղը, Երեւանը, Բաքուն, Անկարան, թե՞, այնուամենայնիվ, Մոսկվան: Startfor-ին հետաքրքրում է նաեւ այն հարցը, թե ինչպե՞ս է վարվելու Թուրքիան նման գերզգայուն իրավիճակում. արդյո՞ք վերջինս պահպանելու է իր համերաշխ քաղաքականությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում ու չի գնալու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործնական ուղիով: Հեղինակը նկատում է, որ հենց այս հարցերին տրվող պատասխանները կարող են հուշել, թե ինչպես են Կովկասյան տարածաշրջանի երկրները տեսնում իրենց ԱՄՆ-ՌԴ պայքարի պայմաններում եւ ինչպես կարող են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն օգտագործել այս երկրներին միմյանց դեմ: Հատկանշական է, որ փաստաթուղթն ավարտվում է «հրապարակման ենթակա չէ» հատուկ հիշեցմամբ եւ ակնկալում շուտափույթ պատասխաններ ստանալ իր հարցերին, ինչին էլ կանդրադառնանք հաջորդ անգամ:
Ամփոփելով՝ հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի իշխանությունների պնդումները, թե հայ-թուրքական գործընթացն ու ԼՂ հակամարտությունը չեն կարող փոխկապակցվել, իրականում դատարկ դուրս եկան: Ըստ էության, այս երկու հարցերում հետաքրքրություն դրսեւորող յուրաքանչյուր երկիր դրանք դիտարկում էր եւ, ըստ էության, շարունակում է դիտարկել որպես մեկ ամբողջական փաթեթ: Իրավիճակի դրամատիզմն այն է, որ, փաստորեն, մեր ազգային ու պետական շահերը զոհաբերվեցին օտարների հետաքրքրությունների համար առաջին հերթին մեր «ազգային» իշխանության ջանքերով ու աջակցությամբ: Այլ խոսքով ասած՝ հատկապես հայ-թուրքական գործընթացը ոչ սկսվեց Հայաստանում, ոչ էլ ավարտվեց Հայաստանում: Վերջինս պարզապես օգտագործվեց գերտերությունների խաղերի մեջ՝ վերածվելով հաջող ծառայության մե՛րթ Ռուսաստանի, մե՛րթ ԱՄՆ-ի համար:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ԱՆՑԱՆԿԱԼԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Ստորաբաժանման ղեկավար դառնալու համար Վ. Ներսիսյանը դեռեւս պետք է քննություն հանձնի քաղաքացիական ծառայության խորհրդում: Պարզ է, որ Վ. Ներսիսյանի նշանակումը «վերեւների դաբրոյով» է արվել, ուրեմն այդ քննությունը հաղթահարելը դժվարություն չի ներկայացնի:
Իջեւանում տարածված լուրերի համաձայն՝ Ներսիսյանին պաշտոնի տեղավորելու հարցում օգնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որի հետ Իջեւանը 1999-2011թթ.. ղեկավարած Վ. Ներսիսյանը գտնվել է սերտ առնչությունների մեջ: Ավելի քան երկու շաբաթ անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը թափուր էր, ստորաբաժանման ղեկավար Դերենիկ Գեւորգյանն աշխատանքի չէր գնում:
Մեր տեղեկություններով՝ Դ. Գեւորգյանը նշանակվել է Երեւան քաղաքի 110 կիլովոլտ հզորությամբ էլեկտրական ենթակայանները շահագործող ձեռնարկության տնօրեն: Նա Իջեւանում պաշտոնավարեց մի քանի ամիս: Իսկ դրանից դեռեւս ամիսներ առաջ, երբ Իջեւանի քաղաքապետարանի նախկին ճարտարապետ Արթուր Հակոբյանը նշանակվեց կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, լուրեր տարածվեցին, որ հաջորդը լինելու է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում Վարուժան Ներսիսյանի նշանակումը:
Իջեւանցիները Ա. Հակոբյանի եւ Վ. Ներսիսյանի նշանակումներն արտառոց են համարում: Վ. Ներսիսյանի՝ քաղաքապետ աշխատելու տարիներին (երբ Ա. Հակոբյանը քաղաքապետարանի ճարտարապետն էր) հողային օրենսգրքի դրույթների խախտումներով Իջեւանում բազմաթիվ հողատարածքներ են սեփականաշնորհվել: Օրինակ՝ քաղաքի նախկին կենցաղի տան առջեւի կանաչապատ տարածքի 960 քառակուսի մետրը սեփականաշնորվել է Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի անունով, հետո այն վերագրանցվել Վ. Ներսիսյանի աներոջ՝ Արամայիս Ամիրյանի անունով:
Մինչդեռ հողային օրենսգքրի 60-րդ հոդվածով կանաչապատ այդ տարածքը չպետք է սեփականաշնորհվեր: 2009թ. հուլիսից ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ կապակցությամբ քննություն էր կատարել, սակայն մեղավորներ չէր գտել: ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած ՏԻՄ ընտրություններում պարտվել էր ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանին: 2011թ. դեկտեմբերի 16-ին քաղաքապետի լիազորությունները դեռ վայր չդրած՝ Վ. Ներսիսյանի ղեկավարությամբ քաղաքապետարանը Իջեւանի «Սպիտակ ջուր» ջրամբարի տարածքի անհատույց օգտագործման համար 40 տարով վարձակալության պայմանագիր էր կնքել «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ տնօրեն Արծրուն Խոջումյանի հետ, տեղի էր ունեցել անշարժ գույքի իրավունքի պետական գրանցում: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն այդ գործարքի օրինականությունը վիճարկել էր դատարանում, եւ, ի վերջո, 2014թ. լիճը վերադարձվել էր համայնքին:
Նշենք, որ Վ. Ներսիսյանը վատ հարաբերություններ ունի Տավուշի մարզպետարանի որոշ պաշտոնյաների, Իջեւանի քաղաքապետարանի ղեկավարների, բազում իջեւանցիների հետ: Նրա նոր պաշտոնավարումը, հավանաբար, լարվածություն կառաջացնի Իջեւանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 
ԼՈՒՐԵՐ

«ԱՌԱՎՈՏ»-ԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթում է գտնվում «Մ.Գեւորգյան»ՍՊ ընկերության հայցադիմումն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի: Հայցվորը պահանջում է «Առավոտ» օրաթերթից 3 միլիոն դրամ՝ ընկերության «գործարար համբավն արատավորող վիրավորանքի» եւ «ընկերության գործարար համբավն արատավորող զրպարտության» համար: Նախնական դատական նիստը դատարանը նշանակել է դեկտեմբերի 5-ին՝ ժ.11.30-ին: Հայցվորի կարծիքով՝ հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորական, զրպարտչական արտահայտություններ, որոնք նվաստացրել են գիշերային «Աֆինա» ակումբի բարի համբավը:

 

ՀԱՐՑԵՐ ՈՒՂՂԵՔ
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի, գործում է «ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին հերթական «ուղիղ կապ»-ի հյուրն է լինելու ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը, ում քաղաքացիները կարող են հարցեր ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների վերաբերյալ: Կարող եք զանգահարել ժամը 14.30-ից մինչեւ 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:

 

ՀԱԼԱԾՈՒՄ ԵՆ
«Լեսբի կանանց փորձը ցույց է տալիս, որ վերջիններս հաճախ են հետապնդվում իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով: Նրանցից 61%-ին վերբալ վիրավորանքներ են հասցվել, 31%-ի նկատմամբ բռնություն է իրականացվել, իսկ 37%-ի անձնական գույքին վնաս է հասցվել կամ ոչնչացվել : Դեռ ավելին, այս կանանց 70%-ի վրա թքել են, իսկ 24%-ին բռունցքով հարվածել եւ ծեծի են ենթարկել իրենց սեռական կողմնորոշման պատճառով: Հարցված կանանց 79%-ը կարծում է, որ իրենց սեռական կողմնորոշումն է պատճառ հանդիսացել նման գործողությունների համար»,- ասված է «ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումները Հայաստանում. Այլընտրանքային զեկույց»-ում:

 




Լրահոս